Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԺԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Սեպտեմբեր 03,2008 00:00

«Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնալով իշխանությունների ջանքերին՝ էական շրջադարձ կատարել հայ-թուրքական հարաբերություններում, նշված է. «Դիվանագիտական կապերի բացակայության պայմաններում միակողմանի զեղումներն ու նոր քաղաքականության դրսեւորումները վիճահարույց հարցադրումներ են առաջացնում»: ՆԺԿ-ն առաջարկում է հաշվի առնել պատմական փորձն ու հիշողությունը, ըստ որի՝ «Թուրքիայի հետ քաղաքական մերձեցման բոլոր փորձերը, որպես կանոն, ունեցել են անփառունակ վախճան»: Հայտարարության մեջ նաեւ նշված է. «ՆԺԿ-ն գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների ուղեծրի միակողմանի եւ շրջադարձային փոփոխություն կատարելու, ինչպես նաեւ սկզբունքային դիրքերից նահանջելու պարագայում Սերժ Սարգսյանը, մակերեսային ու երկդիմի դատողություններից զատ, պետք է մատնանշի խորքային շարժառիթները, որոնց շնորհիվ կհիմնավորվեն արտաքին քաղաքականության մեջ նոր ուղղությունն ու նոր գործելակերպը: Մենք կարծում ենք, որ Սերժ Սարգսյանն ու կոալիցիոն մյուս ուժերը հստակ գիտակցում են հայ-թուրքական հարաբերությունների անհեռանկարայնությունը, որովհետեւ այդ ոլորտում ամեն քայլափոխի բախվում են ավելի շատ անհաղթահարելի խոչընդոտների, քան նախանշում դրական գործոններ: Մեր խորին համոզմամբ՝ աշխարհաքաղաքականության մեջ նաիվությունը հակացուցված է քաղաքական պրագմատիզմին, հետեւաբար ՀՀ իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ անհեռատես ու արկածախնդիր գործելակերպից: Հակառակ դեպքում՝ Հայաստանը կարող է վերջնականապես խճճվել տարածաշրջանային մարտահրավերների եւ իրարամերժ շահերի բախման հորձանուտում՝ դառնալով անպաշտպան ու խոցելի պետություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել