Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

Սեպտեմբեր 03,2008 00:00

\"\"Դրանք երեկ արեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանն ու խոստացավ դեռ շարունակել բացահայտել

ՀՀ առաջին նախագահ եւ 2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ գաղտնազերծելու եւս երեք, իր ձեւակերպմամբ՝ նորահայտ փաստաղթղեր, «որոնք կարեւոր նշանակություն ունեն ընդդիմության դեմ ՀՀ իշխանությունների կազմակերպած հրեշավոր դավադրության էությունը բացահայտելու առումով»:

«Հայկական Ուոթերգեյթ»

«Այս փաստաթղթերը ցույց են տալիս, թե անփութության, մասնագիտական անլիարժեքության, տգիտության եւ ապօրինության ինչպիսի սանձարձակ ու անմխիթար վիճակ է տիրում երկրի արդարադատության ոլորտում»,- ահա այսպիսի նախաբանով ՀՀ առաջին նախագահը հրապարակեց նախ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Վարդանյանի՝ փետրվարի 19-ին դռնփակ նիստում կայացրած որոշումը՝ Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման, նաեւ «նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումները վերահսկելու», արտաքին եւ ներքին դիտում իրականացնելու թույլտվություն ստանալու ՀՀ ԱԱԾ-ի միջնորդությունը բավարարելու մասին»:

Մեկնաբանելով սույն փաստաթուղթը, ՀՀ առաջին նախագահը՝ արձանագրելով, որ սույն որոշումը կայացվել է նախագահական ընտրությունների օրը, միաժամանակ շեշտեց. «Նկատի ունենալով այն, որ Ալ. Արզումանյանը եղել է ՀՀ նախագահի թեկնածուներից մեկի շտաբի պետը, նշանակում է՝ քվեարկության օրը իշխանությունները լիովին վերահսկել են այդ շտաբի ողջ անցուդարձը, ընտրախախտումների վերաբերյալ տեղամասերից ստացվող ահազանգերը, վստահված անձանց, դիտորդներին ու լրագրողներին տրվող տեղեկությունները, ինչպես նաեւ բողոքարկումների հետ կապված ցուցումները: Այսինքն՝ խոսքը վերաբերում է Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտման մի արտառոց դեպքի, որը ցանկացած նորմալ երկրում համազգային ընդվզման եւ կառավարական ճգնաժամի պատճառ կարող էր դառնալ»: Լ. Տեր-Պետրոսյանը ընդգծելով հանդերձ, որ չնայած երկրների եւ երեւույթի մասշտաբների ընդգրկման իմաստով Հայաստանն ու ԱՄՆ-ն տարբեր են, բայցեւայնպես ՀՀ-ում դատական նման որոշումը իր էությամբ այնպիսին է, որ կարելի է զուգահեռներ անցկացնել վերջինիս եւ Ուոթերգեյթյան հայտնի սկանդալի հետ, որը, ի վերջո, հանգեցրեց ԱՄՆ նախագահ Նիքսոնի հրաժարականին: «Հետաքրքիր կլիներ իմանալ, որ եթե այս փաստաթուղթը ժամանակին հայտնի լիներ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Գերտ Առենսին կամ ՀՀ ՍԴ-ին, ապա ինչպիսի վճիռ կկայացնեին նրանք անցած նախագահական ընտրությունների մասին»,- հռետորական հարցադրում արեց Լ. Տեր-Պետրոսյանը:

Նա նաեւ մեջ բերեց դատարանի որոշման մեջ այդպիսի միջոցառման հիմք համարված հետեւյալ «ենթադրությունը». Ալ. Արզումանյանը, իբր, «իրականացնում է գործունեություն՝ ուղղված ՀՀ ներքաղաքական վիճակի ապակայունացմանը, քաղաքացիական անհնազանդության իրավիճակի ստեղծմանը, դրանով հիմքեր ստեղծելով ՀՀ-ում հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրագործման համար»: Լ. Տեր-Պետրոսյանի դիտարկմամբ, այս հիմնավորումը լիովին հակասում է պաշտոնական մեկ այլ փաստաթղթի, որը ստորագրվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Մարուքյանի կողմից՝ Համաժողովրդական շարժման գործիչների դեմ քրեական գործ հարուցելու մասին փետրվարի 24-ին կայացված որոշման բովանդակությանը: Հիշեցնենք, որ ըստ այդմ ընդդիմությունը ՀՀ պետական իշխանությունը յուրացնելու, ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ կատարել է միայն այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ Լ. Տեր-Պետրոսյանը, ըստ նախնական տվյալների, պարտվել է ընտրություններում: «Փետրվարի 19-ին դեռեւս հայտնի չէր, թե ով է հաղթելու, հետեւաբար հարց է ծագում՝ ինչո՞ւ պիտի Ալ. Արզումանյանը այդ օրը հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրագործման փորձ աներ»,- նկատեց ՀՀ առաջին նախագահը՝ հավելելով, որ «ավելի խղճուկ տրամաբանություն կամ ողորմելի իրավագիտակցություն՝ դժվար է պատկերացնել»:

Նա նաեւ հայտարարեց, որ Ալ. Արզումանյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինաբար գաղտնալսվել են անգամ դատական այս որոշումից առաջ. «Դա պարզվում է փաստաթղթում տեղ գտած այն թյուրիմացությունից, որ Ալ. Արզումանյանին է վերագրվել մի հեռախոսահամար, որը պատկանում է բոլորովին այլ մարդու: Տեղյակ լինելու համար, որ Արզումանյանը օգտագործել է այդ հեռախոսը, ԱԱԾ-ն պետք է նախապես գաղտնալսած լիներ այն»:

Ակնհայտ համարելով, որ այդ անօրինական որոշման արդյունքում ձեռք բերված նյութերը չպետք է ապացուցողական ուժ ունենան Արզումանյանի նկատմամբ ապագա դատական գործի ընթացքում, այդուհանդերձ, Լ. Տեր-Պետրոսյանն այս իմաստով ոչինչ չբացառեց: Նա նաեւ լուրջ կասկած հայտնեց, որ նույն դատավորը համանման որոշում է կայացրել նաեւ իր նախընտրական շտաբի մնացյալ անդամների եւ Համաժողովրդական շարժման բազմաթիվ գործիչների վերաբերյալ: Նա խոստացավ առաջիկայում հրապարակել նաեւ այդպիսի փաստեր: Հրապարակված փաստաթղթի մասին ՀՀ առաջին նախագահի եզրահանգումն էլ, ըստ էության, այս էր՝ իշխանությունները իրականացրել են ընդդիմության նախընտրական պայքարի ապօրինի վերահսկողության տոտալ միջոցառում:

Ստի ոտքը կարճ է, եթե անգամ ստողը իրավապահ է

Ասուլիսի պատճառ դարձած մյուս փաստաթուղթը ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի՝ մարտի 1-ի որոշումն էր, որը վերաբերում է մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերին: Այդ որոշման մեջ առանց տարընթերցվող խուճուճ ձեւակերպումների, սեւով սպիտակի վրա գրված է. «2008թ. մարտի 1-ին, ժ. 06-ի սահմաններում, սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ հարկադիր դադարեցնելու նպատակով ձեռնարկված միջոցառումների ընթացքում, միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, նախապես իրենց մոտ պահվող մահակների, մետաղաձողերի եւ այլ հարմարեցված գործիքների օգտագործմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին պատճառելով տարբեր աստիճանների ծանրության մարմնական վնասվածքներ»:

Այս որոշումը, Լ. Տեր-Պետրոսյանի ասելով, ուշագրավ է երկու առումով: Նախ՝ որոշման մեջ հստակ արձանագրված է, որ ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում իրենց գործողությունները սկսել են ժամը 06-ի սահմաններում, «ինչը ավելորդ է դարձնում տվյալ միջոցառման ժամանակի վերաբերյալ շրջանառվող բոլոր խոսակցություններն ու դատարկ քննարկումները», այդ թվում՝ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի մակարդակում: Ի դեպ, այս նույն ժամը նշված է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության՝ մարտի 1-ին տարածած հաղորդագրության մեջ:

«Հետեւաբար, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետագա պնդումներն այն մասին, թե գործողությունները, իբր, սկսել են ժամը 07-ից հետո, այլ բան, քան՝ սուտ վկայություն, չեն կարող որակվել, եւ ըստ այդմ՝ պետք է արժանանան համապատասխան իրավական գնահատականի»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը:

Երկրորդ՝ նույն որոշման մեջ նույնքան հստակորեն արձանագրված է նաեւ, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը Ազատության հրապարակ է ժամանել ընդդիմության «ապօրինի» հանրահավաքները հարկադիր դադարեցնելու նպատակով: «Այսինքն՝ ոստիկանության գործողության նպատակը, ըստ այդ որոշման, Ազատության հրապարակում խաղաղ նստացույցի ցրումն էր»,- փաստեց Լ. Տեր-Պետրոսյանը: Ավելի ուշ պաշտոնական աղբյուրների կողմից շրջանառության մեջ դրված վարկածը, թե, իբր, ոստիկանությունը Ազատության հրապարակ էր եկել զենք-զինամթերք, պայթուցիկներ եւ այլն ի հայտ բերելու համար, ուղղակի մտացածին է: ՀՀ առաջին նախագահի համոզմամբ, այն, ինչ հետագայում ցուցադրվեց հեռուստաընկերությունների կողմից՝ ծառերի, թփերի տակից «հայտնաբերվող» առարկաների ու հրազենի տեսքով, նրա ասելով, ոստիկանության աշխատակիցներն իրենք են տեղադրել եւ «ի հայտ բերել» արդեն տեսախցիկների կողմից արձանագրելու համար՝ «իշխանության բռնազավթման» վարկածին ավելի մեծ համոզչականություն հաղորդելու նպատակով: Լ. Տեր-Պետրոսյանի մատուցմամբ, հրապարակի տեղազննության վարկածը, ի տարբերություն խաղաղ ցուցարարներին ցրելու մասին պաշտոնական փաստաղթղթի, տեղ է գտել ՀՀ ոստիկանության եւ գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրություններում, որը ոչ մի կերպ փաստաթուղթ համարել չի կարելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել