Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԿԱ ԵՎ ՍՊԱՍՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Սեպտեմբեր 02,2008 00:00

«Ընտրական օրենսգրքի» 21 հոդվածի համաձայն՝ «Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների եւ անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ»:

Սակայն երեկ «Ուրբաթ» ակումբում ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ապացույցներ ներկայացրեց, որ Արաբկիրի համայնքապետի սեպտեմբերի 7-ին կայանալիք ընտրություններում խախտվում է օրենքի այդ դրույթը: Այսպես, համայնքապետի թեկնածու Ալբերտ Երիցյանի քարոզչական բուկլետի վրա միայն նշված է. «Պատրաստված է «Սբայդվեբ թեքնոլոջիս» ընկերության կողմից: Տպաքանակը 15 հազար օրինակ»: Ավագանու թեկնածու Հարություն Կոստանյանի բուկլետի վրա նշված է. «Տպագրված է «Ան-ջոն» հրատարակչությունում: Տպաքանակը՝ 500 օրինակ»: Իսկ համայնքի ավագանու անդամ դառնալու հայտ ներկայացրած Տիգրան Մամիկոնյանն իր բուկլետի վրա չի նշել օրենքով պահանջվող եւ ոչ մի տվյալ: Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ «Հասկանալի է, որ սրանք բոլորը վերաբերում են քարոզչության մեջ ստվերային գումարներ ուղղորդելուն, որոնք նախընտրական հիմնադրամներում արտացոլված չեն»: Նաեւ հայտնեց, թե Արաբկիրի համայնքապետի թեկնածու Հովհաննես Շահինյանի նախընտրական բուկլետներում էլ կա նույն օրինախախտումը: Եվ այս ամենի մասին դիմում-բողոքներ են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

Ստեփան Սաֆարյանը նաեւ ահազանգեց քվեարկության օրը սպասվող խախտումների մասին, ինչի մասին տեղեկացել են այլ թեկնածուների շտաբներից. «Մենք ստույգ տեղեկություններ ունենք, որ լինելու են երիտասարդական խմբեր, որոնք մոտենալու են հանձնաժողովի համապատասխան անդամին եւ, ունենալով տվյալներ, թե որ բնակիչն է բացակայում՝ ցույց են տալու նրա անվան տողը եւ քվեարկելու են ուրիշի փոխարեն»: Ստեփան Սաֆարյանը վստահեցրեց, թե ունեն ընտրակեղծիքների վերահսկողության մեխանիզմներ: Իսկ Արաբկիրի համայնքապետի թեկնածու Զոյա Թադեւոսյանը լրացրեց, թե այդ մեթոդները շատ դաժան են. «Մենք մեղմ միջոցառումներով, աղմուկ-աղաղակով կռիվ չենք տալու՝ հետո թողնելու, որ իրենք գործը շարունակեն… Մենք ուղղակի նույն պահին կկազմենք համապատասխան արձանագրությունը եւ հաղորդում հանցագործության մասին եւ կուղարկենք դատախազություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել