Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվում են «եվրո» դպրոցներ

Սեպտեմբեր 02,2008 00:00

\"\"Ուր այցելում են նախագահն ու վարչապետը

Այս տարի սեպտեմբերի 1-ը նշանավորվեց ոչ միայն պաշտոնյաների եւ այլ գործիչների՝ աշակերտներին տրվող դասերով, այլեւ «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով վերանորոգված դպրոցների բացման արարողություններով: Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ այլոք մասնակցեցին Էրեբունի համայնքում գտնվող ազատամարտիկ Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցի շենքի բացման արարողությանը: «Առաջիկա 2 տարում կավարտվի մայրաքաղաքի բոլոր դպրոցների եւ մանկապարտեզների՝ ջեռուցման համակարգերով ապահովման եւ կենսական անհրաժեշտության բոլոր ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը: Մինչ այժմ վերանորոգվել է 140 դպրոց, կառուցվել՝ 148 կաթսայատուն: Եթե ներդրումների ծավալը 2006-ին 1 մլրդ 460 մլն դրամ էր, ապա 2008-ին՝ 6 մլրդ 500 մլն դրամ: Հանրակրթական դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքները համալրվում են նաեւ հայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ներդրումներով»,- ասաց Ե. Զախարյանը: Սերժ Սարգսյանը չցանկացավ իր տպավորությունները կիսել ո՛չ ուսուցիչների եւ աշակերտների, ո՛չ էլ լրագրողների հետ: «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Հրայր Սարգսյանը տեղեկացրեց. «Դպրոցի շենքը նախկինում վատ վիճակում էր, կար մասնաշենք, որն ընդհանրապես 4-5 տարի չէր շահագործվում: 1959-ին կառուցված շենքը երկար ժամանակ չէր վերանորոգվել, բոլոր մասնաշենքերը գտնվում էին սեյսմիկ տեսանկյունից վատ վիճակում: Այսօր դպրոցը կարող է սպասարկել 960 աշակերտի»:

Շաբաթ օրը վերաբացվեց Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի վերակառուցված շենքը: Այստեղ ներկա էին ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը, ԿԳ նախարարը, Երեւանի քաղաքապետը: Ե. Զախարանը նկատեց. «Այս դպրոցում ստեղծվել են բոլոր նախադրյալներն ու պայմանները՝ լիարժեք կրթություն տալու եւ ստանալու համար: Կան տեխնիկապես հագեցած լաբորատորիաներ, կահավորված դասասենյակներ ու բարձրակարգ մարզադահլիճ»: Աշակերտներից ոչ պակաս ուրախ էր դպրոցի տնօրեն Մարիամ Հովհաննիսյանը, որը նշեց. «60-ամյա պատմություն ունեցող մեր դպրոցը այժմ դարձել է շինարարական տեսանկյունից ապահով, գեղագիտական առումով գեղեցիկ, կրթական պահանջներին համապատասխանելու առումով՝ իր ֆունկցիոնալ նշանակությամբ, օրինակելի»: Աշակերտների անունից 11-րդցի Կարոլինա Մատիկյանը խոստացավ. «Արժանապատվությամբ, խնամքով եւ սրտացավությամբ կվերաբերվենք մեր վերանորոգված կրթօջախին»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստեց. «Այժմ ունենք 1400 դպրոց, որոնցից 40-ը դեռ վթարային է: Դրանց խնդիրներն էլ մյուս տարի կլուծվեն»: Վարչապետը հիշեց նաեւ իր առաջին սեպտեմբերի 1-ը եւ իրեն համեմատեց ներկայիս աշակերտների հետ. «Հիշում եմ, երբ ծնողներս ձեռքս բռնած տարան Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց: Այսօրվա երեխաները մեզնից ուրախ են, նրանց ապագան ավելի պայծառ է լինելու»:

«Առավոտը» վարչապետին հիշեցրեց նրա այն հայտարարությունը, թե դպրոցներում քաղաքական քարոզչությամբ զբաղվող բոլոր մանկավարժները պիտի ազատվեն աշխատանքից: Հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունի՞, որ այդ դեպքում կադրերի խնդիր կառաջանա, քանի որ մանկավարժների եւ դպրոցների տնօրենների մեծամասնությունը ՀՀԿ կուսակցության անդամներ են: «Այդպիսի մտավախություն չունեմ, քանի որ ուսուցիչները գիտակցում են, որ աշակերտների հետ շփվելու համար հատկացված ժամերը գիտելիքներ հաղորդելու համար են: Իսկ այդ պատասխանատվության զգացումը կա մեր բոլոր ուսուցիչների մեջ, պարզապես գործընթացը ճիշտ կազմակերպել է պետք»,- հնչեց վարչապետի լավատեսական պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել