Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՄԻ ԵՐՐՈՐԴ ՈՒԺ»

Սեպտեմբեր 02,2008 00:00

\"\"Վստահ է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը

Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ (թեեւ դեռ չկա պաշտոնական տեղեկատվություն)՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ընդունել է մեր երկրի նախագահի հրավերը եւ մասնակցելու է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին: Մինչ այդ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականին «ռուսամետ» հարցազրույց տվեց, եւ դրանից անմիջապես հետո Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ մինչեւ սեպտեմբերի 12-ը դադարեցնում է քաղաքական ակցիաները, Հյուսիսային պողոտայում նստացույցը, հետաձգում է սեպտեմբերի 5-ին հայտարարված հանրահավաքը եւ այլն: Ակնհայտ է, որ կատարվեցին քայլեր, որոնք ուղղված են երկրի կայունության ապահովմանը եւ բավականին ձեռնտու են պետությանն ու իշխանություններին: Այս պահին միակ ընդդիմադիրը մնում է դաշնակցությունը, ով այսօր հանրահավաք է հրավիրել Մատենադարանի մոտ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Առավոտի» հետ զրույցում ասել էր, որ իրենց հանրահավաքն ուղղված չէ այլ խնդիրների, այն նվիրված է Արցախի ազատագրման 17-ամյակին եւ հանրահավաքի ժամանակ հնչելու են բացառապես հայրենասիրական կոչեր:

«Առավոտը» Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանին հարցրեց, արդյո՞ք համամիտ չէ, որ այս պահին իր կատարած քայլերով Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի է օգնում նախագահ Սերժ Սարգսյանին, քան ուրիշները: Ըստ Համլետ Հարությունյանի, ցանկացած ողջամիտ քայլ, անկախ նրանից, թե ում կողմից է արվում, ողջունելի է. «Իսկ ո՞վ է ասել, թե ընդդիմությունը պետք է անպայման բացասական քայլեր անի, շատ դեպքերում ընդդիմությունը կարող է մեծապես նպաստել պետականության կերտմանը, ամրապնդմանը եւ այս պայմաններում ես գտնում եմ, որ Հյուսիսային պողոտան բացելը, ցույցերի եւ հանրահավաքների անցկացումը հետաձգելը շատ ողջունելի քայլ է, եթե դա ունենա իր տրամաբանական շարունակությունը, ձեւական չլինի եւ մնացած բոլոր գործողություններում զգացվեն ընդդիմության տրամաբանական քայլերը: Նման մտածելակերպի դեպքում չէր լինի «Մարտի 1»-ը, չէին լինի այն բացասական երեւույթները, որոնք կան հասարակության շերտերում: Ցանկացած ընդդիմության մոտեցում առողջ է եւ ողջունելի, եթե նա ոչ թե չարախնդում է իշխանությունների թույլ տված բացթողումների վրա, այլ փորձում է իր քայլերով եւ վարքագծով ուղղել իշխանությունների կողմից թույլ տրված որոշակի սխալներ: Բնականաբար, ցանկացած ընդդիմություն ժողովրդի մեջ կունենա ավելի մեծ վարկանիշ, եթե ժողովուրդը համոզվի, որ ընդդիմությունը ոչ թե իշխանատենչությանն է տուրք տալիս, այլ իրապես կանգնած է պետականության ակունքներում եւ իր գործելակերպով նպաստում է դրա ամրապնդմանը»:

ՀՀԿ պատգամավորը հայտարարեց, որ իր ուզածը միայն մեկ բան է. «Ունենալ քաղաքակիրթ իշխանություն եւ քաղաքակիրթ ընդդիմություն»: Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, պարոն Հարությունյանն ասաց. «Հենց իշխանությունները, երկրի նախագահը առաջինը կոչ արեցին միասնականության եւ երկխոսության, բայց իմ կարծիքն այն է, որ այստեղ ո՛չ իշխանությունն է մեղավոր, ո՛չ էլ ընդդիմությունը: Իրականում՝ կարծես կա մի «երրորդ ուժ», որը հաճախ թույլ չի տալիս, որ այս հիմնական ուժերը երկխոսեն»: Խնդրեցինք, որ պատգամավորը ավելի կոնկրետ ասի, թե ո՞վ կամ ովքե՞ր են ներկայացնում այդ «երրորդ ուժը»: Կոնկրետ անուններ խուսափեց թվարկել, բայց ասաց հետեւյալը. «Այդ «երրորդ ուժը» ես համարում եմ այն ուժերին, որոնք չեն ուզում, որ Հայաստանում լինի կայուն տնտեսական եւ քաղաքական իրավիճակ: Դրանք չես կարող անուններով ասել, դրանք հատուկ անուններ չեն, որ ասես՝ էսինչ-էսինչյանը կամ՝ էնինչ-էնինչյանը: Այստեղ ավելի բարդ տարածաշրջանային խնդրի հետ գործ ունենք, դա այս տարածաշրջանում խոշոր երկրների հակասություններն են, եւ բոլոր դեպքերում այդ «երրորդ ուժը» երբեք չի հետաքրքրվել ոչ մեր երկրի կայունությամբ, ոչ մեր քաղաքական ուժերի ազնվությամբ, նրանք միայն իրենց սեփական շահերն են հետապնդում»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե, պատգամավորի կարծիքով, ինչո՞ւ Աբդուլլա Գյուլը ընդունեց մեր երկրի նախագահի հրավերը (կրկնենք՝ ըստ ոչ պաշտոնական աղբյուրների) եւ ինչո՞ւ է գալիս, հասկանալի է, չէ՞, որ ֆուտբոլը միայն պատրվակ է: Պարոն Հարությունյանի պնդմամբ, Թուրքիան եւս իր խնդիրներն ունի, եւ առաջին հերթին՝ ցեղասպանության խնդիրը: Ըստ մեր զրուցակցի, եթե ցեղասպանության խնդիրը չլուծվի, ապա այն դառնալու է ողջ Թուրքիայի պատմության ուղեկիցը. «Ի վերջո, կարծում եք, Թուրքիան չի՞ ուզում լուծել ցեղասպանության այս պրոբլեմը եւ այն դուրս բերել իր կենսագրությունից»:

Հրավիրելով Թուրքիայի նախագահին, Սերժ Սարգսյանն ինքնատիպ լուծում տվեց հայ-թուրքական հարաբերությունների ընթացքին, շախմատային լեզվով՝ հաղթող քայլ կատարեց: Այս դիտարկմանն ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ նման բաները չի կարելի անձնավորել. «Ես զարմանում եմ, որ նախագահին անուն-ազգանունով են ասում, անհատը եւ նախագահը տարբեր հասկացություններ են, դա Սերժ Սարգսյան անհատի ցանկությունը չէ, դա մեր պետության շահերից բխող քայլ է, որն իրականացնում է տվյալ պահին տվյալ երկրի կառավարիչը»:

Հիշեցրինք, որ Սերժ Սարգսյանի այս հրավերից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ եթե ինքը լիներ երկրի նախագահը՝ Թուրքիայի նախագահին երբեք չէր հրավիրի միասին ֆուտբոլ դիտելու: Պարոն Հարությունյանն ասաց, որ ինքը հարցին մոտենում է որպես պատմաբան. «Այստեղ Քոչարյանը կլինի, ես կլինեմ, թե դուք կլինեք՝ էդ ո՞վ է ասել, թե Քոչարյանն անսխալական է կամ Լեւոն Տեր-Պետրոսյանն է անսխալական, դեռ ոչ մեկը չգիտի, թե ով է ճիշտ, պատմությունն է գնահատում անձերին: Իսկ Սերժ Սարգսյանի քայլը եւ Գյուլի կողմից նրա հրավերի ընդունումը ես համարում եմ խելամիտ քայլի արդյունավետ պատասխան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել