Լրահոս
Օրվա լրահոսը

Շենքը հայտնվել է շրջափակման մեջ

Սեպտեմբեր 02,2008 00:00

«Շին Պլաստ» ընկերության կողմից իրականացվող շինարարության հետեւանքով Հալաբյան փողոցի թիվ 34 ա շենքի բնակիչները քուն ու դադար չունեն:

Մետաղապլաստե եւ ալյումինե դռների եւ պատուհանների արտադրությամբ զբաղվող «Շին Պլաստ» ընկերության տնօրեն Հայկ Ալավերդյանը, չբավարարվելով մայրաքաղաքի Հալաբյան փողոցի 34ա հասցեում գտնվող իր արտադրամասի տարածքով, որոշել է նույն շենքի բնակիչների բակի հաշվին մեծացնել իր տարածքն ու բիզնեսն ընդլայնել: 2003-ից սկսված եւ մինչ օրս շարունակվող այս շինարարության պատճառով՝ շենքի մոտ 270 բնակիչներ հայտնվել են անելանելի վիճակում: Բանն այն է, որ շենքի 4 կողմը «սեփականաշնորհած» Հ. Ալավերդյանը տակնուվրա է արել ողջ բակը: Շինարարության ընթացքում կառուցապատողները, բնակիչների հավաստմամբ, ավելի քան 25 ծառ են արմատախիլ արել ու վերացրել շենքի բակում գտնվող գազոնները: Բացի այդ, բանվորները քանդել ու դեն են նետել շենքի հարեւանությամբ գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի համար նախատեսված նստարաններն ու ծածկը, նաեւ հեռախոսային խցիկը: Շենքի համատիրության նախագահ Ժորա Հակոբյանի խոսքերով. «Մեր շենքը հայտնվել է բլոկադայի մեջ: 3 հարկանի շենքի բարձրության չափով փորել են շենքի հիմքը, ինչի հետեւանքով խարխլվել է շենքի հիմքն ու խախտվել է սեյսմակայունությունը: Շենքի բակի շինարարության շարունակական աղմուկի հետեւանքով նույնիսկ երեխաներ են հիվանդացել»: Արհամարհելով շենքի բնակիչների իրավունքները, կառուցապատողը ցանկապատել է իր տարածքն ու շենքին մոտեցող ճանապարհի վրա դուռ է տեղադրել, որտեղ օրվա գրեթե յուրաքանչյուր պահի կանգ են առնում իրենց բեռնատար մեքենաներն ու փակում թե՛ շենքի բնակիչների, թե՛ նրանց մեքենաների ճանապարհը: Բնակիչների հավաստմամբ. «Շին Պլաստի» շինարարությունը ոչ մի րոպե կանգ չի առնում, մենք քնում ու արթնանում ենք բուլդոզերների աղմուկի տակ: Օրվա մեջ 24 ժամ մեր պատուհանների տակ աշխատում են բանվորները»: Ի պատասխան շենքի թիվ 1 բնակարանի բնակիչ Դավիթ Սահակյանի եւ դիմումատու մյուս բնակիչների գրավոր հարցման, քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունը 2007-ի հուլիսի 27-ին պատասխանել է, որ իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կառուցապատողն առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ձեւակերպման եւ շինարարության թույլտվության՝ Հալաբյան փողոցի 34 ա հասցեում իրականացրել է շինարարական աշխատանքներ, ինչի մասին գրությամբ հաղորդում է ուղարկվել Երեւանի քաղաքապետին՝ ինքնակամ շինարարական աշխատանքները կասեցնելու եւ կառուցապատողին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Սակայն քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ապօրինի կառույցի շինարարությունը դադարեցնելու փոխարեն, քաղաքաշինության նախարարության գրավոր հաղորդումը ստանալուց 1 ամիս հետո հապճեպ ճանաչել է օրինական սեփականություն, ընդ որում՝ հետին թվով (05.06.2007): Ստացվում է, որ քաղաքաշինության նախարարությունը սխալ է կատարել իր ուսումնասիրությունները եւ տեղյակ չի եղել քաղաքապետի որոշմանը: Իսկ իրականում՝ կառուցապատող Հայկ Ալավերդյանը մոտ 5 տարի անօրինական կերպով հսկայածավալ շինարարություն է իրականացրել, եւ միայն բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո որոշել, գլուխն ազատելու համար, «ձեռքի հետ» կառուցապատման թույլտվություն ստանալ: Համատիրության նախագահ Ժ. Հակոբյանի հավաստմամբ, տեսնելով, որ հանրապետության բոլոր պաշտոնյաներին դիմելուց հետո «սայլը տեղից չի շարժվում», շենքի բնակիչներից ոմանք վաճառել են իրենց բնակարաններն ու տեղափոխվել: Սակայն միայն այն հանգամանքը, որ կառուցապատողը փակել է շենքի առաջին 3 հարկերի բնական լույսը, իսկ շենքի բակում տիրող 24-ժամյա շինարարական աղմուկ է, գնորդները հրաժարվում են այդտեղ բնակարան գնել: Ժ. Հակոբյանի ներկայացմամբ. «Ես էլ եմ հիմա ճարահատ ցանկանում բնակարանս վաճառել: Բայց իմ բնակարանը գտնվում է 3-րդ հարկում, ննջասենյակիս լուսամուտը համարյա փակվել է, էլ չեմ խոսում անտանելի փոշու եւ կեղտի մասին: Եթե առաջ բնակարանս կարող էի վաճառել $90 հազարով, հիմա $60 հազարով էլ չեն առնի»: Շենքի բնակիչները դիմել են Աջափնյակ-Դավիթաշեն համայնքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի գոնե դատական կարգով վերականգնվեն իրենց իրավունքները, սակայն դատարանը վճիռը կայացրել է հօգուտ կառուցապատողի եւ նշել, որ բնակիչները պետք է ավելի քան $106 միլիոն վճարեին կառուցապատող Հայկ Ալավերդյանին, քանի որ նա շինարարության ընթացքում այդքան ներդրում է կատարել:

Ըստ բնակիչների, Հայկ Ալավերդյանը Կիրովաբադ քաղաքում ապրել է քաղաքապետ Երվանդ Զախարյանի հարեւանությամբ, ու հենց հարեւանական կապերն էլ հիմք են հանդիսացել, որ քաղաքապետը նրան սուպերմարկետի շինարարության համար առանց օրինական փաստաթղթերի տարածք տրամադրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել