Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 5-ի հանրահավաքը հետաձգվեց

Օգոստոս 30,2008 00:00

Այդ մասին երեկ ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը

«Մտահոգված լինելով մեր երկրի միջազգային վարկով, ինչպես նաեւ կողմնակիցը լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ չցանկանալով որեւէ կերպ ստվերել դրանց զարգացման հեռանկարներին նպաստող որեւէ միջոցառում», Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը հայտարարել է, որ ս.թ. օգոստոսի 31-ին, ժամը 23:00-ից դադարեցնում է Հյուսիսային պողոտայում հուլիսի 4-ից շարունակվող շուրջօրյա նստացույցը եւ սեպտեմբերի 5-ին նշանակված համահանրապետական հանրահավաքը տեղափոխել է հաջորդ ուրբաթ՝ սեպտեմբերի 12-ին: Իսկ մինչ այդ օրը, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության համաձայն, Հյուսիսային պողոտայում կշարունակվեն միայն, այսպես կոչված, «քաղաքական զբոսանքները», նստացույցի «ճակատագիրը» մնաց անորոշ: Ներկայացնելով Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի հիշյալ հայտարարությունը, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այն պայմանավորված է սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմամբ եւ այդ խաղի ժամանակ «ավելորդ լարվածությունից խուսափելու» նպատակ ունի: «Ի վերջո, մեր նպատակը լարվածություն ստեղծելը չէ այն պահին, երբ Հայաստանում են գտնվում հազարավոր թուրքեր եւ տեղի է ունենալու բավականին լուրջ միջոցառում: Ես վստահ եմ, որ ժողովուրդն ըմբռնումով կմոտենա այս որոշմանը: Մեկ շաբաթ հետաձգումը որեւէ ազդեցություն մեր շարժման ոգու վրա չի ունենա: Ավելին, ինչ-որ իմաստով դա հանգստանալու բարենպաստ առիթ է բոլորի համար: Նստացույցի մասնակիցներին եւ մեր բոլոր կողմնակիցներին կոչ ենք անում կազդուրվել եւ պատրաստվել պայքարի վճռական փուլին»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը: Նա նաեւ արձանագրեց, որ Հայ ազգային կոնգրեսը, որը հաստատակամորեն պայքարում է գործող, իր ձեւակերպմամբ, ապօրինի վարչախմբի դեմ, «միայն քաղաքական դիվիդենտներ քաղելու համար երբեք չի ձեռնարկել ու արել գործողություններ, որոնք ինչ-որ կերպ, թեկուզ միջնորդավորված, կարող են վնասել Հայաստանի պետականության ու ժողովրդի շահերին»։

Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի հայտարարության մեջ նաեւ այսպիսի կոչ կա՝ «չենթարկվել կեղծ ազգայնական սադրանքի, ընդհակառակը՝ օգնել կանխել այդպիսիք»: Թե ում նկատի ունի Կոնգրեսի գրասենյակը՝ ասելով «կեղծ ազգայնական», Լ. Զուրաբյանը չմանրամասնեց, թեեւ ակնհայտ է, որ այդ որակումն ուղղված է ՀՅԴ-ին, որը «սպառնացել» է ֆուտբոլային այդ խաղի օրը, Թուրքիայի նախագահի այցելության պարագայում, բողոքի ակցիաներ կազմակերպել:

Տպավորություն կա, որ այս քայլով Կոնգրեսը «ջուր է լցնում» Թուրքիայի նախագահին հրավիրած Սերժ Սարգսյանի «ջրաղացին»: Լ. Զուրաբյանը, սակայն, չհամաձայնեց, որ դա իշխանություններին ընդառաջ արված ժեստ է. «Եթե մենք ունենայինք նորմալ իշխանություններ, որոնք իսկապես անհանգստացած են երկրի վարկի համար, նրանք իրենք պետք է նախաձեռնեին բանակցություններ ընդդիմության հետ եւ մեզ խնդրեին նման քայլ կատարել: Նման խնդրանք չի եղել»: Ու թեեւ, նրա ասելով, «մենք պետական իմաստնությամբ աչքի ընկնող իշխանություն չունենք, բայց ընդդիմությունն ունի պետական մտածողություն եւ իմաստնություն, ուստի գնացել է այդ քայլին՝ առանց իշխանության դիմումի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել