Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության իրական դեմքը

Սեպտեմբեր 02,2008 00:00

\"\"Ըստ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը: Դատաքննության հենց սկզբում Գ. Ջհանգիրյանը, որը մեղադրվում է «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ», հանդես եկավ քաղաքական սույն հայտարարությամբ. «Ուղիղ 6 ամիս է անցել մարտի 1-ի արյունալի դեպքերից.

ա) մինչեւ այժմ պաշտոնապես չի պարզվել ու հայտարարվել խաղաղ ցուցարարների դեմ մարտական հրազեն ու հատուկ միջոցներ կիրառելու հրաման արձակած անձի ինքնությունը (թեեւ ժողովուրդը լավ էլ գիտի), եւ նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության.

բ) քրեական պատասխանատվության չի կանչվել ու դատապարտվել խաղաղ ցուցարարների դեմ հրազեն ու հատուկ միջոցներ գործադրած ստորաբաժանումների եւ ոչ մի ղեկավար անձ.

գ) ոչ ոք չի մեղադրվել 10-ը (առայժմ) սպանությունների, հարյուրավոր մարդկանց խեղելու, մարմնական վնասվածքներ հասցնելու, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու, ազատությունից ապօրինի զրկելու, ձերբակալելու, կալանավորելու ու դատապարտելու համար.

դ) անտեսվում եւ օրենքով սահմանված ընթացք չեն ստանում լրագրողների, ԱԺ-ի պատգամավորների, քաղաքական համոզմունքների համար ֆիզիկական բռնության եւ ծեծի ենթարկվող, ուղղակի վիրավորվող ու ստորացվող հարյուրավոր քաղաքացիների ահազանգերն ու հանցագործությունների մասին հաղորդումները, մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների մասսայական ու ամենօրյա խախտումների արձանագրված փաստերը:

Այդ նույն ժամանակահատվածում.

ա) տասը տասնյակից ավելի ընդդիմության կողմնակիցներ, քաղաքական գործիչներ, իրենց քաղաքական հայացքների համար, շինծու մեղադրանքներով քրեական հետապնդման են ենթարկվել՝ ձերբակալվել, կալանավորվել ու դատապարտվել: Այդ գործընթացը ջանադրությամբ շարունակվում է.

բ) տասնյակ հարյուրավորները անհիմն բերման են ենթարկվել, հարյուրավորները ծեծվել ու խոշտանգվել, առանց իրավական ձեւակերպումների պահվել անազատության մեջ, հազարավորները ենթարկվել ոստիկանական հետապնդումների ու հալածանքների.

գ) շարունակաբար ոտնահարվում ու սահմանափակվում են հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների անձնական ազատության ու անձեռնմխելիության, արժանապատվության ու ազատ տեղաշարժի, կարծիքի ազատության, օրենքի ու դատարանի առաջ հավասարության, խաղաղ հավաքներ անցկացնելու եւ բազմաթիվ այլ սահմանադրական իրավունքներ ու ազատություններ:

Ահա այսօրվա հայաստանյան արդարադատության իրական դեմքը: Արդարադատության այս հանցավոր համակարգի կողմից «դատապարտվելու» հերթը Ջհանգիրյանինն է:

Եվ քանի որ սեպտեմբերի 1-ն է` Գիտելիքի օրը, նախ շնորհավորում եմ հայ բոլոր մանուկներին (նաեւ իմ թոռնիկին) ու երիտասարդներին, ովքեր այսօր առաջին անգամ իրենց կյանքում ոտք են դնելու դպրոց ու այլ ուսումնական հաստատություններ, թող կանաչ լինի նրանց ճանապարհը։ Նրանց է պատկանում ՀՀ ներկան ու ապագան:

Երկրորդ, Ջհանգիրյանի դատավարությունը, որպես նաեւ նախկին դասախոսի, նվիրված է լինելու դատավարության մասնակիցների, դահլիճում ներկա գտնվող լրագրողների ու հասարակության ներկայացուցիչների քրեական ու քրեադատավարական առկա գիտելիքների ամրապնդմանն ու խորացմանը։

Հավատում եմ, որ շատ շուտով, համաժողովրդական շարժման հաղթանակից հետո, մեր երազած, իրական արդարադատությունը իր ամբողջ վեհությամբ ու անաչառությամբ ներկայանալու է ՀՀ ազատ ու պատվարժան քաղաքացիներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել