Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց «բարոյական» հրամայականների

Օգոստոս 30,2008 00:00

\"\"Արվեստագետների երեք սերունդ՝ «Խորքային տեղաշարժեր» խորագրով ցուցահանդեսում

Սեպտեմբերի 2-ին ՆՓԱԿ-ում կբացվի «Խորքային տեղաշարժեր» խորագրով ցուցահանդես, որին կմասնակցեն 3 սերնդի արվեստագետներ ու կներկայացնեն վիդեո-արտ, նկարչություն, ինստալյացիա, միքս-մեդիա (տարբերի տեսակի տեխնիկաների կիրառում): Ցուցահանդեսի նախաձեռնողն ու համադրողն է ՆՓԱԿ-ի համահիմնադիր Սոնիա Պալասանեանը, աջակից համադրողը՝ Դավիթ Կարեյանը: Միջոցառման կազմակերպիչները փաստեցին, որ հաճախ կրոնն ու քաղաքականությունը բարոյական կամ այլ սահմանափակումներ են պարտադրում, եւ անհատները ստիպված հանդուրժում են իրենց բարոյական սկզբունքներին հակասող չափանիշներ ու «բարոյական» հրամայականներ, իսկ այս ցուցահանդեսին մասնակից արվեստագետները փորձել են առանց արտաքին միջամտության անդրադառնալ իրենց շրջապատում պատահող իրադարձություններին:

«Առավոտի» հետ զրույցում տիկին Պալասանեանը հայտնեց, որ արդեն 16 տարի է՝ ինքը կազմակերպում է նման ցուցահանդեսներ. «Այս ցուցահանդեսը հետաքրքիր է նրանով, որ 3 սերունդ է ցուցադրվելու: Առաջինն այն խումբն է արվեստագետների, որոնց հետ ծանոթացել եմ 1992-ին՝ Հայաստան գալուն պես: Նրանք արդեն հայտնի անուններ են՝ Արարատ Սարգսյան, Սարգիս Համալբաշյան, Արթուր Սարգսյան, Թենի Վարդանյան, Ռուբեն Գրիգորյան, Արեւիկ Արեւշատյան… Երկրորդ սերունդն արդեն տարիներ շարունակ ՆՓԱԿ-ում է աշխատում՝ Դավիթ Կարեյան, Դիանա Հակոբյան, Սոնիա Աբգարյան, Ալբերտ Բաբյան, Արփա Հայոբյան, Արշակ Սարգսյան, Վահագն Համալբաշյան…: Արվեստագետների երրորդ սերունդը 20-23 տարեկան երիտասարդներն են՝ Անժելա Կարապետյան, Իզաբելլա Իսկանդարյան, Օվսաննա Շեկոյան, Վահան Ռոմելյան… Երեք սերնդի գործերի մեկտեղումից հետաքրքիր մթնոլորտ է ստեղծվում,- նշեց մեր զրուցակիցը եւ հավելեց,- ընդհանրապես քաղաքական, հասարակական, կրոնական որոշ խնդիրների մասին ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում չի խոսվում: Մտածեցի, որ ժամանակն է վերլուծել, թե արվեստագետի վրա դրանք ինչ ազդեցություն են թողնում, եւ ինչպես է ինքն իրեն դրսեւորում: Ցուցահանդեսին մասնակցելու համար բազմաթիվ հայտեր ներկայացվեցին, բայց ընտրեցինք միայն նրանց, որոնց գործերը համահունչ էին ծրագրին»: Ս. Պալասանեանը հիշեց 1992-ին իրենց առաջին՝ «Ինը» խորագրով ցուցահանդեսը՝ 9 արվեստագետների մասնակցությամբ. «Առաջին սերունդը, որի մասին խոսեցի, կազմակերպված էր, հախուռն, բայց ինստալյացիոն արվեստին ծանոթ չէր, թեեւ գաղափարը կար իրենց մեջ: Ես միտքը տվեցի ու մի մեծ ցուցահանդես կազմակերպեցինք»: Տիկին Սոնիայի խոսքերով. «Հին հայկական մշակույթը դարձել է ժամանակակից արվեստագետների «խաղավայրը»: Նրանք ավանդականը, որ իրենց արյան ու հոգու մեջ է, մոդեռն ձեւով են արտահայտում: Մեր եկեղեցիները, մանրանկարչությունը, ճարտարապետությունը, բանաստեղծությունը Հայաստանի գանձն են: Նրանք առատ նյութ են ստեղծագործողի համար, ու լավ է, որ նոր սերունդը վերադառնում է արմատներին… Գուցե, ասենք, Գեղարդի պատկերը այսօրվա արվեստագետները չեն նկարում, բայց Գեղարդի փիլիսոփայությունն են իրենց գործի մեջ դնում: Սքանչելի ձեւերը նորովի վերադառնում են, օրինակ, Արթուր Սարգսյանի մոտ՝ նոր լեզվով: Ուրախալի է, որ այսօրվա հայ արվեստագետը զգաստ է իր ազգային հարստության հանդեպ: Երիտասարդ սերունդը, այդ թվում՝ Օվսաննա Շեկոյանը, Իզաբելլա Իսկանդարյանը ուղղակի զարմացնում են իրենց թարմ մտածողությամբ եւ օրիգինալությամբ»:

Խոսելով շնորհալի երիտասարդների մասին, Դ. Կարեյանը նկատեց, որ նրանցից շատերը Կոջոյանի անվան դպրոցն են ավարտել, որտեղ դասավանդում է մոդեռն արվեստագետ Արայիկ Հովսեփյանը. «Հեղափոխության սերնդի արվեստագետներից շատերն այժմ դասավանդում են, եւ նոր սերնդի արվեստագետներն այդ գիտելիքները ստանում են Հայաստանում ու ոչ թե դրսում: Նոր սերունդն ավելի փոքր տարիքից կարողանում է մոդեռն մտածել, լինել բազմամշակութային»:

Ս. Պալասանեանն էլ անդրադարձավ Արշակ Սարգսյանին ու Վահանգն Համալբաշյանին. «Նրանք ուղղակի շշմեցնում են… գուցե պատճառը նրանց ստացած կրթությունն է, գուցեեւ տաղանդավոր ծնողներից են ժառանգել իրենց շնորհը: 10-15 տարի հետո համաշխարհային չափանիշներով նկարիչներ կունենանք՝ ի դեմս նրանց»:

Խոսելով հայկական մշակույթի մասին՝ ընդհանրապես, Դ. Կարեյանը հայտնեց. «Հայկական մեր մշակույթն ունի այն պոտենցիալը, որ կարողանում է աշխարհին ճանապարհ ցույց տալ, ինչպես Արշիլ Գորկին, որ աշխարհի մտածողությունը փոխող արվեստագետներից է եղել՝ ծնված լինելով գավառում»:

Նշենք, որ Ս. Պալասանեանն ու Դ. Կարեյանն էլ են ցուցահանդեսին ներկայանալու իրենց ինստալյացիաներով: Առաջինը կոչվելու է «Տագնապ», երկրորդը՝ «Դեպի ետ եւ ավելին»: Մեր զրույցի ավարտին ներկա էր ճանաչված նկարչուհի Թենի Վարդանյանը: Նա էլ պատմեց իր գործի մասին, որը բաղկացած է նաեւ գերեզմաններից հավաքված ծաղիկներից. «Աշխատանքս միքս-մեդիա է՝ տարբեր տեխնիկաների խառնուրդ եւ կոչվում է «Հավաք-արար»: Իմաստն այն է, որ այն, ինչ տալիս ենք իրենց (հանգուցյալներին), վերջում թափոն է դառնում գերեզմանոցում, ու պիտի մաքրել այդ թափոնները: Ինչ վերաբերում է վերնագրում եղած արարմանը, այն չակերտներում է, որովհետեւ մեր արարումը, միեւնույն է, վերջիվերջո զրոյի է հավասարվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031