Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան փառատոնը բացվում է

Սեպտեմբեր 02,2008 00:00

\"\"Սակայն առանց հայ կոմպոզիտորների

Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Երեւանյան 2-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարներն են ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա) եւ դիրիժոր, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Փառատոնային օրերին կկայանան սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգներ՝ համապատասխանաբար «Ա. Խաչատրյան» համերգասրահում եւ Կամերային երաժշտության տանը: Հանդես կգան ինչպես երիտասարդ, այնպես էլ հայտնի երաժիշտներ: Փառատոնը կբացի նորվեգացի երիտասարդ դաշնակահար Քրիստիան Իլե Հադլանդը՝ ՀՊՖՆ-ի ընկերակցությամբ: Դաշնակահարը վաստակել է Նորվեգիայի նոր սերնդի ամենաճանաչված երաժիշտներից մեկի համբավը: «Առավոտը» Քրիստիանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս հաջողվեց դաշնակահարների «առատության» պարագայում իր կողմը գրավել մասնագետներին ու ունկնդրին: «Այսօր ե՛ւ շուկան է մեծ, ե՛ւ երեւալու, առաջ գնալու հնարավորություններն են մեծացել: Իմ պարագայում առաջինը պետք է նշեմ նորվեգացի պաշտոնյաների, ասել է թե՝ պետության աջակցությունը եւ ուշադրությունն արվեստիս հանդեպ, հետո արդեն սկսեցին ինձնով «զբաղվել» մեծահարուստները: Այսօր արդեն ֆինանսապես ապահովված եմ, ինչը ազատություն է տալիս զբաղվելու ոչ միայն կարիերայով: Հաջողությունն ինձ «գտավ» 2005թ., երբ մենահամերգ ունեցա Օսլոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ…»,- ասաց մեր զրուցակիցը: Դիտարկմանը, թե փառատոնային օրերին չի կատարվելու եւ ոչ մի հայ կոմպոզիտորի ստեղծագործություն, Էդուարդ Թոփչյանն ասաց. «Համերգներից մեկի ծրագրում ընդգրկված էր Ալեքսանդր Հարությունյանի ջութակի կոնցերտը եւ հրավիրված էր ռուսաստանցի ջութակահար Գրաֆ Մուրզան, որը համարվում է այդ ստեղծագործության լավագույն կատարողներից: Նրա հիվանդության պատճառով փառատոնի ընթացքում Հարությունյան չի հնչի, բայց ավելի ուշ՝ հոկտեմբերի 24-ին Մուրզան հանդես կգա հիշյալ ստեղծագործության կատարմամբ»: Այն մտայնությանը, թե Հայաստանում քիչ են երեւում մեր երաժիշտները եւ քիչ են կատարվում հայ կոմպոզիտորների երկեր, Էդ. Թոփչյանը հավաստիացրեց, որ ՀՊՖՆ-ի 2008-09թթ. համերգաշրջանի ընթացքում կկատարվեն Վաչե Շարաֆյանի, Դավիթ Հալաջյանի, արգենտինացի Ալիսիա Թերզյանի եւ այլոց ստեղծագործությունները, իսկ իր ղեկավարած նվագախմբի հետ ելույթ կունենան երիտասարդ երաժիշտներ՝ ջութակահար Անուշ Նիկողոսյանը, դաշնակահար Արուս Աճեմյանը, երգիչներ Լիանա Ալեքսանյանը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել