Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացի է՝ միայն «օդի» մեջ

Սեպտեմբեր 03,2008 00:00

Ներկա իշխանությունը եւս հրաժարվում է օգնել ԽՍՀՄ անձնագրի հույսին մնացած նախկին զինծառայողին:

Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ, Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի նախկին զինծառայող Մելիքսեթ Գաբոյանը դժգոհում է, որ ՀՀ ոստիկանության եւ վիզաների վարչության նորանշանակ պետ Ն. Մուրադխանյանը եւ ՀՀ նորընտիր նախագահն իր քաղաքացիություն ստանալու հարցը կարգավորելու փոխարեն՝ իր դիմում-բողոքներին անհեթեթ պատասխաններ են ուղարկում:

Գաբոյանը հայտնվել է անելանելի վիճակում. նա 2004 թ. հեռացվել է աշխատանքից՝ անօրեն կերպով զրկվելով նաեւ ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունքից: Միաժամանակ՝ չի կարող ստանալ նաեւ ՀՀ քաղաքացիություն, քանի որ զորամասի ռուս պաշտոնյաները միտումնավոր հրաժարվել են դնել նրա զորացրման կնիքը, ինչը պարտադիր պայման է Ախուրյանի զինկոմիսարիատում հաշվառման կանգնելու եւ անձնագիր ստանալու համար:

Գաբոյանի բնութագրմամբ, ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվում են իրեն ՌԴ քաղաքացի ճանաչել, ՀՀ իշխանություններն էլ, ռուսներին «զոհ» գնալով, իրեն ՀՀ քաղաքացի ճանաչում են միայն «օդի» մեջ: «Երեւի Ղարաբաղի հարցը ավելի հեշտ է լուծել, քան իմ քաղաքացիություն ստանալու հարցը: Ես իմ սեփական երկրում դատապարտված եմ՝ միայն թե դատավճիռ չունեմ, որ գլխիս գալիքն իմանամ, իսկական «բոմժի» կարգավիճակում եմ հայտնվել, արդեն չորս տարի է՝ ընտանիքիս մի կոպեկով չեմ կարող օգնել, անձնագիր չունեմ՝ հրաժարվում են ինձ գործի ընդունել, չեմ կարող ոտքս գյուղից դուրս դնել՝ սահմանափակվել է իմ ազատ տեղաշարժման իրավունքը: Դիմում եմ ՌԴ պաշտոնյաներին՝ Պուտինի ադմինիստրացիայից ինձ պատասխանում են, որ եթե չունես այլ քաղաքացիություն, կարող ես ստանալ ՌԴ քաղաքացիություն, նույնը պատասխանում են նաեւ ՌԴ դեսպանատնից՝ առաջարկում են գնալ ՌԴ եւ քաղաքացիություն ստանալ ընդհանուր հիմունքներով, իսկ երբ դիմում եմ հայ պաշտոնյաներին՝ նույն վայրկյանին օդի մեջ ինձ ՀՀ քաղաքացի են ճանաչում: Վերջերս հանդիպեցի անձնագրային վարչության նորանշանակ պետի հետ: Նա պնդեց, որ ես ՀՀ քաղաքացի եմ: Ես էլ նույն վայրկյանին անձնագիր պահանջեցի, նա էլ առաջարկեց, թե գնա զորացրման կնիքդ խփել տուր՝ քեզ անձնագիր տանք: Չգիտեմ էս մարդը իրո՞ք չի հասկանում, թե ինչու եմ ես օրումեջ դիմում երկրի նախագահին, վարչապետին, ոստիկանապետին, դատախազին, էլ տեղ չմնաց, որ չդիմեմ, մի՞թե էդքան պարապ եմ, որ ամեն օր փող պիտի ծախսեմ ու մայրաքաղաք հասնեմ: Չէ՞ որ իմ պրոբլեմը հենց էն է, որ հրաժարվում են զորացրման կնիք խփել, որի պատճառով էլ սկզբում Չարբախում գտնվող ՌԴ-ի 5-րդ դատարան դիմեցի, այնուհետեւ՝ Դոնի Ռոստովի վճռաբեկ դատարան: Մի խուլիգանություն էլ այստեղ է կատարվում, ՀՀ դատարանները փառք են: Կրակն ընկա՞, որ տեսա, թե ինչպես է գնդապետ Ուսովը կովերը Հայաստանից Թուրքիա տեղափոխում կամ, ասենք, զորամասում հայերին ստրուկի տեղ էին դնում ու ռուսների համեմատությամբ մեզ չնչին աշխատավարձ էին հատկացնում: Հասկանում եմ՝ հայերը էդքան «դուխ» չունեն, որ իրենց երկրի մեջ կանխեն ռուսների անօրեն արարքները, չեն ուզում նեղացնել իրենց «բարեկամներին», բայց ես ինչո՞վ եմ մեղավոր, որ ՀՀ քաղաքացի չեմ, որպեսզի ես այլ երկրի քաղաքացիություն ստանամ, կամ թող բարեհաճեն կուլ չգնալ ռուսներին ու ինձ ՀՀ քաղաքացի ճանաչեն»,- զայրանում է Մելիքսեթ Գաբոյանը: Վերջինս ցնցված է նաեւ Սերժ Սարգսյանին ուղարկած իր նամակի պատասխանից: Նախկին զինծառայողի բնութագրմամբ, ՀՀ նախագահի դիմում-բողոքների բաժնի վարիչ Ա. Ասատրյանը Գաբոյանի հետ հանդիպման ժամանակ «վրա է պրծել ու հայտարարել՝ մեղավորը դուք եք, ՀՀ նախագահը ոչնչով չի կարող ձեզ օգնել»: «Այս տիկինը երեւի չի հասկանում, որ իր պատասխանով խայտառակում է երկրի նախագահին, մի՞թե Սերժ Սարգսյանն էնքան անզոր է, որ չի կարող մի «անտեր» քաղաքացու հարց լուծել: Եթե իրոք այդպես է, ապա նախագահն ինչպե՞ս պետք է լուծի երկրի հարցերը, ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիներն իրենց ընտանիքների բախտն ու ճակատագիրը վստահել նրան: Հարգարժան նախագահ, խնդրում եմ ինձ ազատեք պատանդի կարգավիճակից, այսպես ապրել այլեւս չեմ կարող, ես երեք երեխա ունեմ. կամ իմ ընտանիքն արտաքսեք երկրից, կամ մի միջոց գտեք ու ինձ քաղաքացիություն տրամադրեք»,- խնդրում է նախկին զինծառայողը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել