Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը՝ «ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ»

Օգոստոս 30,2008 00:00

\"\"Ծնողներն ամեն տարի այդ առիթով «թալանվում» են

Ներկայումս ողջ հանրապետության տոնավաճառներում եռուզեռ է. մի քանի օրից սեպտեմբերի 1-ն է: Առեւտրականները իրենց զգում են՝ ինչպես ձուկը ջրում. աշակերտների ոգեւորությունից օգտվելով՝ ապրանքը սովորականից բարձր գնով են վաճառում: «Առավոտը» շրջայց կատարեց Երեւանի մի շարք տոնավաճառներում եւ խանութներում ու պարզեց, որ կրտսեր եւ միջին դպրոցի մեկ աշակերտի դասերին նախապատրաստվելու համար ծնողից կպահանջվի նվազագույնը 40000 դրամ: Օրինակ՝ օրագրերն արժեն 250-1000 դրամ, սակայն էժան օրագրի թուղթն այնքան գորշ է, որ աշակերտին տրամադրում է դրանում ոչ թե «5»-եր, այլ «3»-ներ «կուտակելու»: 100 էջանոց տետրերն արժեն 200-400 դրամ, դպրոցական պայուսակները՝ միջինը 6000 դրամ, դպրոցական կիսաշրջազգեստները կամ անդրավարտիքները՝ 7000, վերնաշապիկները՝ 6000 դրամ եւ այլն: Իսկ «այս տարվա մոդելի» կոշիկ ձեռք բերելու համար աշակերտները ստիպված են եղել սպասել մինչեւ օգոստոսի վերջին օրերը. դրանք մնացել էին Վրաստանում: Այս բոլոր ծախսերին գումարվում է դպրոցական դասագրքերի «վարձակալության» համար վճարվող գումարը: Օրինակ՝ 11-րդ դասարանում պետք է ունենալ 15 դասագիրք, որոնցից յուրաքանչյուրի մեկ տարվա «արենդան» 250-300 դրամ է: Սակայն երբեմն դասագրքերը չեն հերիքում, եւ աշակերտները ստիպված են «վերնիսաժից» 700-2000 դրամով (գինն ուղիղ համեմատական է դասագրքի թարմությանը) կամ խանութից՝ ավելի թանկ գնով ձեռքբերել գրքերը:

Ծնող Գայանե Հովհաննիսյանն ասաց. «Անվճար տրամադրվում են եկեղեցու պատմության եւ մի քանի այլ դասագրքեր, որոնք երեխաները հիմնականում չեն օգտագործում: Իսկ, օրինակ, 11-րդ դասարանի աշխարհագրության դասագիրքը ստիպված ենք ինքներս գնել, այն արժե մոտ 2000 դրամ»: Թիվ 89 դպրոցի 11-րդ դասարանցի Լիլիթ Հովակիմյանից հետաքրքրվեցինք, թե աշակերտներն ինչպե՞ս են տրամադրված սեպտեմբերի 1-ին. «Տարեցտարի սեպտեմբերի 1-երը չեն տարբերվում միմյանցից, դրա համար էլ այլ հետաքրքրություններ ենք փնտրում՝ թարմացնում ենք մեր զգեստապահարանը, հեռախոսի մոդելը»: «Նիվեա» գեղեցկության սրահի վարսահարդար Նարինե Հարությունյանը փաստեց. «Օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը բոլոր ժամերը զբաղված են: 10 օր առաջ աշակերտները հերթագրվել են՝ մազերը հարդարելու համար»:

Ռուսաստանցի աշակերտուհի Յուլյան «Առավոտին» պատմեց. «Մեզ համար էական չէ, թե սեպտեմբերի 1-ին ինչպես հագնված կլինենք: Կարեւորը դպրոց գնալուց հետո լավ քեֆ անելն է: Որպես կանոն, դպրոցի տնօրինությունն ու կրթության նախարարությունը միջոցառումներ են կազմակերպում, բայց դրանք ձանձրալի են: Բոլորս անհամբեր սպասում ենք, որ առաջին օրվա դասերն ավարտվեն եւ գնանք ընկերներից մեկի տուն՝ պարենք, ուտենք, խմենք, ուրախանանք»: Ֆրանսիայում ծնված Աննա Դեմիրճյանն էլ պատմեց. «Երազանքս է՝ քանի դպրոցս չեմ ավարտել, գոնե մեկ անգամ սեպտեմբերի 1-ը տոնեմ: Ֆրանսիայում շատ անհետաքրքիր է, այնտեղ չկա «սեպտեմբերի 1» հասկացություն, քանի որ դասերը սկսում են սեպտեմբերի 3-ին կամ 4-ին: Բայց դրանք էլ չեն նշվում, ինչպես Հայաստանում սեպտեմբերի 1-ը, պարզապես՝ սկսում ենք նոր ուսումնական տարին: Սակայն, ի տարբերություն այստեղի դպրոցների, մեր դպրոցն ավելի բարեկարգ է, ունի զվարճանքի վայրեր, ինչի շնորհիվ ձանձրալի չէ ողջ օրը կրթօջախում անցկացնելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել