Ասում է «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ «Հարավ» մասնաճյուղի փոխտնօրեն Մանուել Մանուկի Գասպարյանը, որը Քանաքեռ-Զեյթունի թաղապետի երեք թեկնածուներից մեկն է:
– Դուք վատ աշխատանք չունեք, ասում են՝ ինքնաբավ մարդ եք, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել թաղապետի ընտրություններին:
– Ես ծնվել եւ այսօր էլ ապրում եմ Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Ապրելով այստեղ եւ տեսնելով համայնքում կուտակված հիմնախնդիրներն ու հոգսերը, ես չեմ կարող անտարբեր մնալ դրանց հանդեպ: Քանաքեռ-Զեյթունը որպես Երեւանի Կենտրոն, Արաբկիր եւ մյուս համայնքները Ավանի, Նոր Նորքի հետ կապող օղակ, կարծում եմ, իր զարգացածությամբ ու ենթակառուցվածքներով շատ ետ է մնում մայրաքաղաքի մյուս համայնքներից: Ուզում եմ օրինակ բերել համեմատաբար փոքր բնակչություն ունեցող Ավան համայնքը, որն իր գործող երիտասարդ թաղապետի ղեկավարությամբ, մեծ թափով զարգանում եւ ծաղկում է, ինչը չեն կարող ասել մեր համայնքի բնակիչները: Ես, խորհրդակցելով մեր համայնքի բնակիչների, տարեցների ու երիտասարդների հետ, նրանց առաջարկությամբ որոշեցի առաջադրել իմ թեկնածությունը՝ որպես երիտասարդ եւ, ըստ իս, նոր մտածելակերպով կարող ուժ, որը ներուժ ունի օգտակար լինելու մեր համայնքի զարգացմանը: Այսօր Քանաքեռ-Զեյթունի բնակիչները մի քիչ օտարացած են համայնքի կառավարումից եւ զբաղված են միայն իրենց խիստ ընտանեկան հոգսերը հոգալով: Կարծում եմ, դրա պատճառը նաեւ այն է, որ համայնքում չկան նրանց համար հանգստի եւ ժամանցի բարեկարգված եւ, գլխավորը, անվճար վայրեր՝ զբոսայգիներ, խաղահրապարակներ եւ այլն: Ես քարոզարշավի ընթացքում համայնքի բնակիչների հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել եւ կարող եմ փաստել, որ նրանց ամենաշատը վիրավորում է տեղական իշխանությունների կողմից անտարբերության մատնված լինելու զգացումը: Նրանք շատ հոգսեր ունեն: Օրինակ՝ Քանաքեռում պոլիկլինիկան, որի շենքը տարիներ առաջ հանձնվել է ռուսական գնդին, մինչ օրս չի գործում: Կան բազմաթիվ այլ խնդիրներ` կապված բակերի, վերելակների, շենքերի շքամուտքերի, փողոցների եւ բակերի լուսավորության, նաեւ կոմունիկացիաների փտած լինելու պատճառով շենքերը վթարային դառնալու հեռանկարի հետ եւ այլն: Ես ցավ եմ զգում դրա համար, եւ, կարծում եմ, հնարավորություններ կան համայնքը ավելի բարեկարգ ու զարգացող դարձնելու համար, ինչու չէ՝ նաեւ մեկենասների օժանդակությամբ: Տեսեք, ժամանակին Քանաքեռում բարեգործական ճաշարան կար, որն այսօր չի գործում: Բնակիչների մոտ այս առումով ընդվզում կա: Մեր համայնքում կան սոցիալապես անապահով եւ միայնակ ծերեր, որոնց հոգսը համայնքի իշխանությունները կարող էին նաեւ այդ կերպ թեթեւացնել: Իմ նախընտրական ծրագրում առանձին անդրադարձ կա նաեւ համայնքի հաշմանդամների խնդրին, ինչն, իմ կարծիքով, անտեսված է: Խոսքը մասնավորապես շքամուտքերի աստիճանավանդակների թեքահարթակների կառուցման մասին է: Կան չնչին խնդիրներ, որոնք կարող են լուծվել հե՛նց համայնքային բյուջեի հաշվին: Քանաքեռ-Զեյթունի բյուջեն 2005-ին կազմում էր 600 հազար դրամ, իսկ այսօր 1 մլրդ դրամ է, բայց բնակիչների համար այդ տարբերությունը համայնքի համապատկերում տեսանելի չէ: Ես ոգեւորված եմ այն փաստով, որ համայնքի բնակիչներն ուրախ են իմ թեկնածության առաջադրմամբ՝ իրենց ասելով, նկատի ունենալով նաեւ իմ երիտասարդ լինելու հանգամանքն ու օր-օրի ծաղկող Ավան համայնքի երիտասարդ թաղապետի օրինակը: Ես էլ, լինելով Մանուկ Գասպարյանի որդին, ակտիվորեն մասնակցել եմ տարբեր մակարդակի ընտրությունների եւ հորս հետ միասին քարոզել արդարության, արդար պայքարի, ժողովրդավարության գաղափարը: Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում կաշխատեմ արդարացնել մեր համայնքի բնակչների հույսերը եւ վստահ եմ, որ դա ինձ մոտ կստացվի:
– Դուք այսօր մրցակցում եք մի մարդու հետ, ով գործող թաղապետ է, նրա թաղապետ դառնալը մեծապես պայմանավորված է եղել Ձեր հոր կողմից նրան ցուցաբերված աջակցությամբ: Դուք այսօր բարդույթներ չունե՞ք նրա հետ մրցակցության մեջ մտնելու իմաստով:
– Բացարձակապես: Ես սա չեմ համարում անձնական խնդիր: Ես, նշելով իմ հոր` Մանուկ Գասպարյանի դերը նախորդ ընտրություններում գործող թաղապետին սատարելու հարցում, միաժամանակ գտնում եմ, որ ես էլ եմ պատասխանատվություն կրում ժամանակին այդ ընտրություններում նաեւ հորս տված խոստումների կատարման համար: Դրանք կային այն ժամանակվա թեկնածուի նախընտրական ծրագրում, բայց այսօր թերի են կատարվել: Հիշեցնեմ, որ երբ հայրս համայնքի բնակիչներին կոչ էր անում ընտրել գործող թաղապետին, նաեւ հավելում էր, որ եթե նա էլ լավ չաշխատի՝ նրան էլ կփոխեք: Ես այսօր պարծենում եմ, որ ունեցել եմ Մանուկ Գասպարյանի նման հայր եւ գտնում եմ, որ եկել է ժամանակը նրա տված ու չկատարված խոստումներն իրականացնելու համար: Հենց դրա համար ես աշխատելու եմ այնպես, որ ավելի պայծառ ու լուսավոր պահեմ լուսահոգի հորս հիշատակը եւ պատասխանատու ու պատավորված եմ նաեւ նրա շիրիմի առջեւ:
– Այսօր այլ համայնքներից, որտեղ եւս ՏԻՄ ընտրություններ են սպասվում, ահազանգեր կան ընտրախախտումների, ընտրակաշառք բաժանելու, վարչական լծակի կիրառման մասին: Ինչպիսի՞ն է վիճակը ձեր համայնքում:
– Կարծում եմ, բոլոր համայնքերում էլ թեժ ընտրապայքար է ընթանում: Մեր համայնքում էլ կան փոքրիկ թերություններ, բայց, առանց դրանք մանրամասնելու, ուզում եմ դիմել մեր եւ մյուս համայնքների՝ հատկապես սոցիալապես անապահով վիճակում գտնվող բնակիչներին՝ չհավատա՛ք բոլոր այն քարոզներին, որ եթե գործող թաղապետերը չընտրվեն, դուք կզրկվեք, օրինակ՝ «Փարոս» ծրագրից կամ ձեր բնակվարձերի կուտակված պարտքերը չեն ներվի: Այդ ծրագրերն իրականացվում են պետական մակարդակով եւ ոչ թե այս կամ այն կոնկրետ թեկնածուի կողմից: Վարչական լծակների կիրառումն ու նաեւ համատիրությունների կողմից բնակիչների շրջանում տարվող աշխատանքը կարող են ազդել ընտրությունների վրա, բայց ես ամեն ինչ անելու եմ, որ դրանց ազդեցությունը հասցվի նվազագույնի: Ես սրա մասին խոսելու եմ նաեւ համայնքի յուրաքանչյուր բնակչի հետ:
– Ձեր թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը: Դա Ձեր ընտրապայքարին որքանո՞վ կօժանդակի կամ կխանգարի՝ շեշտելով Ձեր ընդդիմադիր գործիչ լինելու հանգամանքը:
– Համայնքային ընտրությունները խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ չեն,որ քաղաքականացվեն եւ կուսակցականացվեն: Թաղապետի ընտրությունների արդյունքում մարդիկ համայնքի՝ մեր փոքր ընտանիքի, ղեկավար են ընտրում: Լինելով ԺՈՒԿ-ի համակարգող, իսկ ԺՈՒԿ-ը Կոնգրեսի անդամ կուսակցություններից մեկն է, ես ստացել եմ նաեւ աջակցություն «Ժառանգության» եւ Հայաստանի կոմկուսի կողմից՝ նրանց համապատասխան հայտարարությունների տեսքով: Բացի այս, ես ունեմ նաեւ մեր համայնքում գործող, նույնիսկ իշխանական կոալիցիայի կուսակցությունների անդամ, ակտիվ բնակիչների աջակցությունը, եւ թաղապետ ընտրվելու դեպքում հանուն մեր համայնքի շենացման աշխատելու եմ բոլոր կարող ուժերի հետ՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Կոնգրեսի եւ մյուս կուսակցությունների աջակցությունն, անշուշտ, ոգեւորիչ է ինձ համար, բայց միաժամանակ ուզում եմ շեշտել. այսօր գրեթե բոլորն են քաղաքականացված եւ բաժանված ընդդիմության եւ իշխանության: Բայց ես ուզում եմ, որ այդ սեւ կամ սպիտակի բաժանումը չլինի, չեմ ուզում համայնքը դրա մեջ ներքաշել: Համայնքը պետք է լինի մեր ընտանիքը, որը մենք պետք է պահենք եւ պահպանենք: