Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՇԿԻ ՎՐԱ ՉԵ՞Ն ԶԳԱՑԵԼ

Օգոստոս 30,2008 00:00

\"\"Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահ է, որ վրաց-հարավօսեթական պատերազմի հետեւանքով մեր երկրի քաղաքացիների բնականոն կյանքը չի խաթարվել:

Նախօրեին կառավարության նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանն, անդրադառնալով Վրաստանի դեպքերին, իրավիճակն այնպես ներկայացրեց, կարծես թե հարեւան երկրում տեղի ունեցած հակամարտությունը մեր պետության վրա էականորեն չանդրադարձավ, ու դեռ ավելին, ըստ վարչապետի, մեր քաղաքացիներն իրենց մաշկի վրա այդ պատերազմի բացասական հետեւանքները չեն զգացել: Բառացի մեջբերում ենք վարչապետի խոսքերը. «Բոլորդ գիտեք, որ այլընտրանքային կամուրջն արդեն գործում է, ապրանքները մեծ քանակությամբ ներմուծվում են Վրաստանի տարածքից եւ կուտակված բեռները հայտնվում են Հայաստանում, ինչի շնորհիվ վերջին օրերին նկատվող լարվածությունն ամբողջությամբ կթուլանա: Այսօր արդեն երեք շաբաթ է, ինչ պատերազմական գործողություններ են իրականացվում հարեւան Վրաստանում, բառիս բուն իմաստով՝ պատերազմական գործողություններ մի պետության տարածքում, որտեղից մենք ապահովում ենք մեր շրջանառության 70%-ը: Երեք շաբաթ. եւ եկեք արձանագրենք մի փաստ՝ արդյո՞ք երեք շաբաթվա ընթացքում մեր հասարակությունը զգում էր ցնցումներ, խաթարվե՞լ էր մեր քաղաքացու բնականոն կենցաղը: Իհարկե՝ ոչ»:

Զարմանալի է, որ մեր երկրի ղեկավարներից մեկը չի նկատել, որ հասարակության բնականոն կյանքն այս օրերին իսկապես խաթարվել է: Միայն այն, որ մարդիկ ստիպված են բենզին գնելու համար ժամերով նյարդայնացած հերթ կանգնել մայրաքաղաքի բենզալցակայաններում, արդեն իսկ խոսում է նրա մասին, որ շատ քաղաքացիներ այս օրերին չեն ապրում իրենց բնականոն կյանքով: Էլ չենք ասում, որ շատ վարորդներ բենզինի դեֆիցիտի պատճառով իրենց մեքենաներն ավտոտնակներից պարզապես չեն հանել:

Անշուշտ, վարչապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կյանքն այս օրերին ընթանում է առանց ցնցումների. նրանց ծառայողական մեքենաներում բենզինը չի պակասել եւ ժամերով հերթ չեն կանգնել:

Հարգարժան վարչապետին տեղեկացնենք, թե անցած 20 օրերին քաղաքացիները ինչ նյութական ու բարոյական վնասներ են կրել՝ բերելով ընդամենը մի քանի օրինակ: Այսօր հանրապետության մի շարք մարզերում բերքահավաքի սեզոնին հազարավոր գյուղացիներ հայտնվել են անելանելի վիճակում: Ցորենի կամ գարու հասած արտը չի կարող համբերել այնքան, մինչեւ, վարչապետի խոսքերով՝ «երկրում լարվածությունն ամբողջովին թուլանա» ու առաջվա նման վառելիքի ազատ վաճառք լինի: Օրինակ, Գեղարքունիքի մարզի գյուղերում եւ Ճամբարակ քաղաքում անգամ կրկնակի թանկ գնով պարզապես անհնար է բենզին կամ դիզելային վառելիք գտնելը: Ու քանի որ բերքը դաշտից տուն է տեղափոխվում բեռնատարներով, որոնք աշխատում են միայն հեղուկ վառելիքով, հազարավոր գյուղացիների բերքը մնում է դաշտերում ու փչանում:

Բացի գյուղացիներից, տուժել են նաեւ այն գործարարները, որոնց բեռները մնացել էին Վրաստանում: Նրանք ստիպված էին բեռնափոխադրող ընկերություններին ավելի գումարներ վճարել, որպեսզի վերջիններս երկաթուղու փոխարեն այդ բեռները տեղափոխեն բեռնատար մեքենաներով:

Սրանից ավելի մեր քաղաքացիներն ի՞նչ կարգի վնասներ պետք է կրեին, որ վարչապետը կյանքի բնականոն ընթացքից շեղում համարեր: Իհարկե, հումանիտար աղետ տեղի չի ունեցել, սովահար ամբոխները խանութներ չեն գրոհել: Բայց փաստն այն է, որ բոլորն էլ իրենց մաշկի վրա այս կամ այն չափով զգացել են հարեւան երկրի պատերազմի հետեւանքները:

Վերջին 3 օրերի ընթացքում Վրաստանից Հայաստան տեղափոխվեցին մի քանի տասնյակ վագոններ, որոնք 2 շաբաթից ավելի մնացել էին կանգնած վրացական նավահանգիստներում ու երկաթուղային կայարաններում: Մեր պաշտոնյաներն այս վագոնների տեղափոխումը Հայաստան՝ համարեցին իրենց հերթական հերոսական քայլը եւ չհապաղեցին հայտարարել, որ մեր պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի վրաց-հարավօսեթական հակամարտության բացասական հետեւանքները չանդրադառնան մեր երկրի տնտեսության եւ քաղաքացիների վրա: Սակայն որեւէ պաշտոնյա այս օրերին չխոսեց այն մասին, որ Հայաստան մտնելու թույլտվություն են ստացել միայն այն վագոնները, որոնք Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստներում էին դեռեւս պատերազմն սկսելուց առաջ, իսկ դրանից հետո, այսինքն՝ օգոստոսի 11-ից առ այսօր, հեղուկ վառելիքով, հացահատիկով կամ այլ բեռներով բարձված որեւէ լաստանավ վրացական նավահանգիստներին մոտենալու թույլտվություն չի ստացել: Այսինքն՝ այն, որ բենզինով եւ ցորենով բարձված վագոնները մտել են Հայաստան՝ դեռեւս չի նշանակում, որ ճգնաժամն ավարտված է: Փաստն այն է, որ ներկրված խմբաքանակները կարող են մեր քաղաքացիներին բավականացնել եւս մի քանի օր: Թե ինչ կլինի դրանից հետո՝ դժվար է ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել