Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ»

Սեպտեմբեր 02,2008 00:00

Ասում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար, ղեկավարի թեկնածու Արայիկ Քոթանջյանը

– Ինչպես բոլոր համայնքներում, այնպես էլ Քանաքեռ-Զեյթունում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Ցանկանում եք երկրորդ անգամ դառնալ համայնքի ղեկավար, չե՞ք խուսափում արդյոք այդ խնդիրներից:

– Ամենեւին էլ չեմ խուսափում: Ես գիտեմ համայնքի բոլոր խնդիրները: Բավականին աշխատանք է կատարված: Շատ գործեր էլ ընթացքի մեջ են: Ամենակարեւորը` թաղապետարանում գործում է մի մեխանիզմ, որի շնորհիվ բոլոր բաժիններն աշխատում են այնպես, որ հնարավորինս արագ ու արդյունավետ լուծում տան բնակիչների կողմից բարձրացված հարցերին: Հենց այս մեխանիզմի շնորհիվ է, որ թաղապետարանի ոչ մի աշխատասենյակի մոտ չկա բնակիչների կուտակում, նվազել է դիմումների քանակը: Թաղապետարանում գործում է «մեկ պատուհան» համակարգը, որտեղ դիմելով որեւէ խնդրով` բնակիչը ստանում է լիարժեք պատասխան: Եթե խնդիրը թաղապետարանի իրավասության շրջանակում է, փորձում ենք լուծել, եթե ոչ՝ նրան ուղղություն ենք ցույց տալիս, թե որտեղ կարող է դիմել: Ուզում եմ ասել, որ այս մեխանիզմը մշակելու ու ներդնելու արդյունքում մեզ հաջողվեց «պտտել անիվը», որն էլ դարձավ մեր հաջողության թիվ 1 գրավականը:

3 տարի առաջ Քանաքեռ-Զեյթուն համայնքը խավարի մեջ էր, մենք չենք ունեցել գոնե մեկ փողոց, որը լուսավորված լիներ, իսկ այսօր մտածում ենք լուսավորության ծրագրի ավարտի մասին: 2009թ. բյուջեն կազմելիս գործնականում կլուծենք լուսավորության խնդիրը: Գերխնդիր էր համայնքում բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների չլինելը, փողոցներում փոքր աղբամաններ ընդհանրապես գոյություն չունեին: Սրանք խնդիրներ են, որոնք սկսել ենք լուծել: Այսօր մենք մտածում ենք մուտքերի դռների տեղադրման գործընթացի ավարտի մասին։ Իհարկե, խնդիրները չեն վերջանում սրանով, ուղղակի մի դաշտը մաքրում ենք եւ անցնում ենք այլ դաշտի։ Օրերս համայնքի բանկիչներից մեկը ինձ դիմեց ասելով՝ շենքերի մուտքերի դռները տեղադրել եք, բայց մուտքը վերանորոգված չէ: Հաջորդ փուլում պետք է անցնենք մուտքերի վերանորոգման աշխատանքներին:

Խնդիրներ միշտ էլ լինելու են, ուղղակի պետք է անել այնպես, որ դրանց որակները փոխվեն: Համայնքում շուրջ 20 խաղահրապարակ ենք կառուցել, բայց կարիք ունենք 200-ի:Եթե ունենանք 200 խաղահրապարակ, դրանք անընդհատ վերանորգելու եւ պահպանելու խնդիր ենք ունենալու:

– Այդքան աշխատանք անելուց հետո, ինչպե՞ս եք հանձնելու ձեր պաշտոնը մեկ այլ թեկնածուի:

– Մարդ, որ նույն բնագավառում երկար է աշխատում, գործնականում լճանում է: Իհարկե, լինում են նաեւ դեպքեր, երբ մարդը դառնում է արհեստավարժ: Տարիները ցույց կտան, ոչինչ բացառված չէ, բայց, իմ կարծիքով, պետական պաշտնում երկու ժամանակաշրջանից ավելի աշխատել չի կարելի:

– Ընտրություններից առաջ խոստումներ տալի՞ս եք:

– Խոստումների մեջ շատ ժլատ եմ: Նույնիսկ հիշում եմ 2005-ի քարոզարշավի ժամանակ իմ մասին նյութեր հրապարակվեցին, որոնց միտքը սա էր՝ ոչինչ չխոստացող թեկնածու: Ես այն ժամանակ էլ խոստումներ չեմ տվել, քանի որ ցանկացած խոստում տալիս պետք է հասկանաս՝ ունակ ես կատարելու, թե՝ ոչ: Եթե մարդը խոստանում է, որ լողավազաններ եւ սպորտդպրոցներ է կառուցելու, պետք է հասկանա, թե ինչ միջոցներով է այդ ամենն անելու, ինչ գումարների հաշվին: Մեր համակարգում այդպիսի մեծ գումարներ չկան:Կամ եթե անգամ խոստանում է, այդ գումարը ո՞ր ոլորտից է վերցվելու՝ մանկապարտեզների՞ց, երաժշտական դպրոցների՞ց, թե՞ սոցիալապես անապահով խավից: Այդ իսկ պատճառով խոստումների մեջ փորձում եմ շատ զգուշավոր լինել:

– Այնուամենայնիվ, ի՞նչ եք խոստանում՝ որպես թեկնածու:

– Խոստանում եմ աշխատել, խոստանում եմ այն տեմպերով աշխատել, որը բնակչությունը տեսել է, խոստանում եմ, որ հիմա ավելի մեծ թափով է պտտվելու մեր ստեղծած մեխանիզմը, խոստանում եմ Քանաքեռ-Զեյթուն համայնքի այն վարկանիշը, որ ունի հիմա, իսկ դա բավականին բարձր վարկանիշ է, պահպանել: Այսօր մեր համայնքը ֆինանսապես գտնվում է բավականին բարձր հարթության վրա: Այդ բարձր հարթությունը պետք է պահել: Խոստանում եմ նաեւ երկուկես տարվա արդեն տեսանելի աշխատանքը վաղը ավելի տեսանելի դարձնել:

– Ձեզանից բացի համայնքի ղեկավարի թեկածու առաջադրվել է նաեւ ընդդիմության թեկնածու, որն, ըստ շրջանառվող լուրերի, շատ ձայներ կհավաքի: Ի՞նչ եք կարծում, կհաղթե՞ք:

– Իհարկե:Ես իմ աշխատանքով եմ ներկայանում, ոչ թե խոսքով:

– Համայնքը տարիներ շարունակ մշակութային կյանքով չի ապրել: Ի՞նչ եք արել այս բնագավառը կյանքի կոչելու համար եւ ի՞նչ եք պատրաստվում անել:

– Համայնքում ունեցել ենք մեկ մշակույթի տուն, որը 20 տարի փակ էր: Այնտեղ նույնիսկ մի փախստական էր ապրում: Դեռեւս 2005թ. իմ նախընտրական ծրագրում նշել էի մշակույթի տան վերաբացման կարեւորության մասին։ Տարիների ընթացքում եղածը քայքայվել էր, մեկ տարի տեւեց մինչեւ բացեցինք այն, բայց կարողացանք: Նախ փոխեցինք տնօրենին՝ մի երիտասարդի հրավիրեցինք, որն իրեն լիովին արդարացնում էL: Հնարավորինս վերանորգեցինք շենքը: Այսօր այդտեղ գործում են տարբեր խմբակներ, համակարգչային դասարան, մոտավորապես 200 երեխա է հաճախում: 2009թ. ծրագրով կառավարության աջակցությամբ նախատեսվում է հիմնովին վերանորոգել մշակույթի տունը:

– Համայնքի բնակիչները շնորհակալություն հայտնե՞լ են:

– Ինչի համար պետք է շնորհակալություն հայտնեին: Դա իմ պարտականությունն է: Նրանք հակառակը, կարող են իրենց դժգոհությունը հայտնել, թե ինչու ավելի շուտ չենք բացել մշակույթի տունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել