Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԹԵՎԵԿՈՒՄ ԵՆ ԷՇԵՐՈՎ

Օգոստոս 29,2008 00:00

Այս օրերին Արցախի գյուղերից քաղաք տանող ճանապարհների երկայնքով ձգվում են ավանակների «քարավանները»: Հադրութում, Ստեփանակերտում, Մարտակերտում եւ Ղարաբաղի այլ քաղաքներում շքեղ ավտոմեքենաներին փոխարինում են ավանակների ու ձիերի սայլերը: Բանն այն է, որ արդեն 2 շաբաթից ավելի է, ինչ այստեղ էլ հեղուկ վառելիքի, հատկապես բենզինի դեֆիցիտ է: Ղարաբաղցիների խոսքերով, արդեն 10-15 օր է՝ ապրում են 60-70-ականների կենցաղով. «Ինչ Վրաստանում խառնվեցին իրար, մեր կյանքն էլ էստեղ տակնուվրա եղավ: Ինչքա՞ն կարող ենք տանը նստած մնալ ու ոչ մի տեղ դուրս չգալ: Քաղաք գնալու համար պետք է 2-3 ժամ էշին նստած դնգդնգալով ճանապարհ գնանք, իսկ ով էդ էլ չունի՝ ստիպված պետք է ոտքով գնա: Էլ չենք խոսում, որ հանկարծ մեկը հիվանդանա, տնով տեղով կրակն ենք ընկնելու, ամբողջ գյուղն ընկնես՝ մի լիտր բենզին չես ճարի, որ հիվանդանոց հասնես: Ով էլ ունի՝ թաքուն պահել է իրա նեղ օրվա համար»: Տասնյակ վարորդներ «Առավոտի» հետ զրույցում ասացին, որ արդեն 10 օր բենզինի ազատ վաճառք գոյություն չունի՝ ծանոթով են գնում: Նրանց հավաստմամբ, քանի որ իրենց մոտ գործող բենզալցակայանները միայն մասնաճյուղեր են, իսկ դրանց կենտրոնները գտնվում են Երեւանում, իրենք զանգում են այնտեղ եւ խնդրում միջնորդեն, որպեսզի տեղի բենզալցակայաններն իրենց հոգեպահուստներից բենզին տան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել