Լրահոս
Օրվա լրահոսը

Կանցկացվի պարային օլիմպիադա

Օգոստոս 29,2008 00:00

Չնայած, մասնագետներից ոմանց կարծիքով, բազմաթիվ խմբերի՝ «3»-ից բարձր չարժե գնահատել

Երեկ «Նովոստի Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալության մամուլի ակումբի հյուրերն էին Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը, Հայաստանի պարային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Գառնիկ Հովակիմյանը եւ ՀՀ մշակույթի նախարարության պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը: Նրանք խոսեցին սեպտեմբերի 25-28-ը ՀՀ-ում անցկացվելիք Հայաստանի պարային առաջին օլիմպիադայի մասին: «Օլիմպիադայի միջոցով Հայաստանում գործող պարային անձնակազմների հետ կտարվեն աշխատանքներ եւ մրցութային կարգով կընտրվեն լավագույնները, որոնք Հայաստանը կներկայացնեն համաշխարհային մրցույթներում»,- ասաց Ա. Մեսրոպյանը: Օլիմպիադայի ընթացքում կկազմակերպվեն 17 պարային ուղղություններով առաջնություններ՝ սկսած ժողովրդական պարից մինչեւ սալսա: Արտասահմանից ժամանած մրցավարները կանցկացնեն նաեւ վարպետության դասեր: Լրագրողներին հետաքրքրեց՝ օլիմպիադան ուշացա՞ծ չէ: «Ճիշտ կլիներ, որ նման բան ավելի շուտ կազմակերպվեր, սակայն մյուս կողմից՝ օլիմպիադաներն ու փառատոները չի կարելի արհեստականորեն կազմակերպել, պիտի ունենայինք բավականաչափ պարախմբեր։ Այժմ օլիմպիադան առանձնանում է եւ ժանրային առումով, եւ ընդգրկունությամբ: Ի տարբերություն մյուս փառատոների, այստեղ ընդգրկված են բոլոր ժանրերը միաժամանակ: Գործելու են նաեւ գնահատման չափանիշներ, որոնք անհրաժեշտ են եւ պարային խմբերին, եւ անհատ կատարողներին՝ միջազգային ասպարեզ դուրս գալու համար»,- պատասխանեց Գ. Մանասյանը:

«Առավոտը» պարոն Մանասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այն երեւույթին, որ պետական ակադեմիական դահլիճները տրամադրվում են, օրինակ, ձյուդոյի առաջնությանը, բանտային լիրիկա ներկայացնող «Բուտիրկային» կամ «Ռեֆլեքս» խմբի կիսամերկ աղջիկներին: «Ընդհանուր առմամբ՝ շատ վատ, քանի որ մեր դահլիճները պրոֆեսիոնալ են. թե ձայնային, թե լուսային, թե պրոֆեսիոնալ առումով դրանք համապատասխանեցված են իրենց ժանրին: Դրանց նկատմամբ խորհրդավորություն կա, պատասխանատվություն: Դրանք հնարավորինս չպիտի տրամադրվեն այդպիսի միջոցառումների: Բայց քանի որ Երեւանում եւ ընդհանրապես Հայաստանում չկան համապատասխան համերգային դահլիճներ, դրա համար էլ եղածներն են տրամադրվում: Ոչ «Արամ Խաչատրյան» համերգասրահը, ոչ էլ օպերային դահլիճը համերգային դահլիճներ չեն: Զարմանում եմ մեր գործարարների վրա, որ չեն ուզում համերգային դահլիճ կառուցել, ինչը նրանց համար էլ կլինի շահավետ»,- պատասխանեց Հայֆիլհարմոնիայի տնօրենը:

Գառնիկ Հովակիմյանն «Առավոտին» իր մտահոգությունը հայտնեց. «Ցավոք, այսօր վերացել են գեղարվեստական խորհուրդները, այնինչ՝ դրանց անհրաժեշտութունը կա մեր հանրապետությունում, որ ամեն պատահական մարդ չհայտնվի արտասահմանում եւ խայտառակի մեր մշակույթը»: Մեր դիտարկմանը՝ գուցե ինչ-ինչ մարդկանց ձեռնտո՞ւ չեն նման խորհուրդները, Գ. Հովակիմյանը համաձայնեց ու պատասխանեց. «Կա մշակույթի նախարարություն, որի իրավասությունների մեջ է դա մտնում: Սակայն դեմոկրատիայի այս պայմաններում ուժերի ապակենտրոնացում է գնում, եւ որեւէ գյուղի ակումբ՝ պարի խումբ, երգիչ, գումար ունենալու դեպքում կարող է հայտնվել Եվրոպայում ու գցել մեր վարկանիշը»: Իսկ Գ.Մեսրոպյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատական կտա ներկայումս ՀՀ-ում գործող բազում պարային խմբերին: «Առանձնացնելով ժողովրդական պարերի, բալետի եւ սպորտային պարերի ուղղությունները, մնացած պարային ուղղություններին կարելի է գնահատել «3»,- հնչեց պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել