Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, այնուամենայնիվ, կմեկնի Հայաստան՝ ներկա գտնվելու սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը: «Ֆրանսպրես» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահի գրասենյակը չի հաստատել «Վաթան» օրաթերթի հրապարակումը՝ նշելով, այդուհանդերձ, որ «եթե այցը կայանա, այն կնպաստի հարեւան երկրների հարաբերությունների բարելավմանը»: «Վաթանը» հաղորդել է նաեւ, թե «Գյուլը կմեկնի հանդիպմանը եւ կվերադառնա նույն երեկոյան»՝ հավելելով, որ նախագահի աշխատակազմը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա առաջիկա օրերին:
Իսկ «տարածաշրջանային կայունության եւ անվտանգության պլատֆորմ ձեւավորելու՝ պաշտոնական Անկարայի վերջին առաջարկն այս շաբաթ կքննարկվի պաշտոնական Երեւանի հետ»: «Ասոշիեյթեդ պրեսի» հաղորդմամբ, այդ մասին, մասնավորապես, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նա նշել է, թե հարցը քննարկվելու է Հայաստան թուրքական պատվիրակության այցի ժամանակ: Մինչ այդ, նախաձեռնությունը քննարկելու նպատակով այսօր Ստամբուլ կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը: «Կովկասում ապրող ժողովուրդներն ընդհանուր ապագա ունեն, ինչպես որ ընդհանուր է նրանց պատմությունը,- նախօրեին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու հավելել. «Մենք բոլորս պարտավոր ենք աշխատել այդ ապագան ձեւավորելու ուղղությամբ»: «Երբ լռում են թնդանոթները, գալիս է դիվանագիտության ժամանակը: Այժմ կողմերից յուրաքանչյուրը պետք է առավել սառնասիրտ դիրքորոշում որդեգրի՝ տարածաշրջանում նոր լարվածությունից ու անհամաձայնությունից խուսափելու համար: Ինչպես ցույց է տվել պատմությունը՝ որեւէ մեկը այդ լարվածությունից չի շահում, փոխարենը՝ յուրաքանչյուրը ինչ-որ բան կորցնում է»,- ասել է Բաբաջանը:
Կովկասում կայունություն եւ անվտանգություն ապահովելու նպատակով Թուրքիան առաջարկում է, որ տարածաշրջանի 5 երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, համապատասխան համաձայնագիր ստորագրեն: Ռուս – վրացական հակամարտության առաջին իսկ օրերին երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այդ առաջարկով մեկնել էր նախ Ռուսաստան, ապա Վրաստան: Պաշտոնական Անկարայի պնդմամբ՝ սա մի մեխանիզմ է, որը նպատակ ունի ամրապնդել հարեւան 5 պետությունների միջեւ համագործակցությունը, հատկապես՝ տնտեսության ոլորտում եւ փոխշահավետ կապերի արդյունքում ստեղծել վստահության եւ անվտանգության մթնոլորտ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, պաշտոնական Բաքուն նախորդ շաբաթ արդեն հայտնել էր իր սկզբունքային համաձայնությունը: Երեկ կայացած քննարկումներում այն պաշտպանել է նաեւ Վրաստանի արտգործնախարար Էկատերինե Տկեշելաշվիլին, սակայն մեկ նախապայմանով. «Ռուսական զորքերը պետք է լքեն Վրաստանը. մեզ համար դժվար է քննարկել համագործակցությունը, քանի դեռ Մոսկվան չի ապացուցել, որ վստահելի գործընկեր է»: