Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿԸՆՏՐՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Օգոստոս 30,2008 00:00

\"\"Գյումրեցիներն «ինտելիգենտ ու նամուսով» քաղաքապետ են ուզում

Գյումրեցիների այս ցանկությանը հակառակ՝ աթոռակռիվը սկսվել է երկու վտանգավոր ու անզիջում գերդաստանների միջեւ՝ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի: Վերջերս նրանց ստվերային պայքարն այնքան է թեժացել, որ Գյումրիում նույնիսկ անեկդոտ են հնարել. «Այս երկուսից կանցնի նա, որն ընտրություններին սաղ կմնա»: Բանն այն է, որ ամիսներ շարունակ Գյումրիում խոսակցություններ էին պտտվում, որ Մարտուն Գրիգորյանը «նվաճել» է Սերժ Սարգսյանի համակրանքը եւ քաղաքապետ դառնալու «դաբրոն» արդեն ստացել է, ավելին, լուրեր են շրջանառվում, որ նախագահական ընտրություններին մատուցած ծառայությունների համար նրան հենց Սերժ Սարգսյանն է հուշել «գահընկեց» անել Վարդան Ղուկասյանին: Սակայն օրերս «Առավոտի» լավատեղյակ աղբյուրները հայտնեցին, որ ՀՀԿ-ն որոշում է ընդունել սատարել գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, իհարկե, մի պայմանով, որ վերջինս չհամարձակվի խայտառակել հանրապետականներին: Իսկ սա դիվանագիտական լեզվով նշանակում է՝ «դաբրոն» տալիս ենք, սակայն հույսդ քեզ վրա դիր: Այսինքն՝ հանրապետականը չի նեղացնում նաեւ երիտասարդ պատգամավորին եւ եթե նկատի ունենանք, որ հանրապետականների այս որոշումից հետո հնարավոր է, որ նրա կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն, որը միանգամից 2 թեկնածու ունի քաղաքապետի պաշտոնի համար, դուրս գա խաղից, ապա Մարտուն Գրիգորյանի համար նոր շանսեր են ստեղծվում: Մեր աղբյուրների հաղորդմամբ, թե՛ գործող քաղաքապետը եւ թե՛ երիտասարդ պատգամավորն ընտրություններին յուրատեսակ են պատրաստվում: Գյումրիի որոշ քաղաքական գործիչների ներկայացմամբ, թեկնածուները նախընտրական ծրագրեր գրելու փոխարեն իրենց թիկնապահների թիվն են ավելացնում ու թաղեթաղ ընկած՝ բարեգործություններ են անում:

Գյումրիում լարված իրավիճակ է նաեւ ավագանու ընտրությունների հետ կապված: Այստեղ եւս խառնվել են թաղային հեղինակությունները: Ըստ որոշ լուրերի, Գյումրիի ավագանու 15 տեղի համար մոտ 100 թեկնածու կա, եւ ինչպես կատակում են քաղաքական գործիչները, Գյումրիում ավագանի ընտրվում են «պաշտոնական դիրք ձեռք բերելու եւ չարաշահելու հատուկ նպատակով»:

ՀՅԴ կուսակցության շարքերից հեռացած, Գյումրիի թիվ 17 դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանը եւս պատրաստվում է մրցել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ՝ առաջադրելով իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում: «Առավոտի» հետ զրույցում Կարապետ Ներսիսյանն իր առաջադրման փաստն այսպես հիմնավորեց. «Ես ենթադրում էի, որ ավագանու մեջ լինելով՝ ես կարող էի Գյումրիին որոշակի օգնություն, չասեմ օգնություն՝ ֆինանսական, նյութական իմաստով, իրավական դաշտում օգնություն ցուցաբերել, սակայն 3 տարի ավագանու մեջ աշխատելով՝ ես հասկացա, որ այդ հավաքական մարմնի 1, 2 կամ 3 անդամները ինչպիսի ցանկություններ էլ ունենան, դժվար է իրականացնելը, որովհետեւ մարմինը՝ լինելով հավաքական, վերջիվերջո որոշումներն ընդունվում են քվեարկությամբ: Ես իրոք չկարողացա հասնել այն նպատակներին, ինչը ունեի մինչ ավագանու անդամ ընտրվելը: 3 տարվա ընթացքում ինձ համար ապացուցվեց, որ միայն քաղաքապետ լինելով կարելի է այդ հարցին լուծումներ տալ, այլ կերպ՝ այսօրվա մեր օրենսդրական դաշտը հնարավորություն չի տալիս: Գյումրեցիների հետ հանդիպումների ժամանակ նրանք մշտապես հետաքրքրվում են՝ արդյոք Գյումրին ունենալո՞ւ է ինտելիգենցիայի ներկայացուցիչ քաղաքապետ: Իհարկե, հարցը էն չէ, որ ես եմ միայն ինտելիգենցիայի ներկայացուցիչ, կարող են շատ ներկայացուցիչներ լինել: Վերջիվերջո, երկրորդ քաղաքի քաղաքապետի անձի ե՛ւ որակական, ե՛ւ կրթական, ե՛ւ բարոյական հատկանիշները ինչ-որ տեղ պետք է բավարարեն այդ պաշտոնի առաքելությանը: Ես առաջադրվելով՝ պետք է ապացուցեմ, որ Գյումրիում դեռ մնացել է ինտելիգենցիա, որը կարող է թացը չորից ջոկել»:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ինքը՝ ինտելիգենցիայի ներկայացուցիչը, կարողանալո՞ւ է պայքարել մեծ լծակներ ունեցող՝ փողատեր քաղաքապետի ու ԱԺ պատգամավորի հետ, հատկապես որ ՀՅԴ-ից հեռացվել է եւ չունի որեւէ կուսակցության աջակցությունը. «Ես ընտրապայքարի մեջ մտնելու եմ իմ եսը, գաղափարները, բարոյական նորմերը քարոզելու սկզբունքով, ձայներ հավաքելու ակնկալիքով, երբեւէ չեմ մտածել, որ իմ մրցակիցների որեւէ բացասական, թերի հատկանիշը շեշտադրելու շնորհիվ ես պետք է քվե ապահովեմ, ո՛չ, էդ իմաստով ինձ համար միեւնույն է ինչ ոլորտի, որ հարթության անձ է իմ մրցակիցը, դա բացարձակապես չի ազդելու իմ քարոզչության վրա եւ ես համոզված եմ, որ չի ազդելու նաեւ իմ քվեների վրա, ես ունեմ քվեների այն «ստաբիլ» բազմությունը, որը ե՛ւ անկաշառ է, ե՛ւ անդրդվելի, ե՛ւ նվիրված»:

ՀՀՇ գրասենյակից «Առավոտին» տեղեկացրին, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է նաեւ ընդդիմությունը, ընդ որում՝ 2 թեկնածուով, որոնց անունները կհրապարակեն առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել