«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը օգոստոսի 19-ին մի շարք հարցեր էր ուղղել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, եւ ոստիկանությունը նրա գրությանը պատասխանել էր օգոստոսի 28-ին: Մասնավորապես՝ Սամվել Նիկոյանի հարցին, թե մարտի 1-2-ի դեպքերին ներգրավված ոստիկանության աշխատակիցներից «ում ի՞նչ զենք կամ հատուկ միջոցներ են ամրակցվել», պատասխանել են, թե ոստիկանների սպառազինության վերաբերյալ տեղեկությունները տրամադրվել են Հատուկ քննչական ծառայությանը. «Վերջինիս են տրամադրվել նաեւ զենքերի եւ հատուկ միջոցների գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքում ՀՀ ոստիկանությունում անցկացված ծառայողական քննության արդյունքները։ Ուստի, նշված հարցի սպառիչ պատասխանը կարող եք ստանալ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից»: Հանձնաժողովի նախագահի հարցին՝ «Ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տրվե՞լ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ո՞ւմ կողմից, ինչո՞վ էր պայմանավորված զենք կիրառելու անխուսափելիությունը», ոստիկանությունը պատասխանել է. «Ցուցարարների վրա կրակ բացելու հրաման որեւէ մեկի կողմից չի տրվել»: Ի պատասխան Սամվել Նիկոյանի մեկ այլ հարցի, թե հատուկ միջոցների ճիշտ գործադրման դեպքում դրանք կարո՞ղ էին մարդկանց մահվան պատճառ հանդիսանալ, ու խնդրանքի, որ ուղարկվի մարտի 1-ին ոստիկանության գործադրած «Չերյոմուխա» հատուկ միջոցի կիրառման կարգի մասին տեղեկատվություն՝ ոստիկանությունն էլի առաջարկել է պատասխան ստանալ Հատուկ քննչական ծառայությունից։ Նաեւ գրել են, թե այլ տեսագրություններ չունեն՝ ի պատասխան պրն Նիկոյանի գրության, թե մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների վերաբերյալ իրենց ներկայացրած տեսագրությունն ամբողջական չէ: «Այդ 2 րոպեանոց խղճուկ տեսագրությունից բացի ոչինչ չունեն»,- երեկ հանձնաժողովի նիստում հեգնեց ոստիկանության պատասխանը Սամվել Նիկոյանը: Ընդգծելով, որ իր հարցադրումները բխում են ԱԺ այն որոշումից, որով ստեղծվել է հանձնաժողովը, նա նշեց, թե նման պատասխաններով չեն կարող կատարել իրենց առաջադրված խնդիրները. «Առաջին անգամ իմ դժգոհությունն եմ արտահայտում պետական մարմնի աշխատանքից»:
Հ. Գ. Դատախազությունը դեռ չի պատասխանել օգոստոսի 20-ին Սամվել Նիկոյանի ուղարկած գրությանը՝ մարտի 1-ի զոհերի եւ նրանց մահվան հանգամանքների մասին: