Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենսագիր բառը չօգտագործե՛նք»

Սեպտեմբեր 03,2008 00:00

\"\"Գոհար Գասպարյանի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը անդրադարձողներից պահանջում է մեծանուն երգչուհու դուստր Սեդա Գասպարյանը:

«Առավոտի» օգոստոսի 8-ի եւ 20-ի «Գոհար Գասպարյանը մեկին էր վստահել» եւ «Գոնե Հուդայի ազնվություն ունեցեք» հոդվածներում ներկայացված էր կենսագիր դառնալու մերօրյա մրցավազքի մասին, որի կենտրոնում մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանն է: Հիշեցնենք, որ «կենսագիրացուները» 3-ն են՝ Սերգեյ Առաքելյան, Ռոբերտ Դավթյան եւ Արմինե Մելիք-Իսրայելյան: Հրապարակումներից հետո արձագանքողները միանշանակ ողջունում էին երեքին էլ, նշելով, որ հնուց ի վեր անհատականությունները մենակ չեն եղել հիշողության ու պատմության առջեւ, միշտ եղել են մարդիկ, ովքեր հետեւել են մեծությունների կյանքին՝ դառնալով նրանց տարեգիրներն ու կենսագիրները: Հայտնի են Վարդան Աճեմյանի կենսագիրը՝ Սաբիր Ռիզաեւը եւ Հովհաննես Չեքիջյանի կենսագիրը՝ Անժելա Հովհաննիսյանը: Այսօր այդ ավանդույթը պահպանվում է հայտնի օպերային տենոր Գեղամ Գրիգորյանի դեպքում. նրա արխիվարիուսն է ռեժիսոր-օպերատոր Էդուարդ Եդիկիսելովը:

Մեր հրապարակումներից հետո զայրացած խմբագրություն այցելեց Գոհար Գասպարյանի դուստրը՝ Սեդա Գասպարյանը: Ըստ վերջինիս, պետք չէ ոմանց անունները կապել մեծանուն մարդկանց հետ՝ հռչակելով կենսագիրներ: Նա խնդրեց այլեւս իր մոր դեպքում չօգտագործել կենսագիր բառը, միեւնույն ժամանակ ասելով, որ Գ. Գասպարյանի հայաստանյան կյանքին ու ստեղծագործության մասին ամենատեղեկացված անձը Սերգեյ Առաքելյանն է. «Նա կազմակերպել է երգչուհու ստեղծագործական երեկոները, որտեղ մշտապես ելույթ է ունեցել ներածական խոսքով: Ի վերջո, նա մեր ընտանիքի բարեկամն է»: Տիկին Սեդային վրդովեցրել էր մեր օրաթերթում տպագրված Արմինե Մելիք-Իսրայելյանի՝ Գոհար Գասպարյանի կողմից տրված լիազորագիրը: «Ինչպե՞ս կարելի էր հրապարակել մի թղթի կտոր, որը չունի իրավաբանական հիմք, որում շարադրվածը բնորոշ չէ մորս, էլ չեմ ասում ստորագրության մասին: «Առավոտից» տեղեկացա, որ այդ աղջիկը պատրաստվում է թողարկել նաեւ Գոհար Գասպարյանի ձայնագրությունների CD-ն, ինչի իրավունքը չունի»,- ասաց տիկին Սեդան: Ինչպես վկայում է մեր զրուցակիցը, Գ. Գասպարյանի կենսագիրը դառնալու դափնին պատկանում է Ս. Առաքելյանին, սակայն դա չի նշանակում, որ ուրիշներն իրավունք չունեն գրելու մեծանուն երգչուհու մասին, միայն թե կենսագրի կամ տարեգրի թիկնոցները չպետք է առնեն իրենց ուսերին:

Հիշեցնենք, որ «Առավոտին» հաջողվել էր գտնել 1994 թ. Թատերական գործիչների միության նախագահ Խորեն Աբրահամյանին ուղղված անվանի երգչուհու խնդրանքը՝ իր մասին նախաձեռնած գրքի հրատարակությունը վստահել իր կենսագրին՝ Սերգեյ Առաքելյանին: Տիկին Սեդան նշեց նաեւ, որ ինքը հարգանքով է լցված այն հեղինակների հանդեպ, ովքեր անդրադարձել են եւ դեռ կանդրադառնան Գոհար Գասպարյան մեծությանը: Երգչուհու մասին պատմող առաջին գիրքը լույս է տեսել 1956թ.՝ երաժշտագետ Ալեքսանդր Թադեւոսյանի հեղինակությամբ եւ մոտ 50 տարի հետո սկսեցին տպագրվել «կենսագիրացուների» գրքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել