Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՅՐԻ ԱՂՋԻԿԸ»՝ ԲՈԼՈՐ ԱՆՈՒՇ ՏՂԱՆԵՐԻՆ

Օգոստոս 30,2008 00:00

\"\"Սիրված դերասանուհի եւ բեմադրիչ Տաթեւիկ Ղափլանյանը Հայաստանում ներկայանում է իր նոր բեմադրությամբ

Հայաստանից ինչ-ինչ պատճառով հեռացած արվեստագետներից շատերը վերադառնում են կարոտով, անգամ մոռացած երբեմնի վիրավորվածությունն ու խոսում միայն բարի հիշողությունների մասին։ 15 տարի առաջ հայրենիքից հեռացավ նաեւ ՀՀ վաստակավոր արտիստուհի Տաթեւիկ Ղափլանյանը՝ ժամանակակիցների սիրելին ու կուռքը, Դրամատիկական թատրոնի պայծառ անուններից մեկը, ով թատրոնում եւ էկրանին աղջկա ու կնոջ մի ուրիշ տեսակ կերպար էր ստեղծել՝ մի քիչ համարձակ, խիզախ, եւ անգամ՝ «խուժան»: Տաթեւիկը շատերի գիտակցության մեջ մնաց որպես «Վայրի աղջիկ»՝ խաղալով Ժան Անուի համանուն պիեսում, հետո՝ «Ժաննա դ’ Արկ» (դարձյալ՝ Անուի պիեսում), կարծես անհամատեղելին համատեղելով՝ բնավորության ըմբոստությունն ու ազատությունը ներարկելով իր հերոսներին։ Դերասանուհին, 15 տարվա ընդմիջումից հետո, այսօր կրկին Երեւանում է:

«Առավոտի» հետ զրույցում նա քանիցս նշեց, որ ինքը եղել ու մնացել է Դրամատիկականի հետ: Վերադարձել է իր նոր ներկայացումը հայրենիքում ցուցադրելու, մասնակցելու հոր՝ Դրամատիկական թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանի 85 եւ իր սիրելի թատրոնի 40-ամյակների հանդիսություններին։ Բոլորի կողմից սիրված Տաթոն հիմա Տաթեւիկ է, անգամ՝ տիկին Տաթեւիկ, բայց աչքերի մեջ նույն չարաճճի խաղն է, ղափլանյանական «խորամանկությունն» ու կենսախնդությունը: Նաեւ կա մեծ ցավ ու տառապանք՝ մինուճար որդու մահվան պատճառով, որին նվիրված՝ Անահիտ Աղասարյանի հետ համատեղ սցենարով եւ իր ռեժիսուրայով «Իմ անուշ տղա» պիեսը երեւանցիներին կներկայացվի նոյեմբեր ամսին։ Տ. Ղափլանյանը նշեց. «ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, այս տարիներին զբաղվել եմ իմ սիրած գործով, բեմադրություններ արել, խաղացել: Մեկնումիցս ընդամենը մեկ տարի հետո՝ 1994-ին, առաջին անգամ բեմ բարձրացա Արթուր Ութմազյանի հետ Պոլոնսկու «Ռեպետիտորը» ներկայացումով (բեմադրիչ՝ Հր. Ղափլանյան): 1997-ին կազմակերպեցի Դրամատիկական թատրոնի հյուրախաղերը։ Անվերջ կարող եմ թվարկել, օրինակ՝ Արմեն Խանդիկյանի հետ հանդես եկա Զեյթունցյանի «Մեծ լռությունում» (բեմադրիչ՝ Ա. Խանդիկյան), ինքը՝ Դանիել Վարուժան, ես՝ Արաքսի: Խանդիկյանի բեմադրությամբ Բեռնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդիում» հրավիրել եմ Վլադիմիր Մսրյանին, Գուժ Մանուկյանին: Դարձյալ Ա. Խանդիկյանի ռեժիսուրայով Նիկոլաիի «Սպանել սիրո համար» ներկայացման մեջ բեմ եմ բարձրացել Խանդիկյանի, Ութմազյանի ընկերակցությամբ: Հորս 80-ամյակին նվիրված (բեմադրությունը՝ Հրաչյա Հարությունյանի) Գոլդոնի «Հյուրանոցի տիրուհին» բեմադրության մեջ խաղացել եմ Գուժ Մանուկյանի հետ, Հարություն Մովսիսյանի հետ էլ՝ Ռաձինսկու եւ Ռյազանովի «Բաղնիքդ անուշում», «Վայրի աղջիկը» երեւանյան ներկայացումից 20 տարի անց՝ Արթուր Ութմազյանի ու նրա դուստր Հրաչուկի հետ։ Այս անգամ բեմադրությունն իրականացրել էր Հրաչյա Հարությունյանը… Յուրաքանչյուր ներկայացման հայտագրում նշվում է՝ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն: Իսկ վերջին ներկայացումս եղավ «Իմ անուշ տղաս», այն խաղացի 2006 թ. նոյեմբերի 10-ին եւ 26-ին, երբ բոլորեց որդուս՝ Արսենի մահվան մեկ տարին»։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ ԱՄՆ-ում խաղացած վերջին ներկայացմանը ներկա է եղել հանրահայտ Ալ Պաչինոյի պրոդյուսերը, որն իրեն հայտնել է, թե դերասանը երազում է խաղալ ռուս դրամատուրգի գործ (հատկապես՝ Չեխով) եւ փնտրում է բեմադրիչ, որն անցած լինի թատերարվեստի ռուսական «շկոլայով»: «Չեխովի «Քեռի Վանյայից» բեմադրեցի 45 րոպե տեւողությամբ հատվածներ ամերիկացի դերասանների մասնակցությամբ, որը ցուցադրվեց Բեւեռլի Հիլզի հայտնի «Գաազում»: Ներկա էր Ալ Պաչինոն եւ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել 2009-ին իրականացնել «Քեռի Վանյան» ամբողջությամբ»,- հայտնեց դերասանուհին: Անդրադառնալով «Իմ անուշ տղային» եւ չբացելով երեւանյան պրեմիերայի «գաղտնիքները», Տ. Ղափլանյանն ասաց. «Ինչ պայմաններում էլ մահ է գրանցվում, այն մեծ ողբերգություն է, այս ներկայացումը հրավիրում եմ դիտելու ղարաբաղյան պատերազմում զոհված մեր անուշ տղաների ծնողներին, հարազատներին: Խոստանում եմ, որ նրանք հանդիսասրահից դուրս կգան ապրելու ուժ ստացած, այնպես՝ ինչպես ես ու Արմենը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031