Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ

Սեպտեմբեր 03,2008 00:00

\"\"Դաշնակցության հանրահավաքը, որի կարգախոսն էր՝ «Միասին, պայքար, հաղթանակ», նման էր պատմության դասագրքի ընթերցման:

Մատենադարանի մոտ դաշնակցության կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար միկրո եւ մակրո-ավտոբուսներով մայրաքաղաք էին բերվել տասնյակ հազարավոր մարդիկ: Հանրահավաքից դեռ մեկ ժամ առաջ դաշնակցությունը «կազմաքանդել էր» մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը: Մարդիկ գալիս էին խումբ-խումբ, ուսուցիչներով աշակերտներ, գյուղապետերով գյուղացիներ…Ներկա էին ամենատարբեր դաշնակցական շերտերը:

Իշխում էր կարմիրը եւ եռագույնը, ցուցապաստառներին այսպիսի բաներ էին գրված՝ «Ուժն է ծնում իրավունք», «Ո՛չ երկակի ստանդարտներին», «Ազատությունը բոլորի համար է», «Խաղաղ լուծումն այլընտրանք չունի», «Արցախի անկախությունը գրչով չի ջնջվի» եւ այլն: Հանրահավաքը վարող ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը շարունակ շեշտում էր, որ սեպտեմբերի 6-ին դաշնակցականները կդիմավորեն Թուրքիայի նախագահին եւ իրենց բողոքը կհայտնեն քաղաքակիրթ ձեւերով. «Բոլոր սադրանքները, տարբեր խժդժություններ կազմակերպողներին հենց ինքներս էլ կանխելու ենք եւ կոչ ենք անում նաեւ ձեզ՝ կանխել: Նաեւ հաղթանակ ենք մաղթում մեր ֆուտբոլի հավաքականին»: Ելութները բաժանված էին մի քանի խմբի՝ Արցախ, Ջավախք, Թուրքիա-Հայաստան, ներքաղաքական եւ վերջում՝ համերգից առաջ, ՀՅԴ հայտարարությունն այս ամենի մասին: Ելույթները երկարաշունչ էին, եւ հանրահավաքի կեսից մարդկանց մի մասը հեռանում էր: ԱԺ ՆԳ, պաշտպանության եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը խոսեց Արցախի մասին. «Այսօր ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորները ՀՀ եւ համայն հայության սահմանների պաշտպաններ են»: Անդրադարձավ վրաց-օսական իրավիճակին եւ հայտարարեց. «Այս իրադարձություններն ապացուցեցին, որ ռազմական ճանապահով ԼՂ խնդիրը լուծելու Ադրբեջանի մշտնջենական ձգտումն այլեւս դատապարտված է»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը խոսեց Ջավախքի մասին. «Կարծես դաս չառնելով Օսեթիայում, դաս չառնելով Աբխազիայում, Վրաստանի որոշ ազգայնամոլ շրջանակներ նաեւ Ջավախքում փորձում են թերթ, ակումբ, ռադիոժամ փակել, ձերբակալություն իրականացնել, չեն գրանցում հայկական կազմակերպությունները, նշանակում է՝ դաս չառան: Վրաստանի միասնական ապագան կարող է այսօր սկսել կերտվել Ջավախքում, Ջավախք, քեզ հետ ենք, քեզ հետ ենք, Ջավախք»: Ասաց նաեւ, որ Վրաստանի իշխանության քաղաքական հասունության փորձադաշտն այսօր Ջավախքն է. եթե Ջավախքը ստանա ինքնավարություն Վրաստանի կազմում, ապա դա միայն օգուտ կլինի Վրաստանին, քանի որ առաջին քայլը կլինի դեպի կոնֆեդերատիվ Վրաստան:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը հայտարարեց. «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Կովկասում հնարավոր է կառուցել ընդհանուր կայունություն եւ խաղաղություն, եթե հաշվի առնվեն տարածաշրջանի յուրաքանչյուր ժողովրդի, յուրաքանչյուր փոքրամասնության շահերը»:

Ներքաղաքական խնդիրների մասին խոսեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը. «Մենք ուղղակի պարտավոր ենք աշխարհին ներկայանալ առավելագույն միաբանությամբ, պառակտում մտցնել ներսում, նշանակում է թուլանալ, անհանդուրժող լինել միմյանց նկատմամբ, վարկաբեկել պետական ինստիտուտները, փորձել երկրում երկիշխանության պատրանք ստեղծել, նշանակում է բացել դռներն օտար ազդեցությունների առաջ: Ցավոք հենց սա է անում արմատական ընդդիմությունը»:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ոչ միայն ելույթ չունեցավ, այլեւ հարթակ չբարձրացավ, կանգնած էր ներքեւում՝ ժողովրդի մեջ: «Առավոտ»-ը, մարդկանց մեջ նկատելով Հրանտ Մարգարյանին, մի քանի հարց ուղղեց նրան.

– Ինչո՞ւ եք այստեղ՝ շարքերում, եւ ոչ թե՝ հարթակում:

– Մեզ մոտ այդպիսի բան չկա, ամենքս էլ շարքային ենք:

– Չե՞ն հեռացրել, չէ, Ձեզ դաշնակցությունից:

– /Ծիծաղում է/:

– Դուք կարծում եք, այստեղ հավաքվածներն այն կայուն ընտրազանագվա՞ծն է, որ ունի ՀՅԴ-ն:

– Ես սովոր չեմ ժողովրդին ընտրազանգված կոչել, սա ժողովուրդ է, մեր համակիրներն են, հասկանում եմ, որ ամառ է, աշխատանքային եղանակ է, եւ այն թիվը, որ եկել է, ինձ հուսադրող է, բայց սա առավելագույնը չի:

– Ակցիաները, որոնց մասին հայտարարվեց, թե անցկացվելու են Թուրքիայի նախագահի հավանական այցի դեպքում, չե՞ն ապակայունացնի իրավիճակը երկրում:

– Ոչ, ինչո՞ւ պետք է ապակայունացնեն, մենք ապակայունացնելու նպատակ չենք հետապնդում: Մենք գնում ենք մեր ազգային կեցվածքն արտահայտելու, մեր կամքն արտահայտելու եւ նպատակ չունենք որեւէ մեկին անհանգստացնելու:

– Իսկ ձեր կողմից նախապատրաստվող ակցիաների մեջ կա՞ ծրագիր, ասենք՝ այրել Թուրքիայի դրոշը:

– Մենք կնախընտրենք, որ ոչ ոք նման քայլի չդիմի, եւ կոչ ենք անելու, որ նման բաներ չլինեն: Եթե մեկը տրամադիր է, մենք պատրաստ ենք իրեն տալ հնարավորություններ, որ գնա, Ստամբուլում անի այդ բանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել