Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ՛ ԽԱՌՆԵՔ»

Սեպտեմբեր 02,2008 00:00

\"\"ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է դիմում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը

Կառավարության օգոստոսի 28-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստել էր, որ վերջին շրջանում փորձ է արվում քաղաքական կրքերը տեղափոխել դպրոց եւ բուհական համակարգ, ու հայտարարել, էր, թե այսուհետեւ մեղավորները պատժվելու են: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը որոշ վերապահումներով է մոտենում այս համատեքստում վարչապետի խիստ գնահատականներին ու ԿԳ նախարարին տված համապատասխան հանձնարարականներին: «Ես հասկանում եմ վարչապետի անհանգստությունը՝ կապված տարածաշրջանում կատարվող պատերազմական իրադարձությունների եւ մեզանում՝ իշխանությունների հանդեպ հասարակության մեջ եղած դժգոհությամբ, ընտրակեղծիքներով իրականացվող ընտրություններով պայմանավորված Համաժողովրդական շարժման եւ այլ բացասական երեւույթների հետ. ողջունելի է այս առիթով մեղավորներին գտնելու իր մեծ ցանկությունը: Այո, մեր հարեւան երկրում ռազմական դրություն է, պատերազմ, այդ անհանգստությունն էլ կիսում ենք բոլորս: Չգիտես ինչու, սակայն, դրանից եզրակացություն է արվում, որ եթե ընդդիմությունն այսօր շարունակում է իշխանությանը օրինականության զսպաշապիկ հագցնելու իր գործունեությունը, ուրեմն դա հայրենասիրություն չէ: Որեւէ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնելու ընդդիմության կամ իշխանության հայրենասիրությունը, մինչդեռ տվյալ պարագայում կասկածի տակ է դրվում հենց ընդդիմության հայրենասիրությունը: Ստացվում է, որ եթե իշխանություններին քննադատում ես, ուրեմն հայրենասեր չես, որովհետեւ այս պահին տարածաշրջանում պատերազմական իրավիճակ է: Կարծում եմ՝ վարչապետը քաղաքացիական պարտականություն եւ քաղաքականություն հասկացությունները, մեղմ ասած, իրար հետ շփոթում է»,- ասում է ԱԺ պատգամավորը:

Դպրոցի նախկին տնօրենը նաեւ հիշեցնում է վարչապետին. «Մեր երեխաները 8-րդ դասարանից սկսած անցնում են «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետություն եւ իրավունք» առարկաները, եւ 8-րդ դասարանից երեխան կետ առ կետ քննարկում է Սահմանադրությունը եւ տեղյակ է, թե Սահմանադրությամբ ինչպիսի իրավունքներ են ընձեռված ՀՀ քաղաքացուն: 8-րդ դասարանցին արդեն գիտե, որ քաղաքացին ունի կյանքի իրավունք, անարգել ցույցեր, հավաքներ անելու, իր կարծիքը ազատորեն արտահայտելու, ազատ ընտրություն կատարելու եւ այլ իրավունքներ: Երեխան գիտե նաեւ, որ յուրաքանչյուր մարդ իր քաղաքացիական պարտքը պիտի համարի մասնակցել պետության մեջ կատարվող բոլոր գործընթացներին, որտեղ պահանջվում է քաղաքացիական իր դիրքորոշումը: Իսկ քաղաքացիական դիրքորոշում ունեցող քաղաքացին հետեւում է իր թաղի աղբահանությունից մինչեւ կառավարության գործունեությունը եւ ինչի հետ համաձայն չէ՝ կարող է քննադատել: Վարչապետը պետք է ուրախ լինի, որ նման քաղաքացիների թիվը մեր երկրում շատանում է, եւ սա հլու-հնազանդ ստրուկների պետություն չէ: Օրինակ, Հյուսիսային պողոտայի ժողովուրդը պահանջում է քաղբանտարկյալներին ազատ արձակել, որովհետեւ 6 ամիս է՝ դատարանը չի կարողանում ապացուցել այդ մարդկանց մեղքը: Հիմա էստեղ ո՞վ է քաղաքականության վերածում խնդիրը, այն քաղաքացի՞ն, որը պահանջում է իր հարազատի իրավունքը պաշտպանել, թե՞ իշխանությունը, որը չի կարողանում արդարադատություն իրականացնել, ինչի արդյունքում քաղաքացիական շարժումը վերածվում է ընդդիմադիր շարժման: Այս առումով պրն վարչապետը կառավարության նիստերից մեկի ժամանակ ասաց շատ կարեւոր մի միտք՝ այն մասին, որ երբ նախարարներն ու պետական չինովնիկները ժամանակին եւ օրենքին համապատասխան չեն պատասխանում, ընթացք չեն տալիս քաղաքացիների բողոք-նամակներին, դիմումներին, նրանք այլ ելք չեն գտնում, քան միտինգի միջոցով իրենց բողոքն արտահայտելը: Այ, նման պաշտոնյաներին է պետք մեղադրել հայրենասիրությամբ չառաջնորդվելու մեջ: Այնպես որ, ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու որեւէ մեկի հայրենասիրությունը, բայց պաշտոնյայի քաղաքացիական կեցվածքը կասկածի տակ դնել իրավունք ունի յուրաքանչյուր քաղաքացի»,- ասում է տիկին Բախշյանը ու իր հերթին փաստում, որ վարչապետի թվարկած բացասական երեւույթները միայն կոալիցիային են հատուկ: «Թե ինչ է լինում ընտրություններից առաջ՝ քարոզարշավի օրերին, ինչպես են իրենց պահում կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների անդամ դպրոցների տնօրենները, դասախոսները, թաղապետերը, կենսաթոշակ բաժանողներն ու հատկապես «Փարոսի» տեսուչները, բոլորին է հայտնի: Վարչապետի խոսքերն իսկապես ճիշտ են, ուղղակի հասցեատերը շատ ավելի կոնկրետ պիտի լիներ… Գործող կոալիցիայի մեջ մտած դպրոցի տնօրեններն ու ռեկտորները հրաշալի անում են այն, ինչ քննադատեց վարչապետը կառավարության նիստում: Հետեւաբար, շատ ուրախ կլինենք, եթե նրա հանձնարարականը ԿԳՆ-ն ըստ էության իրականացնի: Այո, ցանկացած ոք, ով դասաժամը կչարաշահի եւ կօգտագործի իր քաղաքական հայացքները քարոզելու համար, պիտի պատժվի, անկախ նրանից՝ ՀՀԿ-ակա՞ն է, թե՞ «Ժառանգությունից»,- կարծում է մեր զրուցակիցը:

Ըստ Ա. Բախշյանի, վարչապետի հայտարարությունը քաղաքականության եւ կրթության վերաբերյալ, ինչպես նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի վերջերս արած հայտարարությունը դպրոցական դրամահավաքների եւ այլ խախտումների մասին, փոխկապակցված են. «Բոլոր դպրոցներում տարածված է դրամահավաքը, սակայն այդ երեւույթը ըստ արժանվույն չի պատժվում, որովհետեւ այդ մարդիկ քաղաքականության մեջ նույն թիմից են, ինչ պարոն Արեյանը: Անհրաժեշտության դեպքում Կ.Արեյանի մի զանգով դպրոցներում կընդհատվեն դասերը եւ անհրաժեշտ թվով աշակերտ-ուսուցիչներ կբերվեն միտինգի, ինչպես դա բազմիցս եղավ քարոզարշավի ժամանակ: Այն տնօրենը, որ այսօր դրամահավաքով է զբաղվում կամ համազգեստներ է կարում՝ առանց ծնողի կարծիքը հարցնելու ու վերցրած գումարի դիմաց անդորրագիր տալու, վստահ է, որ չի պատժվելու: Պարոն Արեյանն ամեն օգոստոսի վերջին իրեն հատուկ գեղեցիկ բառապաշարով խոսում է մերժելի երեւույթների մասին ու ծնողներին կոչ է անում ըմբոստանալ այդ երեւույթների դեմ, սակայն, միեւնույն է, ծնողը գնում է դպրոց ու համոզվում, որ ինքը չի կարող լինել այնպիսին, ինչպես Կ. Արեյանն էր խորհուրդ տալիս»: Պատգամավորն անդրադարձավ նաեւ վարչապետի այն մտքին, թե հարեւան երկրում մի քանի շաբաթ պատերազմ էր, սակայն ՀՀ-ում ոչ ոք չի զգացել դա. «Գուցե ինքը չի զգացել: Եվ լավ է, որ կա բնակչության մի տոկոս, որը չի զգացել, բայց կա նաեւ ավելի մեծ տոկոս, որ հաստատ զգացել է: Ախր դուք ոչ թե ՀՀ քաղաքացիների փոքր տոկոսի, այլ բոլորի վարչապետն եք ու ինչպե՞ս եք նման բան ասում… Օրինակ, դպրոցական դասագրքերը Վրաստանում են մնացել ու հաստատ սեպտեմբերի 1-ին երեխաների ձեռքին չեն լինի, մի՞թե դա պատերազմը զգալ չէ: Թե՞ պիտի մի քանի մարդ մեռներ հացի հերթում կամ սովից, որ ասվեր՝ զգացինք»:

Խոսելով պետության անվտանգության մասին, մեր զրուցակիցը գտնում է. «Այսօր մեր մաշկի վրա զգում ենք, որ մեր քաղաքացիների կյանքին սպառնացող ներքին վտանգն ավելի մեծ է, քան արտաքինը. մեր քաղաքացին ապահովագրված չէ ոստիկանության, անվտանգության ծառայության մարմինների «ապօրինի» գործողություններից, ինչի հետեւանքով մարդիկ կյանքից են զրկվում, հետեւաբար՝ իշխանության խնդիրը պետք է լինի դրանց դեմն առնելը, արդարադատության արդյունավետության մակարդակը բարձրացնելը: Ուզո՞ւմ են թուլացնել լարվածությունը, թող քաղբանտարկյալներին ազատ արձակեն, թող դատարաններում դատավորները օրինական դատավճիռներ կայացնեն, ոչ թե օրինակ բերեն հարեւան Վրաստանի ընդդիմությանը, որն, իրենց կարծիքով, շատ խոհեմ է իրեն դրսեւորում, չմոռանանք՝ այնտեղ ռազմական դրություն է հայտարարված ու իրավիճակն այլ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել