Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 30,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ քսանվեցերորդ

ՋԻՎԱՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Հիմա արդեն Վիոլետին տված հարցազրույցս ծայրեծայր վերափոխել ու վերաշարադրել եմ, ու խիղճս էլ համեմատաբար հանգիստ է, որովհետեւ Վիոլետին ասածներս միանգամայն փափկացրել ու հնարավորինս ընդհանրացրել եմ, եւ, որ ամենակարեւորն է, երեսունհինգ տարվա էդ կեղծ ընկերության մասին որեւէ հիշատակություն չկա. այսինքն, մեր էդ երկարուձիգ ընկերությունը ոչ եղել է եւ ոչ էլ պետք է՝ որ եղած լինի, եւ չնայած վերաշարադրման ընթացքում համոզվեցի, որ ավելի լավ կլիներ՝ եթե էդ հարցազրույցս ընդհանրապես չլիներ, բայց էս քանի օրն էդ հարցազրույցիս կապակցությամբ Հրաչին ու Վիոլետին էնքան եմ չարչարել, որ էդ հարցազրույցից հրաժարվելն ու հետ կանգնելն իմ կողմից անշնորհքություն կլինի, եւ հիմա, երբ էս ամենն արդեն հասկացել ու վերաշարադրանքս հանձնել եմ Վիոլետին, էդ վերաշարադրածս վերհիշում ու մտածում եմ, որ էդ վերջին տարբերակն էլ է բավական կոպիտ ու ահագին անձնական, մանավանդ որ, վստահ եմ, կողքից մշտապես շիրա տվողներն էս անգամ ջանք չեն խնայելու, որպեսզի կոպտությունս հնարավորինս երեւելի ներկայանա, եւ չնայած էդ վերաշարադրանքովս վերջնականապես եմ վերջ դրել երեսունհինգ տարվա մեր էդ երկուստեք կեղծիքին ու զեղծարարությանը, այդուհանդերձ, մեջս ահագին ցավ ու ափսոսանք կա, որովհետեւ մեր բազմամյա կեղծիքի վերջն իմ կողմից ու իմ անունից եւս դնելով՝ հիմա ցավով ըմբռնում եմ, որ էսպիսով ոչ թե կեղծիքն է վերանում, այլ՝ ամբողջ երեսունհինգ տարի իմ ու ընկերոջս կյանքից, բայց էս ասածս էլ է ենթադրություն, որովհետեւ եթե մինչեւ հիմա բերանով էի ասում՝ երեսունհինգ տարի, հիմա արդեն էդ երեսունհինգ տարիները մեկ առ մեկ ու դրվագ առ դրվագ աչքիս առաջ են գալիս, եւ հերիք չի՝ էդ երեսունհինգ տարիները մտքիցս ու տեսադաշտիցս ոչ մի կերպ դուրս չեն մղվում, ահա էս վեպիս տարածքն էլ են սկսում իրենցով անել, եւ չնայած որոշել էի էս վեպիս միջոցով կյանքս մի քիչ սրբագրել, եւ չնայած գլխանց որոշել էի սրբագրված կյանքիցս դուրս մղել անցանկալի իրողություններն ու անցանկալի մարդկանց, հիմա արդեն սկսում եմ հասկանալ, որ իմ կյանքում ամենաավելորդն ու ամենաանցանկալին ինքս եմ եղել, եւ ինչքան էլ ցանկանամ՝ չեմ կարող ինձ իմ կյանքից դուրս մղել, եւ ինչքան էլ փորձեմ՝ չեմ կարող ինձ հեռացնել իմ իսկ կյանքից, որովհետեւ էսքանից հետո էլ ու էս պահին էլ ինձ համար կյանքն ավելին է, քան՝ գրականությունն ու մանավանդ պոեզիան, եւ եթե վերջին տարիներին բուքմեյքերական զանազան տարածքներում զանազան նոր ընկերներ եմ ճարել, դա ինձ իրավունք չի տալիս հրաժարվել հներից, մանավանդ որ՝ էս նորերս դեռեւս նորմալ փորձաշրջան չենք էլ անցել եւ եթե որոշ չափով անցել ենք, էդ փորձաշրջանն առանձնապես մեր օգտին չի խոսում, որովհետեւ բուքմեյքերական էս նորագույն տարածքներում էլ է ընկերություն կոչվածը չափազանց արագ հնանում ու բորբոսնում, եւ եթե որեւէ խաղի վրա խաղադրույք ես դնում ու տանուլ ես տալիս, էստեղի էս նորագույն ընկերներդ իսկույն վրա են տալիս ու սկսում են անթաքույց կարեկցել ու ցավակցել քեզ, բայց երբ կլորիկ մի գումար ես շահում ու ներքուստ ցնծում ես, սրանց չկամությամբ ու դժգոհությամբ լեցուն հայացքներն անմիջապես մատնում են սրանց հոգիների անբավարար ու անօգնական վիճակները, եւ չնայած իրենց շահած պահերին իմ հայացքն ու աչքերիս արտահայտությունը չեմ տեսել, բայց ձեզ կարող եմ հավատացնել, որ ես էլ իրե՛նց ցնծությունն ու ուրախությունը չեմ կարողանում հետները կիսել, որովհետեւ, ինչպես բանաստեղծն իր ընկեր բանաստեղծի մի հաջողված ոտանավորով չի կարողանում սրտանց ոգեւորվել ու ուրախանալ, եւ նկարիչն էլ իր ընկեր նկարչի հաջողությամբ չի ցնծում, էդպես էլ խաղամոլներս միմյանց հաջողությամբ չենք ուրախանում, որովհետեւ նույնպես կոլեգաներ ենք եւ նույն գործն ենք անում, ու միայն միմյանց անհաջողության պահերին ենք կարողանում սրտանց կարեկցել ու ցավակցել, եւ հիմա էս առթիվ հիշելով Ջիվանու «լայն օրերուս ուրախացող կեղծ ընկեր» արտահայտությունը՝ վստահաբար կարող եմ ասել, որ Ջիվանին իր էդ ձեւակերպմամբ չարաչար է սխալվել, որովհետեւ իմ ու ընկերներիս փորձից կարող եմ ձեզ վստահեցնել, որ բնության մեջ ճիշտ հակառակն է պատահում ու լինում. այսինքն, Ջիվանին ոչ թե պիտի գրեր՝ «լայն օրերուս ուրախացող կեղծ ընկեր», այլ, ընդհակառակը, պիտի գրեր՝ «նեղ օրերուս ուրախացող կեղծ ընկեր», բայց քանի որ Ջիվանին անհամեմատ մաքուր ու միամիտ է եղել, քան՝ բանաստեղծություն գրող ու բանաստեղծությունը թարգած շատերս, ինքն, ի տարբերություն շատերիս, միամտաբար ու միանգամայն մաքուր սրտով հավատացել է ընկերական համատեղ ուրախության հնարավորությանը, եւ քանի որ ինքը շատերիս համեմատ՝ միամիտ ու ամոթխած մարդ է եղել, երեւի իր լայն օրերին ոչ թե ընկերների աչքերին է նայել, այլ ընդամենը նրանց ընկերասիրական կենացներն ու խոսքերն է ամոթխածորեն ունկնդրել, եւ Ջիվանին նախ եւ առաջ էս ասածս նրբությունը չնկատելու ու չհասկանալու շնորհիվ է բանաստեղծություն գրող ու բանաստեղծությունը թարգած շատերիցս մեծ, որովհետեւ շատ հաճախ հենց միամտությունն ու պարզամտությունն են ճշմարիտ ու իսկական բանաստեղծություն դառնում, եւ, ընդհակառակը, ավելորդ ու անմխիթար իրատեսությունդ է ստիպում պոեզիան թարգել եւ միանգամայն հակառակ գործով զբաղվել, եւ «հակառակ գործ» ասելով՝ ոչ թե բուքմեյքերական տվայտանքներս նկատի ունեմ, այլ՝ հենց էս արձակս, որովհետեւ, ինչպես պարզվում է, արձակագիրները ո՛չ միայն քամակներն են չափից ավելի մաշեցնում, այլեւ՝ ուղեղները, ընդ որում՝ ո՛չ միայն սեփական ուղեղները, այլեւ՝ ուրիշներինը, որովհետեւ, չնայած բանաստեղծն ու արձակագիրը հավասարապես գրող են համարվում, այնուամենայնիվ, տրամագծորեն հակառակ գոյություններ ու գոյացություններ են, եւ, փաստորեն, միամտության ավարտը բանաստեղծության ավարտն է ու արձակի սկիզբը, եւ դա է պատճառը, որ բանաստեղծներից շատերը հաջողությամբ արձակի են անցնում, մինչդեռ հակառակը գրեթե չի պատահում, որովհետեւ մի անգամ արդեն չտեսնելու բաները տեսած եւ չիմանալու բաները փորփրած ու իմացած մարդն այլեւս ի վիճակի չի միամտվել ու բանաստեղծել, ու էս ասածս ամենեւին ինձ ու իմ ընկեր բանաստեղծներին չի վերաբերում, որովհետեւ մեզ ոչ թե միամտությունն ու պարզամտությունն էին բանաստեղծության մղում, այլ՝ սովետական գերհոնորարները, բայց էս ասածներս նաեւ Ջիվանուն չեն վերաբերում, որովհետեւ Ջիվանին, միամտվելով հանդերձ, մշտապես նաեւ ամեն ինչ տեսնելու ու ամեն ինչ փորփրելու ցանկություն ու նախասիրություն էլ ուներ, եւ էդ էր պատճառը, որ, ի տարբերություն բանաստեղծությունը չթարգած այլոց, ոչ միայն անթառամ ծաղկանց, ճռիկներին եւ զանազան այլ միջատներին ու զեռուններին է քերթվածքներ ձոնել, այլեւ՝ կեղծ ընկերներին, ինչպես նաեւ՝ բարի, գեղեցիկ ու առաքինիներին, եւ հատկապես իր էս վերջին անդրադարձով է Ջիվանին մյուսներիցս տարբեր ու մեծ, քանզի միայն մեծահոգի ու մեծասիրտ բանաստեղծն է ի վիճակի հավատալ բարի, գեղեցիկ եւ առաքինի ընկերությանը. այսինքն, Ջիվանին էն քչերից է, որոնց հաջողվել է միաժամանակ ե՛ւ բանաստեղծ լինել, ե՛ւ արձակագիր, եւ գուսան ու աշուղ լինելու մասին էլ չեմ խոսում. այսինքն, Ջիվանին, ի տարբերություն բանաստեղծությունը թարգածներիս, ստիպված չի եղել բանաստեղծությունը թարգել եւ նոր միայն մանրակրկիտ անդրադառնալ իր կեղծ ու անկեղծ ընկերներին, եւ բանաստեղծ լինելով ու մնալով՝ իր քանքարավոր ընկերոջ ականջին մի երկու քաղցր խոսք է շշնջացել, ընդ որում՝ դա արել է ոչ միայն բանաստեղծությամբ, այլեւ՝ աննախադեպ ու խորունկ երաժշտությամբ, եւ իր էդ տեքստի հանդեպ գայթակղությունս էնքան մեծ էր, որ բանաստեղծությունը թարգելուց առաջ վերցրի եւ Ջիվանու էդ գրվածքը ծայրեծայր արտագրեցի ու զետեղեցի բանաստեղծություններիս վերջին՝ «Երեւան հյուրանոց» գրքիս մեջ, որովհետեւ նվագել ու երգել չգիտեմ, այլապես՝ սազս կառնեի ու ամեն Աստծո իրիկուն Ազատության հրապարակում իր էդ «Քանքարավոր ընկերը» կերգեի՝ որպես մեր ամբողջ կյանքում ընկերության թեմայով խմված կենացների այլընտրանք, եւ ունկնդիրներիս աչքերին սեւեռուն նայելով՝ վերջում Նիկոլի պես կբացականչեի ու կասեի՝ «եւ այդ մեկը դու ես», բայց քանի որ երգասացության տարրական շնորհք չունեմ, բանաստեղծությունը թարգելուց առաջ վերցրի ու իր էդ «Քանքարավոր ընկերն» արտագրեցի բանաստեղծություններիս էդ ամենավերջին՝ «Երեւան հյուրանոց» գրքիս մեջ, եւ չնայած իմ բախտից որոշ գրագետներ էս մեկին մեկ արտագրություններս պոստմոդեռնիզմի դրսեւորումներ են համարում, ես իմ էդ ամենավերջին արտագրությամբ ընդամենն ուզում էի ասել՝ քանքարավորները շնից շատ են, իսկ անքանքարները՝ եզակի ու բացառիկ, եւ էդ եզակին ու բացառիկն ինքը՝ Ջիվանին է, որն իր համեստության ձեռը մշտապես կրակն էր ընկած, բայց էս ամենն ասելով՝ ընդամենն ուզում էի ասել, որ կոլեգայի կողմից կոլեգային մանավանդ գրավոր ու բարձրաձայն քննադատելն անթույլատրելի բան է, եւ էս տարրական բանը նույնիսկ կոշկակարներն ու դզողփչողներն են հասկանում, իսկ երբ բանաստեղծն ու արվեստագետներն են իրենց բանաստեղծ ու արվեստագետ կոլեգաներին բարձրաձայն ու մանավանդ գրավոր քննադատում, դա արդեն միանգամայն անաստված ու հակաքրիստոնեական բան է, որովհետեւ Աստված ամեն մեկիս էնքան շնորհք է տվել՝ ինչքան որ հարկ է համարել, եւ Աստծո չտվածի համար որեւէ մահկանացուի մեղադրելն իրոք մեղք է, այլապես՝ Սարյանն էլ պիտի նկարելը թողած՝ Մհեր Աբեղյանի կամ, ասենք, Զարդարյանի նկարածները քննադատեր, եւ Մինասն էլ բանուգործը թողած՝ Գյուլանյան Ֆելոյին ու Գասպարյան Ջանիկին պիտի քննադատեր, եւ Արշիլ Գորկին էլ իր անձնական ու անանձնական դարդերը մի կողմ թողած՝ պիտի նստեր ու իր ընկեր Կունինգի նկարածները քննադատեր, եւ ես էս տեսակ քննադատությունն էնքան սխալ եմ համարում, որ արդեն քանի տարի է՝ կոլեգաներիս գրքերը չեմ համարձակվում կարդալ, որպեսզի չլինի թե՝ հանկարծ ինքս էլ մեկնումեկի դեմ մեղադրանք հարուցեմ Աստծո չտվածի համար, եւ էս մտորումներս էլ անմիջապես պիտի դադարեցնեմ, որովհետեւ հատուկենտ ընթերցողներիս մեջ հանկարծ կարող է գտնվել շրջահայաց ու խելացի մեկը եւ ասել՝ «արա, հերիք չի՞ ուրիշներին մեղադրես փառասիրության մեջ ու օրերով քո «Անտիպոեզիայից» խոսաս», եւ առավել խելացի մեկ ուրիշն էլ կարող է ասել՝ «ընկերներդ քո դեմ մի տող բան են գրել, բայց դու իրանց դեմ մի քանի գլուխ գրեցիր», եւ ես արդարանալու տեղ չեմ ունենա, որովհետեւ մանկապարտեզի երեխա չեմ, որ արդարանամ ու ասեմ՝ «առաջինն իրանք սկսեցին», բայց կարող եմ նաեւ ամենաանհարմար ու ամենախելացի մի ընթերցողի ռաստ գալ, որն ինձ կասի՝ «այ ախպեր, սաղ երկիրն իրար ա խառնվել, դու ձեր գրական հարաբերություններից ե՞ս մի գլուխ զահլա տանում», եւ էս դեպքում արդեն իսկապես արդարանալու բան չեմ ունենա, որովհետեւ իմ հնարավոր արդարացումը, թե՝ «ես ընկերներիս մասին էս բաները սկսեցի գրել էն ժամանակ, երբ քաղաքական էս նոր ժամանակները չէին սկսվել եւ ընդամենը Նիկոլի նախաձեռնությունն էր սկիզբ առել», միայն ու միայն իմ ականջին կարող է իբրեւ արդարացում հնչել, եւ ինձ համար արդարացում կարող է համարվել նաեւ է՛ն հանգամանքը, որ ես չէի կարող բերանս ջուր առած լսել, թե ինչպես են ինձ անաստված ու հակաքրիստոնյա համարում եւ ինձ համար, փաստորեն, դժոխքի անվճար ուղեգիր ապահովում, եւ նմանապես չէի կարող բերանս ջուր առած հանդուրժել, որ հավերժության տրասսը վերահսկող էդ գծի տերերն իրենց նաեւ դժոխքի դիսպետչերի իրավունքներով օժտեին. այսինքն, ես չէի կարող կամավոր դժոխքի բաժին դառնալ, որովհետեւ, չնայած երբեւէ դժոխքում չեմ եղել, լսածներիցս գիտեմ, որ էնտեղի կյանքը նույնիսկ էստեղի կյանքից է անտանելի, բայց, այդուհանդերձ, պիտի անսամ ամենախելոքների հնարավոր հորդորներին ու հիմա անմիջապես պիտի դադարեցնեմ ընկերության թեմայով էս անցանկալի էքսկուրսներս, բայց դադարեցնելուց առաջ վերստին պիտի վերադառնամ ու անդրադառնամ Ջիվանուն, որովհետեւ Ջիվանին հատկապես ի՛նձ համար է եզակի ու բացառիկ, որովհետեւ իր կանաչ ու հաստափոր հատորը Մետաքսի մեր պապական տան հինավուրց գրապահարանի միակ գիրքն էր, որը դեռեւս դպրոցական ցածր տարիքում ծայրեծայր կարդում ու ծայրեծայր հասկանում էի, բայց չգիտեի, որ էդ կանաչ հատորն ու էդ կանաչի միջի ոտանավորները Ջիվանունն են, եւ Մետաքսի մեր պապական տան հինավուրց գրապահարանի էդ կանաչ հաստափոր հատորն ըստ երեւույթին չափազանց շատ էր կարդացված, որովհետեւ ահավոր քրքրված էր ու անվանաթերթ էլ չուներ, իսկ կաշվե կազմին ու կողին էլ մուգ մեծատառերով գրված էր՝ «ԻՎԱՆՈՒ ՆԱՐԸ», եւ տարիներ շարունակ էդ կանաչ հատորի կազմին ու կռնակին էդ էի կարդում եւ այլ բան չէի էլ կարող կարդալ, որովհետեւ, ինչպես հետագայում պարզվեց, էդ կանաչ հատորի կազմի ու կողի երկու բառերի առաջին բրոնզե տառերը լրիվ մաշվել ու ջնջվել էին, եւ երբ էդ բանն իմացա ու հասկացա, արդեն յոթերորդ էի փոխադրվում, եւ, հիշում եմ, ամառային արձակուրդներն էին, եւ Մետաքսի մեր հարեւան Պողոսիկենց գրապահարանում էդ կանաչ հատորը տեսնելով՝ նոր միայն հասկացա, որ տարիներ շարունակ կարդացածս ու հասկացածս էդ միակ գրքի անունն էր՝ «Ջիվանու քնարը», այլ ոչ թե՝ «իվանու նարը», եւ «իվանու» ու «նարը» բառերին նախորդող բրոնզե շքեղ ու խոշոր «Ջ» եւ «Ք» տառերը հավաստիացնում էին, որ կարդացածս ու հասկացածս Ջիվանո՛ւ բանաստեղծություններն էին, ու էդ բանը յոթերորդ փոխադրվելիս՝ ամառային արձակուրդների ժամանակ իմացա եւ դրանից շուտ չէի էլ կարող իմանալ, որովհետեւ էդ ամառ մայրս Պողոսիկի հետ հայոց լեզու էր պարապում, ավելի ստույգ՝ Պողոսիկին թելադրության տեքստեր էր գրել տալիս, որպեսզի էդ ամառ Պողոսիկը Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանի ջութակի բաժին ընդունվեր, եւ էդ էր պատճառը, որ ես, ի տարբերություն Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածի մյուս բնակիչների, էդ ամառ ազատ մուտք ունեի Պողոսիկենց տուն, ուր ոչ միայն Ջիվանու էդ հատորն էր փայլուն ու շքեղ, այլեւ՝ մնացած ամեն ինչը, եւ հիմա իրենց էդ տունը հիշելով՝ նոր եմ հասկանում, որ Պողոսիկենց տան ամեն ինչն էդքան շքեղ ու փայլուն էր ո՛չ միայն էն պատճառով, որ իրենք Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածի ամենահարուստն էին, այլեւ էն պատճառով, որ իրենց ունեցվածքը գրեթե չէր օգտագործվում, եւ նմանապես էդ «Ջիվանու քնարն» էր չօգտագործված ու շքեղ, եւ ինչպես իրենց տան կահույքն ու ամեն ինչն էին մեր տներում եղածից էապես տարբերվում, էդպես էլ իրենց «Ջիվանու քնարն» էր մեր «իվանու նարից» տարբեր, եւ երբ երկրաշարժից հետո՝ ութսունիննին Պողոսիկը Շերի խմբի հետ առաջին անգամ վերադարձավ հայրենիք, ինձ հայտնած առաջին խնդրանքն էն էր, որ իր համար Ջիվանու երգերի ձայներիզ ճարեմ, ու էդ օրը մենք ամբողջ Երեւանը ոտնատակ տվինք, բայց ոչ մի տեղ Ջիվանի չգտանք եւ ճարահատյալ գնացինք իմ ու ձեր իմացած Ջահանի մոտ, եւ Ջահանը Պողոսիկին տեսնելով՝ նախ չճանաչեց, հետո, երբ արդեն ճանաչեց, նախ բռունցքով ուսին խփեց, հետո գրկախառնվեցին, եւ Ջահանը Պողոսիկին ասաց՝ «լույս քեզ տեսնողին», եւ Պողոսիկը Ջահանին հարցրեց՝ «էս էլի հին գործիդ ե՞ս», եւ Ջահանը պատասխանեց ու ասաց՝ «հա. մեր մակարդակը միշտ նույնն ա մնում», եւ Պողոսիկը ձայներիզներից մի քանիսը զննելով ասաց՝ «վատ մակարդակ չի», եւ Ջահանն ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, առաջվա մակարդակիցս մի բան էլ հետ եմ գնացել», եւ Պողոսիկը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ես հետ գնացել», եւ Ջահանը պատասխանեց ու ասաց՝ «մի վախտ սաղ Երեւանում մի քանի հոգի էինք էս գործին, բայց հիմի շնից շատ ենք», եւ Պողոսիկն ասաց՝ «էլի լավ ա, որ գործիդ լրիվ չեն խփել», եւ Ջահանն ասաց՝ «որ ձեռները ճար ըլներ, լավ էլ կխփեին», եւ ես Ջահանին հարցրի՝ «Ջիվանի չունե՞ս», եւ Ջահանը պատասխանեց ու ասաց՝ «Ջիվան էլ ունեմ, Վաչե Հովսեփյան էլ», եւ ես ասացի՝ «Ջիվան Գասպարյան չէ. աշուղ Ջիվանի ա պետք», եւ Ջահանը զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «Ջիվանին ինչների՞դ ա պետք», եւ ես ասացի՝ «Պողոսիկին ա պետք», եւ Ջահանն ավելի զարմացավ ու ասաց՝ «Պողոսը քսան տարի առաջ Մետաքսում «Բիթլզ» ու «Բի ջիզ» էր լսում», եւ Պողոսիկն ասաց՝ «էդ ի՞նչ կապ ունի», եւ Ջահանը ծիծաղելով Պողոսիկին հարցրեց՝ «կարող ա՞ հիմի Ամերիկայում Ջիվանին ա մոդա», եւ Պողոսիկը պատասխանեց ու ասաց՝ «մոդա չի, բայց ուզում ենք մոդա դարձնենք», եւ Ջահանն ինձ ասաց՝ «քուչեն որ իմանան՝ Պողոսն ինձանից Ջիվանի ա ուզել, ծիծաղից կթուլանան», եւ ես ասացի՝ «Պողոսն իրա համար չի ուզում», եւ Ջահանը հարցրեց՝ «բա ո՞ւմ համար ա ուզում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Շերի», եւ Ջահանը ժպտալով հարցրեց՝ «Շեռի՞», եւ ես ասացի՝ «ոչ թե Շեռ, այլ՝ Շեր», եւ Պողոսիկը Ջահանին հարցրեց՝ «աշխարհահռչակ երգչուհի Շերին չես ճանաչո՞ւմ», եւ Ջահանը հարցրեց՝ «էս՝ որ երկրաշարժի հաշվով Հայաստան ա էկե՞լ», եւ ես ասացի՝ «Պողոսն իրա խմբի հետ ա էկել», եւ Ջահանը զարմացած նայեց Պողոսիկին ու հարցրեց՝ «Շերի հե՞տ ինչ կապ ունես», եւ ես ասացի՝ «Պողոսը Շերի հետ ա աշխատում», եւ Ջահանը Պողոսիկին հարցրեց՝ «կարող ա՞ իրա խմբի մեջ ջութակ ես նվագում», եւ ես ասացի՝ «ինքն էդ խմբի ղեկավարներից ա», եւ Պողոսիկը Ջահանին ասաց՝ «Շերի խմբի պրոդյուսերն եմ», եւ Ջահանը նայեց Պողոսիկին, ժպտաց ու ասաց՝ «բարդ բառերով խոսալդ չես թարգե՞լ», եւ ես ասացի՝ «էդ բառը մեր մոտ էլ են օգտագործում», եւ Ջահանն ասաց՝ «մեր մոտ հազարից մեկ են օգտագործում», եւ Պողոսիկը Ջահանին հարցրեց՝ «ասում ես՝ Ջիվանի չունե՞ս», եւ Ջահանը Պողոսիկին ասաց՝ «ես էլ մտածեցի՝ ինձ ես կարոտել. պարզվում ա՝ փորացավ ունես», եւ Պողոսիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ փորացավ», եւ Ջահանն ասաց՝ «Ջիվանի ես ուզում», եւ Պողոսիկը հարցրեց՝ «բարդ բան ե՞մ ուզում», եւ Ջահանը ծիծաղեց ու ասաց՝ «դու էն գլխից էլ չճարվող բաներ էիր սիրում», եւ Պողոսիկը զարմացած հարցրեց՝ «Ջիվանին ա՞ չճարվող», եւ Ջահանը պատասխանեց ու ասաց՝ «էնքանով ա չճարվող, որ սպրոս չկա. որ սպրոս ըլնի, հենց էսօր էլ կարամ ճարեմ ու զապիս անեմ», եւ Պողոսիկն ասաց՝ «որ խնդրեմ, իմ համար զապիս կանե՞ս», եւ Ջահանը ծիծաղեց ու ասաց՝ «կախված ա նրանից, թե ինչքան կխնդրես», եւ հենց էդ պահին միտքս պայծառացավ, ու Ջահանին հարցրի՝ «Լեւոն Իսպիրյան էլ չունե՞ս», եւ Ջահանն ասաց՝ «ունեմ. մի էրեսը Լեւոն Իսպիրյան ա, մյուս էրեսը՝ Վաղարշակ Սահակյան», եւ ես ասացի՝ «մեզ հենց էդ ա պետք» եւ ավելացրի՝ «էրկուսն էլ մենակ Ջիվանի են երգում», եւ Ջահանն ասաց՝ «էն գլխից ասեիք, որ Լեւոն Իսպիրյան եք ուզում», եւ Պողոսիկը քմծիծաղով ասաց՝ «մեզ թվում էր՝ Ջիվանին ավելի հայտնի ա, քան՝ Լեւոն Իսպիրյանը», եւ Ջահանը քամահրանքով ասաց՝ «Ջիվանին Ամերիկայում ա ավելի հայտնի», եւ Պողոսիկն ասաց՝ «Ամերիկայում հայտնի չի, բայց շուտով հայտնի կդառնա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեր ձեռը չի՞», եւ Ջահանը ծիծաղելով Պողոսիկին ասաց՝ «խեղճը բախտ չի ունեցել, որ կյանքի օրոք քեզ ռաստ գար», եւ Պողոսիկը հարցրեց՝ «ո՞վ բախտ չի ունեցել», եւ Ջահանը պատասխանեց ու ասաց՝ «Ջիվանը», եւ Պողոսիկը Ջահանին ուղղեց՝ «ոչ թե Ջիվանը, այլ՝ Ջիվանին», եւ Ջահանը ծիծաղելով Պողոսիկին ասաց՝ «մեռնեմ հայրենասեր ջանիդ», եւ ես Ջահանին ասացի՝ «էդ Լեւոն Իսպիրյանը դիր՝ լսենք», եւ Ջահանն ասաց՝ «մյուս էրեսն էլ Վաղարշակ Սահակյանն ա», եւ երբ Ջահանը ձայներիզը գտավ ու նվագարկիչը միացրեց, Իսպիրյան Լյովան թախծոտ ծորացրեց՝ «քանքարավոր ընկեր, ինձ մի՜ նախանձիր», եւ ես Ջահանին ասացի՝ «մյուս էրեսը շուռ տուր», եւ Պողոսիկը Ջահանին հարցրեց՝ «էս երգն ինչի՞ մասին ա», եւ Ջահանը Պողոսիկին բացատրեց ու ասաց՝ «բանաստեղծների ու աշուղների մասին ա. բանաստեղծներն ու աշուղներն էն գլխից իրար նախանձել են ու հիմի էլ են նախանձում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «դրա համար ա Արմենն ասում, որ մյուս էրեսը շուռ տամ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մեր բանաստեղծների նախանձությունը Շերին դժվար թե հետաքրքրի», եւ Պողոսիկը Ջահանին ասաց՝ «Արմենը ճիշտ ա ասում. մյուս էրեսը շուռ տուր», եւ Ջահանը ձայներիզը հանեց, շրջեց, եւ Վաղարշակ Սահակյանի ձայնը զնգզնգալով ասաց՝ «անթեւ թռչնակ է աշուղը. այսօր այստեղ, վաղը՝ այլ տեղ», եւ Պողոսիկը Ջահանին հարցրեց՝ «է՞ս ինչի մասին ա», եւ Ջահանը պատասխանեց ու ասաց՝ «էս էլ քո՛ մասին ա», եւ Պողոսիկը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ա իմ մասին», եւ Ջահանը ծիծաղեց ու ասաց՝ «չես լսո՞ւմ. ասում ա՝ այսօր այստեղ, վաղը՝ այլ տեղ», եւ Պողոսիկն ինձ հարցրեց՝ «էս երգերը Շերին կհետաքրքրե՞ն», եւ ես ասացի՝ «Ջիվանին սիրային երգեր էլ ունի», եւ Պողոսիկը հարցրեց՝ «էս կասետի մեջ կա՞ն», եւ Ջահանը պատասխանեց ու ասաց՝ «հա. էս կասետի մեջ ջուխտակ շամամներն էլ կա», եւ ես ասացի՝ «էդ երգը սիրային չի. մոր մասին ա», եւ Ջահանը զարմացած հարցրեց՝ «հաստա՞տ», եւ Պողոսիկը Ջահանին ասաց՝ «Արմենը բանաստեղծ մարդ ա. որ ասում ա, ուրեմն՝ հաստատ գիտի», եւ ես Պողոսիկին ասացի՝ «Ջահանը որ բանաստեղծություն էր գրում՝ ես ո՜ւր էի», եւ Պողոսիկը զարմացած նայեց Ջահանին ու հարցրեց՝ «էդ ե՞րբ ես բանաստեղծություն գրել, որ չենք իմացել», եւ ես ասացի՝ «միշտ էլ գրել ա», եւ Պողոսիկն ասաց՝ «չեմ իմացել», եւ Ջահանը Պողոսիկին ասաց՝ «դու Շերից պակաս մարդկանց հետ ե՞րբ ես շփվում», եւ Պողոսիկն ասաց՝ «ամեն տեսակ մարդկանց հետ էլ շփվում եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել