Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Սեպտեմբեր 02,2008 00:00

\"\"Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում մեկնարկած շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում մեր հանրապետության միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, առաջին տուրի երկու հիմնական պարտիաներում ոչ-ոքի խաղաց ավստրիացի Եվա Մոզերի հետ, իսկ դրան հաջորդած թայ բրեքից հետո ընդհանուր հաղթանակի հասավ՝ 3,5:2,5: Երկրորդ տուրում Լիլիթն ուժերը չափելու էր Աննա Գաշիկի (Լեհաստան) հետ:

Նալչիկում Միացյալ Նահանգների մարզական պատիվը պաշտպանում է կանանց գրոսմայստեր, մեր հայրենակից Կատերինա Ռոխոնյանը: Նրա եւ ուկրաինուհի Նատալյա Ժուկովայի մեկնարկային մենամարտն էլ ի հայտ չբերեց ուժեղին՝ 1,0:1,0: Այստեղ նույնպես, կանոնակարգի համաձայն, կազմակերպվեց լրացուցիչ մրցաշար, որտեղ հաջողությունն ուղեկցեց մեր հայրենակցին: Կատերինան հաղթեց 2,5:1,5 ընդհանուր հաշվով: Հաջորդ տուրում, որը կայացավ երեկ, Ռոխոնյանի մրցակիցը կրկին ուկրաինուհի Իննա Գարպունենկոն էր:

ՍՅՈՒԶԱՆՆԱ ԿԵՆՏԻԿՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԳՈՏԻՆԵՐԸ

Օգոստոսի 30-ի վաղ առավոտյան՝ օրերս Գերմանիայի քաղաքացիություն ստացած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 51 կգ) WIBF-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանը, որին ռինգում կոչում են «Մարդասպան թագուհի» (Killer Queen), Դյուսելդորֆում պաշտպանեց չեմպիոնական իր երկու գոտիները:

Սյուզին 10 ռաունդանոց այդ մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով՝ 97:93, 98:92, 99:91, համոզիչ հաղթանակ տարավ Իսրայելը ներկայացնող չեմպիոնական տիտղոսի պարտադիր հավակնորդ Հագար Ֆիների նկատմամբ: Այսպիսով, Սյուզին շարունակում է պրոֆեսիոնալ ռինգում մնալ անպարտելի: Նա անցկացրել է 22 մենամարտ ու բոլորում էլ պարտության մատնել մրցակիցներին, ընդ որում, 16-ը՝ նոկաուտով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել