Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Օգոստոս 30,2008 00:00

Լիլիթ Մկրտչյանը՝ աշխարհի առաջնությունում

Երեկ Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում մեկնարկեց $450 հազար մրցանակային ֆոնդ ունեցող շախմատի աշխարհի կանանց առաջնությունը: Հայաստանն այդ հեղինակավոր մրցաշարում ներկայացնում է գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Վիճակահանությամբ մեկնարկային տուրում հայ շախմատիստուհու մրցակիցը լինելու է ավստրիացի Եվա Մոզերը:

Վրացուհիները հրաժարվեցին

\"\"Ըստ ներկայացված նախնական հայտերի, կանանց աշխարհի առաջնությունում հանդես էին գալու 32 երկրների 64 ուժեղագույն գրոսմայստերներ: Կաբարդինա-Բալկարիայի նախագահի մամուլի քարտուղարությունը հայտարարել է, որ բոլոր մասնակիցներն արդեն ժամանել են մրցավայր, տեղավորվել հյուրանոցներում: Սակայն առաջնությանը մասնակցել հրաժարվել է 11 շախմատիստուհի, որից 6-ը՝ Վրաստանից, որի պատճառով խաղացանկը փոփոխվել ու հարմարեցվել է մնացած 29 երկրների 53 շախմատիստներին:

Կազմակերպիչները առավելագույն չափով խստացրել են անվտանգության եւ հնարավոր ահաբեկչությունների դեմ պայքարի ապահովումը: Այն իրականացնելու են Ռուսաստանի ՆԳՆ-ի եւ հատուկ ծառայությունների 800 աշխատակիցներ:

ՖԻԴԵ-ն վրացիներին պարտություն կգրանցի

ՖԻԴԵ-ն ափսոսում է, որ վրացի շախմատիստուհիները հրաժարվեցին աշխարհի առաջնությանը մասնակցել, թեեւ գտնում է, որ նրանք հաղթելու ոչ մի շանս չունեին:

ՖԻԴԵ-ի մամուլի խոսնակ Պիտեր Ռայչանին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր կարծիքով վրացուհիների բացակայությունն առանձնապես չի նվազեցնի առաջնության հեղինակությունը, թեեւ նրանք վարկանիշային բարձր դիրքեր են զբաղեցնում աշխարհում: Խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ աշխարհի առաջնությունում վրացի շախմատիստուհիներին պարտություն է գրանցվելու: Մեկնաբանելով հրաժարվելը, Ռայչանին դիվանագիտորեն ասել է. «Հավանաբար, Վրաստանում ստեղծված իրավիճակն է խոչընդոտում նրանց այս առաջնությանը մասնակցել: Նրանք առաջնությանը չեն մասնակցում քաղաքական նկատառումներով: Շախմատիստուհիները բաց նամակ են ուղարկել ՖԻԴԵ՝ խնդրելով առաջնությունը տեղափոխել «ավելի անվտանգ վայր» ու դա հիմնավորում են նրանով, որ Կաբարդինա-Բալկարիան տարածքային առումով մոտ է վրաց-օսեթական բախման գոտուն»:

Պոուլսենը հայտարարել է հավաքականի նախնական կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակել է այն 25 ֆուտբոլիստների անունները, ում հրավիրել է՝ նախապատրաստվելու աշխարհի գավաթի խաղարկության նախնական մրցաշարի շրջանակներում սեպտեմբերի 6-ին եւ 10-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա, այնուհետեւ՝ Հայաստան-Իսպանիա ազգային հավաքականների հետ հանդիպումներին:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հրապարակել է այդ ընդլայնված կազմը: Նրանք են:

Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Ռահահան», Իրան), Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»):

Պաշտպաններ. Սարգիս Հովսեփյան, Կարեն Դոխոյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Ալեքսանդր Թադեւոսյան («Վիտեբսկ», Բելառուս), Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս), Հրայր Մկոյան («Արարատ»), Հովհաննես Գրիգորյան («Բանանց»), Վահագն Մինասյան («Արարատ»):

Կիսապաշտպաններ. Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա), Լեւոն Պաչաջյան («ԳԱԻՍ», Շվեդիա), Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս), Ռոմիկ Խաչատրյան («Բանանց»), Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա), Կարեն Ալեքսանյան («Տորպեդո», Ժոդիմո, Բելառուս), Արթուր Եդիգարյան («Փյունիկ»):

Հարձակվողներ. Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա), Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Սամվել Մելքոնյան («Մետալուրգ», Ուկրաինա), Համլետ Մխիթարյան («Ռահահան», Իրան), Արա Հակոբյան («Գոմել», Բելառուս), Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա), Ռոբերտ Զեբելյան («Բալտիկա», Ռուսաստան):

Կուպալյանների օլիմպիական մեդալները

Օլիմպիական խաղերի մշակութային ծրագրի շրջանակներում Պեկինում կազմակերպվել էր նամականիշերի ցուցահանդես, որտեղ ներկայացված են եղել օլիմպիական եւ մարզական թեմատիկայով նամականիշեր, ծրարներ, բացիկներ, հատուկ կնիքներ, մետաղադրամներ: Ցուցահանդեսին մասնակցած 24 երկրի 179 մասնակցից երկուսը Հայաստանից էին՝ Մարինե եւ Յուրի Կուպալյանները: Նամականիշերի պատանեկան դասում Մարինեի՝ բասկետբոլի պատմությանը նվիրված հավաքածուն արժանացել է ոսկե, իսկ նրա պապի՝ Յուրիի հավաքածուին, որ նվիրված էր ալպինիզմի պատմությանը, մեծահասակների դասում շնորհվել է արծաթե պարգեւ:

Հայկական ոսկե մեդալներ՝ Պեկինում

Ամառային 29-րդ օլիմպիական խաղերում տարբեր երկրների դրոշի ներքո բավականին հաջող հանդես էին գալիս նաեւ հայ մարզիկներ, որոնցից երկուսը բարձրացան պատվանդանի ոսկե աստիճանին: Ի պատիվ նախկին երեւանցի, հրաձիգ Արթուր Այվազյանի հաղթանակի, Պեկինում բարձրացվեց Ուկրաինայի դրոշը եւ հնչեցվեց այդ երկրի օրհներգը: Երկրորդ ոսկե մեդալակիրը ջրագնդակի Հոլանդիայի կանանց հավաքականի անդամ Բյուրակն Հախվերդյանն է, որը վաղուց է ընտանիքով Իրանից տեղափոխվել Հոլանդիա: Ծագումով գյումրեցիներ, հունահռոմեական ըմբիշներ Արմեն Վարդանյանը (Ուկրաինա) եւ Արա Աբրահամյանը (Շվեդիա) արժանացան օլիմպիական «բրոնզի»: Սակայն Արան, ի նշան անարդար մրցավարության, հրաժարվեց մեդալից, ինչի պատճառով ՄՕԿ-ը նրան որակազրկեց:

Դարպասապահը դաշտում խլացել է

Ֆուտբոլի Ավստրիայի առաջնության «Աուստրիա»-«Ռապիդ» հանդիպումն ավարտվեց վերջինիս համոզիչ առավելությամբ՝ 0:3: Սակայն այդ հաղթանակը թանկ արժեցավ թիմի հիմնական դարպասապահ Գեորգ Կոխի առողջության վրա: Հանդիպման 11-րդ րոպեին տրիբունայից նետված ճայթուկն ընկավ հենց նրա առջեւ, որի պայթյունի ձայնից Կոխը կորցրեց գիտակցությունը: Հետագայում պարզվեց, որ դարպասապահի աջ ականջը խլացել է: «Ռապիդի» բժիշկ Բեննո Զիֆկոն չի բացառում, որ մարզիկի լսողությունը կարող է ընդհանրապես չվերականգնվել:

Նալբանդյանը երրորդ շրջանում է

\"\"Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաջող է մեկնարկել Ամերիկայի բաց առաջնությունում՝ «US Open»-ում: Նա երկրորդ շրջանում 6/2, 6/4, 6/2 հաշվով պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Անդրեյ Գոլուբեւին ու շարունակում է պայքարը $20 մլն 653 հազար մրցանակային ընդհանուր ֆոնդ ունեցող մրցաշարում: Նալբանդյանի հաջորդ մրցակիցը Նյու Յորքում լինելու է ֆրանսիացի Գաել Մոնֆիսը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031