Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք մարզիկները երկյուղել են հայերից

Սեպտեմբեր 03,2008 00:00

1905 թվականին հայ ֆուտբոլային թիմը 5:0 հաշվով հաղթել է թուրքական «Գալաթասարային», մնում է՝ նույն հաշվով հաղթի սեպտեմբերի 6-ին:

Սեպտեմբերի 6-ին կայանալիք հայ-թուրքական ֆուտբոլային հավաքականների հանդիպմանն ընդառաջ՝ երեկ ԳԱԱ-ի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» խորագրով միջոցառումը: Մինչեւ սեպտեմբերի 15-ը ինստիտուտի ցուցադրությունների սրահում կներկայացվեն Օսմանյան կայսրության տիրապետությունից մինչեւ ցեղասպանություն՝ հայկական մարզական ակումբների եւ ֆուտբոլային թիմերի ձեւավորմանը վերաբերող շուրջ 70 լուսանկար, փաստաթղթեր, պարբերականներ:

Ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ներկայացնելով արխիվային բոլոր փաստաթղթերը, պատմեց. «1911-14 թվականների ընթացքում Կոստանդնուպոլսում կազմակերպված հայկական օլիմպիական խաղերի ժամանակ, համաձայն սահմանված ռեկորդների, հաղթողները ստանում էին արծաթե մեդալներ: Ոգեւորությունն այնքան մեծ էր, որ Ադանայում մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը կազմակերպվեցին Կիլիկյան օլիմպիական խաղեր: 1911-14թթ. ընթացքում լույս տեսնող «Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիր Շավարշ Քրիսյանը ցանկանում էր, որ ստեղծվի համահայկական միություն: Վերջինս նաեւ ջատագով էր, որ ստեղծվի առանձին հայկական ֆուտբոլային լիգա: Ստամբուլում այն ժամանակ կային բազմաթիվ լիգաներ: Եթե նայենք խաղերի աղյուսակը, կտեսնենք 7-8 թիմի անուն, որոնցից 5-ը հայկական թիմ է, մեկը հունական է, իսկ մյուսը՝ այսօրվա թուրքական «Գալաթասարան»: Հայկական «Բալթալիման» եւ թուրքական «Գալաթասարա» թիմերի միջեւ եղած առաջին պատմական խաղը տեղի է ունեցել 1905 թվականին, որի արդյունքում հայկական թիմը 5:0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել հայտնի «Գալաթասարային»: «Առավոտի» հարցին, թե Օսմանյան կայսրության սպորտի պատմության մեջ հայկական սպորտն ի՞նչ ներդրում է կատարել, Հ. Դեմոյանը պատասխանեց. «Պրոֆեսիոնալ կրթություն ստացած առաջին մարզիկները հայեր են եղել, առաջին մարզական թերթը եւս հայերն են հրատարակել: Օլիմպիական խաղերին Թուրքիան առաջինը ներկայացրել են հայ մարզիկները: Հայկական մարմնամարզական ակումբների, թիմերի քանակն ավելի մեծ է եղել, քան թուրքականը, միայն Պոլսում՝ 40 էր, իսկ ողջ կայսրության մեջ՝ հարյուրից անցնում էր: Հայկական թիմերը կրել են բացառապես հայկական անուններ՝ «Տորք», «Վահագն», «Արաքս»: Հայերը մասնակցում էին նաեւ միջազգային մրցումներին: 1912 թվականին Իզմիրի «Հայ որսորդաց ֆուտբոլային թիմը» շահեց արծաթե գավաթը: Իսկ հանրապետական Թուրքիայի սպորտի պատմության մեջ հայ սպորտսմենների ավանդն ու դերը կրկին մեծ է՝ բռնցքամարտ, թեթեւաթլետիկա, բասկետբոլ եւ այլն»:

Պարոն Դեմոյանի փոխանցմամբ՝ 1913-1914 թթ. երիտթուրքական կառավարությունը, որդեգրեց եւ հետեւողականորեն իրականացրեց ծրագրված շովինիստական քաղաքականություն՝ հաջողակ եւ մրցակիցներ ունեցող հայ մարզիկներին վերացնելով՝ մեկուսացնելու եւ հայկական ակումբները փակելու ուղղությամբ, ինչն, ըստ պատմաբանի, նրանց հաջողվեց: Այս հանգամանքին նպաստել է նաեւ այն, որ ցեղասպանություն իրականացրած պաշտոնյաներից մեկը՝ Էնվերը, թուրքական սկաուտական շարժման ղեկավարն էր, Թալեաթն էլ ղեկավարում էր թուրքական մարմնամարզական ակումբները: «Թուրքական աղբյուրներում հստակ տրվում է ձեւակերպումը. պայքարել փոքրամասնությունների սպորտային հաջողությունների դեմ»,- հայտնեց Հ. Դեմոյանը:

Ցեղասպանության ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հիմնավորմամբ են թուրքերը մեկուսացրել հայ մարզիկներին եւ, ընդհանրապես, հայ-թուրք մարզիկների փոխհարաբերություններն ինչպիսի՞ն են եղել: Ս. Մանուկյանը պատասխանեց. «Թուրքական մամուլում բացահայտ հոդվածներ կան, ուր նշվում է, որ «հայերը մեզ հաղթում են, նշանակում է իրենք ֆիզիկապես ուժեղ են մեզնից»: Երբ երիտթուրքական հեղափոխությունից հետո Թուրքիայում թույլատրվեց զբաղվել սպորտով, հայերը մեծ հաջողությունների հասան: Նրանք ունեին պատրաստի ակումբներ, իսկ թուրքերը ընդունում էին նրանց առաջատարությունը: Մենք ունենք նկարներ, որտեղ Թուրքիայի նորաստեղծ օլիմպիական կոմիտեի նախագահը նկարվել է հայ մարզիկների հետ: Ընդ որում, 1912թ. Ստոկհոլմի օլիմպիական 5-րդ խաղերի ժամանակ Օսմանյան կայսրությունը ներկայացնում էր 2 հայ մարզիկ: Նրանք նույնիսկ թուրքական դեսպանատանը դժգոհում են, թե ինչո՞ւ իրենց չեն տվել կայսրության դրոշը: Վազքի մրցումների ժամանակ Վահրամ Փափազյանը 1500 մետր վազքի մինչեւ վերջին հատվածը առաջինն է եղել, բայց սայթաքել է եւ պարտվել: Իսկ Մկրտիչ Մկրյանը թեթեւ ատլետիկայի նույն մրցույթում 4-րդ տեղն է գրավել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել