Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԲԻՈՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԻՆԵՄ»

Սեպտեմբեր 03,2008 00:00

Պաշտոնանկությունից հետո իր ապագան այսպես է պատկերացնում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը

ՄԱԱ երեկվա հյուրն էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա խոսեց համալսարանի սուղ բյուջեի (17-18 մլն դոլար), կենտրոնացված համակարգով անցկացված քննությունների, անգամ տարկետման իրավունքով թափուր տեղերի, բնագիտական առարկաների գծով դիմորդների հետաքրքրության պակասի, դասաժամերի ընթացքում անհարկի սեփական ընտանիքը գովերգող կամ բանաստեղծություններ արտասանող դասախոսների մասին: Նշեց նաեւ, որ գոհ է աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետներից, հատկապես «բում» է եղել քարտեզագրություն եւ կադաստրային գործ մասնագիտությունների գծով:

Ռեկտորն անդրադարձավ նաեւ վարչապետի հայտնի հայտարարությանը՝ քաղաքական կրքերը բուհական եւ դպրոցական համակարգ տեղափոխելուն: Ռեկտորին հիշեցրինք, որ ընտրությունների շրջանում ԵՊՀ-ն ամենաքաղաքականացված բուհն էր, սակայն, ինչպես եւ սպասվում էր, Ա. Սիմոնյանը չհամաձայնեց «Առավոտի» հետ: «Ես դրա հետ կատեգորիկ համաձայն չեմ, համալսարանը չի կարող լինել քաղաքականացված, քանի որ մենք պետական հիմնարկ ենք, իսկ օրենքն արգելում է քաղաքական որեւէ բջջի գործունեությունը բուհում: Ինչպես ԵՊՀ-ում եւ ուզածդ բուհում, պետք է արգելել քարոզչությունը: Ես եւ նախորդ ռեկտորը համաձայն չենք եղել, որ որեւէ քաղաքական հեղինակություն ԵՊՀ-ում քարոզչություն ծավալի: Ինչ վերաբերում է բուհի առանձին անդամներին, որեւէ մեկը նրանց չի հանձնարարել քարոզչությամբ զբաղվել: Եվ հետո բուհի անդամները, լինեն դասախոս, թե ուսանող, կրթական գործընթացներից զատ, ազատ ժամանակ ինչ քաղաքական գործունեությամբ ուզում են՝ թող զբաղվեն, դա իրենց իրավունքն է»,- ասաց բանախոսը:

Ա. Սիմոնյանին հիշեցրինք, թե ինչպես էին նախընտրական շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ գրքույկներ բաժանում իր ղեկավարած բուհում՝ իր իսկ հրահանգով: «Գրքույկներ, այո, բաժանվել են «Ռուսկի միրի» մեր կենտրոնի գծով: Բայց բազմաթիվ նյութեր էլ, թռուցիկների ձեւով, ընդդիմության կողմից են համալսարանում տարածվել: Օրեր էին լինում, երբ նստարանների տակ, դարակներում թռուցիկներ էինք հայտնաբերում: Ամեն դեպքում, ես որպես ԵՊՀ ղեկավար, դեմ եմ, որ քարոզչական նյութեր բաժանվեն համալսարանում»,- պատասխանեց նա: Նաեւ հավաստիացրեց, որ իբր ոչ մի ուսանող կամ դասախոս իր քաղաքական հայացքների համար չի հեռացվել: Վկայակոչեցինք դասախոս Սասուն Սարիբեկյանի հայտնի պատմությունը: Ռեկտորը համառեց. «Սասուն Սարիբեկյանը քաղաքական հայացքների համար չի հեռացվել, հեռացվել է իր դասախոսական պարտականությունները չկատարելու համար: Նա իր դասը օգտագործում էր ոչ թե տնտեսական աշխարհագրություն կամ աշխարհագրության որեւէ մաս դասավանդելու, այլ քարոզչության համար, ինչի պատճառով բազմիցս զգուշացվել է: Նույնիսկ կանչել եմ, առանձին հետը խոսել, բայց՝ ապարդյուն.. Այլ մարդկանց անուններ էլ են տալիս, օրինակ՝ արաբագիտության ամբիոնի վարիչ Կարաբեկյան Սամվելի անունը, դա էլ է հեռու ճշմարտությունից: Կարաբեկյան Սամվելը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Հետո նա քաղաքական պինդ «խարակտեր» ունեցող մարդ է, նրան ոչ ոք չէր կարող ճնշել…»: Խնդրեցինք մեկնաբանել իր պաշտոնանկության մասին լուրերը: «Շատ հանգիստ եմ վերաբերվում դրանց, որովհետեւ ինձ ոչ ոք չի կարող պաշտոնանկ անել՝ բացառությամբ ԵՊՀ կառավարման խորհրդի»: Ա. Սիմոնյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ իր եւ պրոռեկտոր Արսեն Քարամյանի միջեւ լուրջ հակասություններ կան, եւ հետո գիտական թեզ չպաշտպանած Քարամյանն իրավունք ունի՞ ԵՊՀ պրոռեկտոր աշխատելու: «Մեր հակասությունների մասին լուրերը լրագրողների հնարածն են, եթե հակասություն լիներ՝ իրար հետ չէինք աշխատի: Ինչ վերաբերում է նրա՝ պաշտպանած չլինելուն, այո, այդպես է: Եթե պրոռեկտորը ուսանողական հարցերով է, կարող է աշխատել, դա որոշում է ռեկտորը»:

«Առավոտի» հաջորդ հարցին՝ արդյո՞ք ԵՊՀ-ում ամենակաշառակերը արտասահմանյան գրականության դասախոս Կարլեն Մատինյանն էր, որ միայն նա կալանավորվեց, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում՝ ամենակաշառակերն էր, բայց հաստատ ամենակաշառակերներից էր: Ես վերջին երկու տարում նրան զրկել էի պետական քննություններ ընդունելուց: Արտեմ Հարությունյանն էլ է նույն պատճառով ազատվել աշխատանքից, բայց ինչպես նա, այնպես էլ Մատինյանը որպես մասնագետ լավագույններից են»: Պարզաբանում խնդրեցինք մեկ այլ վարկածի առիթով, ըստ որի՝ ԵՊՀ ռեկտորությունը «թողնելուց» հետո Ա. Սիմոնյանը հայտնվելու է ԳԱԱ նախագահի աթոռին: «Չեմ կարծում, թե կարող եմ ԳԱԱ-ում լինել նախագահ, որովհետեւ ես ԳԱԱ-ից շատ ավելի լավ հիմնարկում եմ աշխատում: Բացի այդ, ինձ պատկերացնում եմ ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում, երբ թողնեմ ռեկտորի պաշտոնը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել