Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԾՆՈՒՆԴԸ

Սեպտեմբեր 03,2008 00:00

Երեկ Արցախի օրն էր. 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախի մարզային խորհրդի եւ Շահումյանի շրջանի պատգամավորները որոշեցին հռչակագրով ամրագրել Արցախի ինքնուրույնությունը: «Ուրբաթ» ակումբում գրող-հրապարակախոս, «Շուշի» հիմնադրամի կառավարիչ Բակուր Կարապետյանը փաստեց, թե 17 տարի առաջ ինչու կատարվեց այդ իրադարձությունը. «Օրեցօր Ադրբեջանն ավելի կազմակերպված ճնշումներ էր իրականացնում, որ կարողանա տնտեսությունը կազմակերպել: ԽՍՀՄ-ի փլուզումը մոտ էր: Եթե պետական կարգավիճակ, համապատասխան կառույցներ չլինեին՝ Արցախը չէր կարողանա ինքնապաշտպանություն իրականացնել: Սա պատմական Արցախին բնորոշ երեւույթ է, քանի որ ամեն անգամ, երբ Մեծ Հայքը կորցնում էր իր ինքնուրույնությունը, Արցախն իր ինքնությունը պահպանելու համար ստեղծում էր անկախ կամ կիսաանկախ պետական կարգավիճակ: Սա եղել է 9-րդ դարում, Հասան Ջալալյանների ժամանակ, 18-րդ դարի սկզբներին»:

«Առավոտը» Բ. Կարապետյանից հետաքրքրվեց, թե տարածաշրջանի վերջին վերաձեւումների արդյունքում այսօր Արցախի համար ի՞նչ իրավիճակ է ստեղծվել: «Հիմա աշխարհում փոքր ազգերը ձգտում են ինքնորոշվել, ինքնաճանաչվել, իրենց պատմությունն ու մշակույթը զարգացնել: Հասունանում է մի շրջան, երբ դոմինանտ երկրի ազդեցությունից դուրս գալու եւ նրա հետ նոր հարաբերություններ սկսելու անհրաժեշտություն է ծագում,- պատասխանեց հրապարակախոսը եւ հավելեց,- Արցախի դեպքում մի առաջարկություն կար, որ այն ընդհանուր երկիր դառնա, հարաբերություններ ունենա եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հետ: Ի վերջո, երկու կողմն էլ սրան պիտի գան, քանի որ ուրիշ ելք չկա: Ադրբեջանը Արցախը ուժով նվաճել չի կարողանա, քանի որ այսօր Արցախի բանակը ամենամարտունակն է, իսկ մենք պիտի ճկուն դիվանագիտություն վարենք, օրինակ՝ Գյուլը գալիս է Հայաստանին համոզելու, որ կովկասյան հանրապետությունների հետ մի միություն ստեղծեն, ուր չկա Իրանը: Ճիշտ կլինի, որ Հայաստանը առաջարկի՝ Իրանը սուբյեկտ դառնա: Պիտի ճանաչված կամ չճանաչված պետությունները եւս ընդգրկվեն այդ միության մեջ, օրինակ՝ Արցախը, Աբխազիան, Հարավային Օսեթիան»: Հարցին, թե ինչպե՞ս է Բ. Կարապետյանը գնահատում դաշնակցության պահվածքը Գյուլի՝ Հայաստան այցի կապակցությամբ, պատասխանեց. «Նա եթե դա չաներ, իր ամբողջ գործունեության վրա խաչ քաշած կլիներ: Բայց նրա քայլը որոշիչ չէ, որոշում է պետությունը: Իսկ եթե թուրքերը չընդառաջեն, չգան, նրանք շատ խնդիրներում տանուլ կտան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել