Երեկ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը լրագրողներին ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տարբերանշանը եւ բոլոր հավաքականների նոր մարզահագուստը:
Նա ընդգծեց, որ նոր տարբերանշանը խորհրդանշում է պետության նոր մոտեցումները, սատար կանգնելու նրա պատրաստակամությունն ընդհանրապես՝ սպորտին եւ մասնավորապես՝ ֆուտբոլին: Իսկ գնդակը, որը ենթադրում է շարժում եւ «ՀՖՖ» հապավումը խորհրդանշում են ֆուտբոլի զարգացումը մեր երկրում եւ ֆեդերացիայի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության ճանաչմանը սատար կանգնելու եւ ֆուտբոլում նորանոր հաջողություններ գրանցելու պատրաստակամությունը: «Ինչ վերաբերում է մարզահագուստի տարբերակներին, դրանց դիզայնը մեր տեխնիկական հովանավորի հետ միասին պատմության մեջ առաջին անգամ մշակվել է բացառիկ սկզբունքով ու այն կրելու են Հայաստանի ֆուտբոլի բոլոր հավաքականները: Հուսանք, որ նոր մարզահագուստը կլինի նոր հաջողությունների գրավականը»,- ասաց Ա. Մինասյանը:
Շնորհանդեսին հաջորդեց ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Հարցերը բազմազան էին ու ներառում էին ոչ միայն մարզական, ֆուտբոլային, այլեւ քաղաքական թեմաներ: Մասնավորապես, Ռ. Հայրապետյանը նշեց, որ ի տարբերություն տարածվող այն լուրերի, թե Թուրքիայի նախագահի թիկնազորն այս օրերին «Հրազդան» ստադիոնում ծանոթանում է իրենց նախագահի անվտանգությունն ապահովելու հնարավորություններին, իրականում այդ գործով զբաղվում է ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունը: «Իսկ թե պարոն Գյուլը գալո՞ւ է Հայաստան, թե՞ ոչ, այդ հարցին ճշգրիտ կարող է պատասխանել, թերեւս, արտգործնախարարությունը: Իմ խնդիրները զուտ ֆուտբոլային են»,- ասաց նա: Հարցին, թե օլիմպիական կոմիտեի օրինակով հաղթանակի դեպքում ֆուտբոլիստներին դրամական խրախուսանք նախատեսվո՞ւմ է, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Շատ որոշակի ու երկու օրից բոլորդ ավելի հստակ կիմանաք»: Անդրադառնալով հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մարզավիճակին՝ ՀՖՖ նախագահը նշեց, որ տղաների հետ ինքն անձամբ է հանդիպել, որ բոլորն էլ տրամադրված են մարտականորեն: Իսկ հավաքականի գլխավոր մարզչից տեղեկացել է, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստ չկա, բոլորն էլ նորմալ մարզավիճակում են ու ինքը գոհ է:
Հարցերի ճնշող մեծամասնությունը վերաբերում էր ֆուտբոլային տոնին քաղաքական երանգ հաղորդելու՝ որոշ ուժերի մտադրության, տրիբունաներում հայ եւ թուրք ֆուտբոլասերների (ըստ տեղեկությունների, բավականին մեծ թվով թուրք ֆուտբոլասերներ են գալու այդ խաղին) անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Պատասխանելով դրանց՝ Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Եթե քաղաքական երանգ հաղորդել ասելով նկատի ունեք դաշնակցության կազմակերպելիք հանրահավաքները եւ ակցիաները, նրանք դա անելու են Արցախի անկախ պետականության 17-ամյակի առիթով: Իսկ եթե խոսքը վերաբերում է խաղի ժամանակ ինչ-ինչ պաստառներ պարզելուն, նման բաներ չենք թողնելու: Այդ օրը զուտ ֆուտբոլային, մարզական տոն է լինելու: Նախապես պատրաստվել էինք նաեւ Թուրքիայի հավաքականի երկրպագուներին դիմավորելու: Նրանց համար առանձնացված էր երեք հազար տոմս: Սակայն նրանց ֆեդերացիան պաշտոնապես տեղեկացրել է, որ ինքը հրաժարվում է այդ տոմսերից: Հետեւաբար, մարզասերների սպասվող քանակություն «Հրազդան» ստադիոնում չի լինի»:
Կարդացեք նաև
Վերջում ՀՖՖ նախագահը լրագրողներին դիմեց հետեւյալ հորդորով. «Սեպտեմբերի 6-ը Հայաստանում ֆուտբոլային մեծ տոն է լինելու: Դիմում եմ մեր ժողովրդին, ֆուտբոլասերներին, որպեսզի գան, սատարեն ու աջակցեն մեր հավաքականին: Ուզում եմ նաեւ, որ դուք՝ լրատվամիջոցներդ մեզ աջակցեք, որպեսզի ժողովուրդը գա ստադիոն, ազգային հավաքականին աջակցի ակտիվ, բայց նաեւ քաղաքակիրթ ձեւով, որպեսզի ավելորդ ու անցանկալի դրսեւորումներ չլինեն ու չկրկնվի մինչեւ 21 տարեկանների խաղի ժամանակ տեղի ունեցածը: Նկատի ունեմ նստարաններ կոտրելը: Այդ օրը նաեւ աշխարհի առջեւ Հայաստանի հեղինակության պահպանման ու բարձրացման օրն է լինելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ