Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՆ»

Սեպտեմբեր 02,2008 00:00

\"\"Ազատամարտիկները խորհուրդ են տալիս պաշտպանության նախարարի շուրջ հավաքված նախկին երկրապահներին:

Արցախում Երկրապահ կամավորականների միության ուխտագնացության ժամանակ «Առավոտը» հետաքրքրվեց մի քանի երկրապահներից, թե ինչպե՞ս են վերաբերվում իրենց մարտական ընկերների՝ ԵԿՄ-ից դուրս գալու քայլին: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հրաժարվեց հարցազրույցից, միայն նշեց, որ այն կողմում «կլինի Սանասարը, թե Բաղդասարը՝ իր համար բոլորն էլ հավասար են»:

«Ես չեմ ընդունում նման տարաձայնությունները: Եթե երկրապահին մոտենանք իր անվան շրջանակներում, վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, որն իրեն երբեւիցե կամավորական է զգացել կամ պայքարին մասնակցող ազատամարտիկ՝ իրեն երկրապահ է համարում: Գտնում եմ, որ Երկրապահի շուրջ այս տարաձայնությունները ոչ ի նպաստ են այն միջանձնային հարաբերություններին, որը կա ազատամարտիկների միջեւ: Այն տարիներին էլ նշանակություն չուներ, թե ով է եղել իշխանության մեջ, ով է թոշակի անցել եւ այլն»,- ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, իրեն որեւէ առաջարկ չի եղել ԵԿՄ-ից դուրս գալու վերաբերյալ. «Առաջինը՝ նման առաջարկ չի էլ կարող լինել հենց միայն մի պատճառով, որ ես ու Մանվել Գրիգորյանը մեծ մարտական ուղի ենք անցել, մեր այս ընկերությունը սկսվել է դեռեւս 1988-ից: Մեր անցած ուղին այնպիսին է, որ չի կարող իրար կողքի լինել- չլինելու հարց առաջացնել եւ սա գիտակցում են բոլորը»:

5-րդ մոտոհրաձգային ջոկատի հրամանատար Ֆելիքս Ավագյանը (Պալկովնիկ) այսպես արձագանքեց մեր հարցին. «Եկեք իրերը ճիշտ անուններով կոչենք՝ ԵԿՄ-ից դուրս եկողներից ոչ մեկն ինձ մարտական ընկեր չի եղել, անշուշտ՝ նրանց մեջ լավ մարդիկ կային: Բայց, օրինակ, Երանոսյան Լյովան կամ Պողոսյան Ֆելիքսը ինձ մարտական ընկեր երբեք չեն լինի: Պողոսյան Ֆելիքսի մասին լսել եմ, թե իրեն ինչպես է մարտի դաշտում պահել, իր վախկոտությունը հենց այնտեղ է ցույց տվել: Ես չեմ տեսել, որ նա երբեւէ առաջին գիծ դուրս գա, իր մարտական ընկերների հետ լինի, խրախուսի նրանց: Երբ մենք «օպերացիա» էինք իրականացնում, ինքը գնաց հիվանդանոց՝ «կիստան» հանել տվեց, երկրորդ անգամ էլ գնաց ոտքի «չիբանը» կտրել տվեց: Պատերազմի ժամանակ նա մեծ մասն անցկացրել է Երեւանում»: Ապա ավելացրեց. «Երանոսյան Լյովայի մասին էլ կարող եմ նույնն ասել, որ հիմա մեծ պաշտոն է զբաղեցնում՝ կորպուսի հրամանատար է: Նա էլ Արցախում ամեն ինչով զբաղվել է, բացի մարտական գործողություններից: Այն ժամանակ պաշտպանության նախարարի տեղակալ էր Աստվածատուր Պետրոսյանը: Չեմ հավատում, որ նա էլ մասնակցած լինի ռազմական գործողություններին, ինչքան տեսել եմ նկարահանված կադրերում՝ ավտոմատը ուսին գցած, ձեւական՝ կադրում երեւալու համար, կանգնած է եղել ուղղաթիռի կողքին ու հետո նորից ետ է գնացել: Ինձ հետաքրքիր է, թե այդ մարդկանց մեջ ինչն է եղել առաջնայինը՝ մարտական ընկերնե՞րը, իրենց հրամանատա՞րը, որը Երանոսյանին ու Պողոսյանին ականջից բռնած է բարձրացրել իրենց հիմիկվա պաշտոնին, թե՞ այլ բան: Զարմանում եմ, թե իրենք ինչի համար են պարգեւատրվել, ասենք՝ «Մարտական խաչ» մեդալով եւ այլն: Իրենց ոնց են թույլ տվել վերցնել այդ պարգեւը, երբ ոչինչ չեն արել դրան արժանանալու համար: Իրենք պարզապես արիաբար թաքնվել են ու իրենց արածը այլ բան չի որակվում, քան դավաճանություն»: Անուններ չտալով՝ նա նշեց, որ ով չի հետեւում ԵԿՄ-ից դուրս եկած երկրապահների օրինակին, այս օրերին հեռացվում է բանակից:

Ազատամարտիկ Նահապետ Թումանյանն էլ (Նավո) նշեց, որ ԵԿՄ-ն ոչ մեկի սեփականությունը չէ եւ ոչ ոք իրավունք չունի ԵԿՄ-ի անունից հայտարարություն անել, առավել եւս՝ 14 հոգին խոսի մի քանի հազար ազատամարտիկների անունից: Նա նշեց, որ ԵԿՄ-ի շարքերը լքելու համար բանակցություններ կարող են վարել միայն այն մարդկանց հետ, ովքեր բախտի բերմամբ են հայտնվել այդ դիրքին: «Եթե այդքան ժամանակ ունեն՝ թող մտածեն այն հրամանատար ազատամարտիկների մասին, ովքեր քաղաքական դրդապատճառներով այս օրերին կալանավորված են: Ինչո՞ւ նրանց մասին չեն մտածում ու ընկել են ազատամարտիկների հետեւից, իրարից պառակտում են»,- նշեց Ն. Թումանյանը:

ԵԿՄ Մեղրու տարածքային կառույցի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ասաց, որ այդ 14 հոգին առաջին հերթին դավաճանեցին իրենց ժողովրդին, հետո Վազգեն Սարգսյանին, Մանվելին ու իրենց ազատամարտիկ ընկերներին: Նա տեղեկացրեց, որ «դժգոհողների» ու ԵԿՄ-ի միջեւ երբեւէ երկխոսություն չի եղել, թե այսինչ բանը մեր դուրը չի եկել: Իր տեղեկացմամբ, այդ 14 հոգու հետ վերջերս պաշտպանության նախարարության շենքում անձամբ հանդիպել է նախարար Սեյրան Օհանյանը, եւ մոտ օրերս էլ սպասվում է երկրորդ հանդիպումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել