Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաթուղթը հի՞ն է

Սեպտեմբեր 03,2008 00:00

Արարատի քաղաքապետարանը հրաժարվում է հատկացնել հասանելիք բնակարանը

«Տարիներով պայքարում եմ, որ օրենքով ինձ հասնող բնակարանն ու ավտոտնակը ստանամ, բայց պաշտոնյաները տարբեր պատճառաբանություններով մերժում են, միայն թե ոչ մի բան չտան: Խեղճ կին են տեսել ու ոնց ուզում՝ վարվում են»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էր դիմել Արարատ քաղաքի բնակիչ Սիրվարդ Կիրակոսյանը: Դեռեւս Արարատ քաղաքի Գազի հիմնարկությունում աշխատելու տարիներին՝ 1992թ., որպես բարելավում նա 2 սենյականոց բնակարան է ստացել Արարատի Օրջոնիկիձե 15/10 հասցեում: Եվ մինչ շինարարները Ս. Կիրակոսյանի բնակարանը վերջնական տեսքի կբերեին, տանտիրոջ փոխարեն բնակարանամուտ է տոնել Բաքվից բռնագաղթած մի ընտանիք: Ս. Կիրակոսյանի պատմելով՝ 4-5 անգամ ոստիկանության օգնությամբ այդ ընտանիքին դուրս է հանել իր բնակարանից: Քանի որ տիկինը պետք է մեկներ Սանկտ Պետերբուրգ՝ բուժվելու, եւ որպեսզի իր բացակայության ընթացքում այդ փախստական ընտանիքը կրկին ապօրինի չտիրանա բնակարանին, Ս. Կիրակոսյանը Օրջոնիկիձե 15/10 բնակարանը հանձնել է Արարատի քաղխորհրդի գործկոմին, որի հետ էլ պայմանագիր-պարտավորագիր է կնքել՝ հետագայում Արարատի Շահումյան 37 հասցեում կառուցվող շենքից նոր բնակարան ստանալու պայմանով: Մի քանի տարի Շահումյան 37 շենքի շինաշխատանքները դադարեցված են եղել: Սակայն 1996-ից երբ վերսկսվել են՝ արդեն կառուցված 4 մուտքերից Ս. Կիրակոսյանին այդպես էլ բնակարան չեն հատկացրել: Եվ քանի որ շենքի 2 մուտքն էլ դեռ պետք է կառուցվեր, Ս. Կիրակոսյանը գործկոմի հետ կնքած պայմանագրով եւ որոշումով ներկայացել է Արարատի քաղաքապետարան, որտեղից նրան պատճառաբանել են, թե 1992թ. գործկոմի հետ կնքած պայմանագիրը հին է եւ որ նրան Շահումյան 37 շենքում բնակարան չի հասնում: «Նախկին քաղաքապետն ասաց՝ դեռ քո հերթը չի, մի քիչ էլ սպասի, ես էլ սպասում էի: Հիմա էլ նոր քաղաքապետ Աբրահամ Բաբայանն ընդհանրապես հրաժարվում է բնակարան տալ: Բայց ես Շահումյան 37 շենքում հերթագրվածների ցուցակում էի: Ինչպե՞ս եղավ, որ հիմա չկամ»,- դժգոհեց Ս. Կիրակոսյանը: Ուշագրավ է, որ այդ հասցեում բնակարաններ ստացողների մեծ մասը հերթագրված է եղել 1992-ից եւ եթե այդ տարիների որոշումն այսօր ուժը կորցրած է համարվում, ապա այդ շենքում բնակարան ստացած մի խումբ բնակիչների պայմանագրերն էլ պետք է ուժը կորցրած համարվեին:

Ս. Կիրակոսյանին չի հաջողվում նաեւ սեփականաշնորհել ավտոտնակը: Ավտոտնակի տարածքը եւս 1988-ին Արարատի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ տրվել է Սիրվարդ Կիրակոսյանին, որն էլ հասցրել է ավտոտնակի հիմքն ու պատերը կառուցել. «Երբ սկսվեց ավտոտնակների սեփականաշնորհման գործընթացը, ես որոշեցի նորից դիմել քաղաքապետարան: Քաղաքապետ Ա. Բաբայանն ասաց՝ 3 տարվա վարձը մուծի եւ արի, ես էլ 6 հազար դրամ մուծեցի ու ավտոտնակի փաստաթղթերով ներկայացա քաղաքապետարան: Քաղաքապետը նայեց թղթերն ու ասաց, որ որոշումը հին է եւ ուժը կորցրած: Կարո՞ղ է 70-80-ականներին ստացած բնակարանների փաստաթղթերն էլ ուժը կորցրած համարեն: Ուրիշ պատճառաբանություն չունե՞ն: Մինչ այդ էլ ասում էին, թե 150 հազար դրամ տուր՝ կսեփականաշնորհենք, բա այդ ինչպես եղավ, որ հիմա էլ ուժը կորցրած է»: Այս առնչությամբ Ս. Կիրակոսյանը դիմել է ՀՀ վարչապետին, նախագահին, նախագահի աշխատակազմի ղեկավարին: Ի պատասխան այս գերատեսչությունների հարցմանը, Արարատի մարզպետարանը հիմք է ընդունել քաղաքապետարանի հիմնավորումը՝ «տիկնոջ ներկայացրած փաստաթղթերը հին են»:

ՀՀ իշխանություններն էլ, «հալած յուղի» տեղ ընդունելով Արարատի քաղաքապետարանի եւ մարզպետարանի պարզաբանումները, հարկ չեն համարել լրացուցիչ ուսումնասիրություն կատարել՝ իրականությունը պարզելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել