Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ՝ ԱՐՇԱԼՈՒՅՍՈՒՄ

Սեպտեմբեր 03,2008 00:00

\"\"Դպրոցականներին մեծ անակնկալ մատուցեց գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը

2008 թվականի Սեպտեմբերի 1-ը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի դպրոցականները դեռ երկար կհիշեն: Նրանք ամառային արձակուրդից առաջ ունեին քանդված, ավերված, հակասանիտարական պայմաններում գտնվող մի դպրոց, իսկ այսօր անգամ մայրաքաղաք Երեւանի դպրոցները կնախանձեն Արշալույսի՝ Սամվել Գրիգորյանի անվան դպրոցին:

«Երբ իմ ուսուցիչներին ասում էի, թե ինչու եք շուտ գնում տուն, դեռ գործեր կան, ասում էին՝ դպրոցում երկար մնալու որեւէ պայման չկա: Ո՛չ ջուր կար, ո՛չ զուգարան, ո՛չ մարդավարի աշխատելու պայմաններ: Իսկ ահա այսօր ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի, նրա եղբոր՝ նորընտիր գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի շնորհիվ մենք հրաշքի ականատես եղանք: Մենք այսօր բոլորովին այլ դպրոց ունենք: Նոր ջրագիծ է անցկացվել, հիմնանորոգվել են դասասենյակները: Ունենք նորագույն սարքավորումներով հագեցած ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիա, որի նմանը ամբողջ մարզում չկա, մեր ճաշարանը, ուսուցչանոցը, գրադարանը… եւ այս ամենը ընդամենը 3 ամսում: Սա իսկապես հրաշք է»,- մեզ հետ զրույցում սեպտեմբերմեկյան բարձր տրամադրությամբ նշեց դպրոցի տնօրեն Էմիլ Եղիազարյանը: Նա շատ էր ոգեւորվել ու անվերջ կրկնում էր, թե երջանիկ է, որ այնպիսի դպրոցի տնօրեն է, որտեղ աշխատելը անասելի հաճելի է: Այսպես պատմելով, ներկայացնելով, թե քանի միլիոններ են Գրիգորյանները ծախսել դպրոցի վերանորոգման վրա, մենք հասանք պարոն Եղիազարյանի աշխատասենյակ: «Ահա իմ աշխատասենյակը, որը նախկինից շա՛տ տարբեր է»,- ասաց դպրոցի տնօրենն ու հենց մեր ներկայությամբ սեպտեմբերի 1-ին հաստատեց դասացուցակը՝ ասելով. «Ողջ կյանքս երազել եմ սեպտեմբերի 1-ին ունենալ կազմված դասացուցակ: Ահա այն իմ ձեռքին է ու ես իմ ստորագրությամբ, կնիքով կհաստատեմ»: Գոհունակության ժպիտներով էին ընդգծված նաեւ դպրոցի ուսուցիչների դեմքերը: Մանկավարժի համար նորմալ աշխատանքի բոլոր պայմանները ամենաբարձր մակարդակով կամ, ինչպես ասում են՝ եվրոչափանիշներով ապահովված են:

Բայց միայն դպրոցի վերանորոգումը չէ, որ արվել է Գրիգորյան եղբայրների կողմից: Հենց 61 առաջին դասարանցիները մտան դպրոց՝ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի կողմից ստացան անվճար գրենական պիտույքներ ու պայուսակներ: ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն էլ, սեպտեմբերի 1-ից սկսած, անվճար ավտոբուսներ է տրամադրում գյուղի ուսանողներին՝ մայրաքաղաք գնալ-գալու համար: Նրա նախաձեռնությամբ բացվել է «Արշալույս» հիմնադրամ, որտեղ հենց իրենք էլ փոխանցում են գումարներ՝ գյուղացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես տեղեկացանք գյուղապետարանից, Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանն իր աշխատավարձը ամբողջությամբ փոխանցում է բացված հիմնադրամին: Փոքր եղբորից հետ չի մնում նաեւ բանակային N կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Գրիգորյանը՝ Ակոն: Նա եւս իր աշխատավարձից անպայման բաժին է հանում հիմնադրամին, որպեսզի արշալույսցուն որեւէ կերպ կարողանա օգնել: Մի խոսքով, Հանրապետական կուսակցության Արմավիրի մարզխորհրդի նախագահ Հրանտ Գրիգորյանն ամեն ինչ անում է իր երեք եղբայրների հետ՝ Արշալույսը օրինակելի համայնք դարձնելու համար: Եվ, ի տարբերություն հայկական սովորույթների, դա Գրիգորյաններն անում են ընտրություններից հետո, ոչ թե առաջ՝ մարդկանց քվեները մուրալու համար: Այսպիսի բան, հավատացեք, Հայաստանում քիչ է լինում:

Այսօր՝ մայիսի 25-ին կայացած ընտրություններից 3 ամիս հետո, անզեն աչքով կարելի է նկատել, թե ինչքան դրական փոփոխություններ են կատարվել Արշալույս գյուղում: Այն օրից, երբ գյուղապետ է ընտրվել Զարզանդ Գրիգորյանը, գյուղում անխափան աշխատում են ցայտաղբյուրները, ավազապատվել են գյուղի բոլոր փողոցները՝ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի միջոցներով… Մի խոսքով, նկատելի է, որ հոգատար ձեռք կա Արշալույսում, որ գյուղապետն ավելի շատ մտածում է գյուղի, քան սեփական գրպանը հարստացնելու մասին: Անշուշտ, ուրախալի է, որ մեր երկրում կան այսպիսի համայնքներ: Մեզ մնում է հուսալ, որ Արշալույսի օրինակը վարակիչ կլինի մյուս համայնքների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել