Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մեկին չեն տալիս

Օգոստոս 30,2008 00:00

Տալիս են միայն ծանոթ-բարեկամին

Մայրաքաղաքի թաղային համայնքներն իրենց հաշվեկշռում ունեն ազատ բնակֆոնդ, որն, ըստ սահմանված կարգի, պետք է հատկացվի հատուկ կատեգորիայի կարիքավորների, սակայն շատ դեպքերում թաղային ղեկավարներն այդ բնակարանները տնօրինում են ըստ իրենց հայեցողության կամ հատկացնում բարձրաստիճան պաշտոնյաների ծանոթ-բարեկամներին: Օրինակ՝ մի քանի տարի առաջ երգչուհի Սոֆի Մխեյանին, երբ նրա հայրը դեռեւս պատգամավոր էր, որպես «խիստ կարիքավորի», Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում այդպիսի բնակֆոնդից մեկական բնակարան է հատկացվել: Իսկ այն անձինք, որոնք իսկապես խիստ կարիքավոր են եւ հաշվառված են բնակարան ստանալու համար, բարձրաստիճան բարեկամ չունենալու պատճառով մնում են անտուն:

Օրերս «Առավոտին» դիմած Հայկազ Հակոբյանին, որը դեռեւս 1994 թվականին Շենգավիթ համայնքում հերթագրված է բնակարան ստանալու համար, այսօր պատճառաբանում են, որ ազատ բնակֆոնդ համայնքում չկա եւ նրան բնակարան չի հասնում: «10 տարուց ավելի է՝ թաղապետարանի աշխատակիցներն ինձ տանում-բերում են: Սկզբում պատճառաբանեցին, որ 1994-ին հերթագրած փաստաթղթերս կորցրել են, ես 1998-ին նորից հերթագրվեցի, խոստացան, որ կտան բնակարան, բայց այսօր արդեն մերժում են անհասկանալի պատճառներով: Իսկ իմ ընտանիքն 9 անձով բնակվում է 3 սենյականոցում»,- «Առավոտին» պատմեց Հ. Հակոբյանը, որը 2-րդ կարգի հաշմանդամ է, մասնակցել է Հայրենական եւ Արցախյան պատերազմներին: Հ. Հակոբյանի խնդրանքը պետությունից ընդամենը 1 սենյականոց բանակարան է, այն էլ այն դեպքում, երբ ժամանակին նրան հաշվառել էին բնակարան հատկացնելու ցուցակում. «Ես իմ փոքրիկ բնակարանում քնելու տեղ էլ չունեմ: Ամբողջ կյանքս էս երկրի համար եմ ծառայել, ես ինձ հասանելիքն եմ ուզում, չէ՞ որ օրենքով հասնում է»: Հ. Հակոբյանն իր բնակարանային հարցը լուծելու համար դիմել է տարբեր ատյանների՝ քաղաքապետարան, Մարդու իրավունքների պաշտպանին, կառավարության աշխատակազմի ղեկավարին, ՀՀ նախագահին ու վարչապետին: Նշյալ բոլոր ատյանները Հ.Հակոբյանի դիմումները հասցեագրել են Շենգավիթի թաղապետարանին: Որտեղից՝ թաղապետի ստորագրությամբ եւ կնիքով, Հ. Հակոբյանին պատասխանել են. «Տեղեկացնում եմ, որ համայնքում պետական բնակարանային շինարարություն չի կատարվում եւ գործող օրենսդրությունը բնակպայմանների բարելավման կարիք ունեցող համայնքի բնակիչներին բնակարանով ապահովելու պարտավորություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար, չի սահմանում: Շենգավիթ համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանների ցանկում 3-րդ անձանց իրավունքներից ազատ բնակարաններ չկան, բնակպայմանների բարելավման կարիքավոր բնակիչներին բնակարան տրամադրելու կամ փոխհատուցում տալու համար համապատասխան միջոցներ եւ մշակված ծրագիր Շենգավիթի թաղապետարանը չունի»:

Իսկ ահա վարչապետին ուղղված դիմումի պատասխանում գրված է, որ թաղապետարանը բնակարան հատկացնելու պարտավորություն չունի, քանի որ այդ որոշման համար հիմք հանդիսացող օրենսգիրքը 2005-ի նոյեմբերից համարվել է ուժը կորցրած: Նույն պատասխանում Հ. Հակոբյանին հույս տալով ավելացված է. «Միաժամանակ տեղեկացնում եմ, ՀՀ կառավարության 09.06.05թ. թիվ 947 որոշմամբ սահմանվել է որոշ կատեգորիաների անձանց անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը, Ձեզ բնակարանով ապահովելու հարցը կարող է քննարկվել այդ որոշման շրջանակներում՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում»:

Մտնո՞ւմ է, արդոյք, Հ. Հակոբյանը թաղապետի մատնանշած «որոշ կատեգորիայի» մեջ եւ հասնո՞ւմ է նրան բնակարան, թե՞ ոչ, Շենգավիթի փոխթաղապետ Արբակ Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Մենք բոլոր ազատ ֆոնդը, մոտ 150 ընտանիքի, որոնց թվում կային նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքներ, բնակարան ենք տրամադրել մանկապարտեզներում, հանրակացարաններում: Ազատ ֆոնդ չունենք, եթե լինի էլ՝ կա բնակարանային հանձնաժողով, պատերազմի մասնակիցների ու հաշմանդամների կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում ուղարկվում է պաշտպանության նախարարության սոցիալական վարչություն, որտեղ որոշվում է բնակարան հատկացնելու հարցը»: Ըստ Ա. Աբրահամյանի՝ բնակարան հատկացվում է այն դեպքում, եթե 1 անձը բնակվում է 5 քմ կամ պակաս տարածքում:

Ինչ վերաբերում է նրան, թե Հ. Հակոբյանին հասնո՞ւմ է բնակարան, այն դեպքում, երբ 9 անձով, որից 2-ը գրանցված չեն, բնակվում են 36,7 քմ-ում, փոխթաղապետն ասաց. «Եթե 7 անձով բնակվեին 35 քմ-ում կամ դրանից էլ պակաս տարածքում, ապա նրան բնակարան կհասներ: Կամ եթե իրենց 36,7 քմ-ում մեկ հատ էլ երեխա ծնվեր ու 8 անձով գրանցված լինեին նշված քմ-ում, ապա Հակոբյանը կարող էր նորից դիմում գրել բնակարան ստանալու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031