Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդյո՞ք կբացվեն «նոր հորիզոններ»

Սեպտեմբեր 03,2008 00:00

«Դաշնակից Վրաստանի թուլացման ժամանակաշրջանում Թուրքիային հարմար առիթ է ընձեռվել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարմար: Եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մեկնի Երեւան, երկու երկրների միջեւ դրական մթնոլորտ կձեւավորվի: Անկարան ու Երեւանը դրա համար առաջինը պետք է շնորհակալություն հայտնեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն»: Ըստ «Նոյյան տապանի», նման կարծիք է հայտնել Բեյրութի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մուհամեդ Նուրեդդինը: Քաթարի «Շառք» թերթում հրապարակված հոդվածում Նուրեդդինը հայ-թուրքական հարաբերություններում ի հայտ եկած նոր զարգացումները փորձել է ուսումնասիրել վերջին շրջանում Կովկասում վրաց-հարավօսեթական հակամարտության պատճառով ստեղծված լարված իրավիճակի համատեքստում:

Փորձագետը նշում է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, նախաձեռնելով օկուպացնել Հարավային Օսեթիան, սխալ թույլ տվեց: Թուրքիան կանգնեց մի խնդրի առջեւ՝ ընտրություն կատարել մի կողմից Վրաստան-Ադրբեջան կոալիցիայի, մյուս կողմից՝ նավթի ու գազի հիմնական արտահանող Ռուսաստանի հետ հարաբերությունների միջեւ: Նուրեդդինն ընդգծում է, որ Անկարա-Մոսկվա հարաբերություններում եւ հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում լուրջ տեղաշարժեր են նկատվել Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության ժամանակաշրջանում: Թուրքիան իրականացնում էր զենքի ուժ չգործադրելու եւ ազգայնական քարոզչություն չիրականացնելու քաղաքականություն՝ տարածաշրջանում հակամարտող կողմերի միջեւ ստանձնելով միջնորդի դեր: «Անկարան որեւէ մեկի միջնորդության կարիքը չզգաց նաեւ Երեւանի հետ հարաբերությունների հարցում: Նախագահ Աբդուլլա Գյուլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու հրավերը եղել էր նախքան ռուս-վրացական ճգնաժամը: Եթե Սարգսյանը վստահ չլիներ, որ այցելությունը հարաբերությունների վրա չի ունենալու դրական ազդեցություն, նա չէր դիմի այդ քայլին»,- գրում է փորձագետը եւ ավելացնում, որ ՀՀ նախագահը հարաբերությունների զարգացման հարցում որդեգրել է նախաձեռնողի մոտեցում եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար որպես նախապայման առաջ չի քաշում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Այսօր Երեւանը սպասում է Գյուլին: Հայաստանի մայրաքաղաքում բազմաթիվ հայեր անհրաժեշտ են համարում, որպեսզի սկսվեն երկկողմ բանակցություններ, հարցի լուծման նոր հորիզոններ բացվելու համար դրական մթնոլորտ ստեղծվի: Հնարավոր չէ հաղթահարել քաղաքականության աշխարհագրական ազդեցությունը: Տարածաշրջանում հայը թուրքից ավելի վաղ ժամանակաշրջանից ապրող ժողովուրդներից է»,- ընդգծում է Մուհամեդ Նուրեդդինը եւ եզրափակում. «Թուրքիան իր հարեւանների հետ խնդիրները հասցրել է նվազագույնի: Միայն Հայաստանի հետ են տարաձայնությունները մնացել բարձր մակարդակում: Գյուլի այցը, անկասկած, կնպաստի այդ մակարդակի անկմանը»,- նշում է փորձագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել