Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՊԵ՛ՏՔ ԵՆ»

Օգոստոս 29,2008 00:00

\"\"Ասում է ռեժիսոր, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ «դրսի» եւ հայաստանյան թատրոնների միջեւ զուգահեռ անցկացնելով:

Առայսօր մեզանում գործում է թատրոնի կառավարման խորհրդային սկզբունքն ու ներքին կառուցվածքի մեխանիզմը (տնօրեն, փոխտնօրեն, գլխավոր ադմինիստրատոր, տարբեր բաժինների վարիչներ եւ այլն)։ Աշխարհը տարիներ շարունակ առաջնորդվում է արտմենեջմենտի եւ արտբիզնեսի սկզբունքներով, ասել է, թե՝ կան առանձին մասնագետներ՝ պահանջարկի ուսումնասիրման, պայմանագրային սկզբունքի, թատերական ներկայացումն իբրեւ վաճառքի առարկա դիտարկման եւ այլնի գծով։ «Առավոտը» հանդիպեց ռեժիսոր, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ, որը վերջերս մասնակցել էր Բոստոնում եւ Նյու Յորքում անցկացված արտմենեջմենտի դասընթացներին՝ ակնկալելով նրա դիտարկումները ժամանակակից, մասնավորապես՝ հայաստանյան թատրոնների կառավարման սկզբունքների շուրջ։

Ներկայացնում ենք Ռ. Բաբայանի խոսքն առանց լրագրողական միջամտության։ «Ցանկացած ոլորտ (տնտեսություն, կրթություն, մշակույթ եւ այլն) ապրում է ու զարգանում բարեփոխումների միջոցով։ Եթե վերջիններս բացակայում են, ապա ստեղծվում է հեղափոխական վիճակ, տեղի է ունենում պայթյուն, որի արդյունքում վերանում են շատ կարեւոր ու թանկ բաներ։ Ցանկացած հասարակություն կարիք ունի մշակույթի։ Ընդ որում, մշակույթը պետք է դիտել ոչ թե որպես նեղ սպասարկման դաշտ, այլ պարզապես անհրաժեշտություն ե՛ւ տնտեսության զարգացման, ե՛ւ քաղաքականության, ե՛ւ հասարակական հարաբերությունների առաջընթացի համար։ Մշակույթի զարգացումը առաջնահերթ խնդիր պետք է լինի նախեւառաջ տեղական իշխանությունների համար։ Օրինակ՝ Ամերիկայում հենց վերջիններս են շահագրգռված այս հարցում։ Նրանք ջանում են, որ իրենց համայնքում գործեն ավելի շատ մշակութային օջախներ (թատրոններ, գրադարաններ, պատկերասրահներ, համերգասրահներ եւ այլն)։ Միայն 20 օրերի ընթացքում ականատեսը եղա այն բանի, որ Բոստոնում բացվեց երեք նոր թատրոն. քաղաքից դուրս բերվեցին տարբեր հիմնարկներ, այդ թվում՝ դատարաններ, որոնց շենքերը տրամադրվեցին մշակութային օջախներին։ Հետո ստեղծվեցին պայմաններ, որպեսզի այդ օջախները ինքնուրույն հայթայթեն ֆինանսներ։

Չխոսեմ բազմաթիվ հարկային արտոնությունների թվում՝ տոմսերից ավելացած արժեքի հարկ չգանձելու մասին։ Հավելեմ նաեւ, որ վերջիններս չեն գանձվում նաեւ Բրոդվեյի թատրոններից, որոնք համարվում են շահույթ հետապնդող օջախներ։ Օրինակ՝ թատրոնի դիմացի քառահարկ ավտոկայանատեղին հանձնվեց թատրոնին՝ վերջինիս ֆինանսական ծախսերը ստացվող եկամուտների հաշվին հոգալու նպատակով։ Մեզ համար հեքիաթ թվացող մի կարեւոր հանգամանք. մարդիկ, այդ թվում՝ մեծահարուստներ, պարզապես հաճույք են ստանում թատրոնները հովանավորելով։ Ավելին՝ նրանք կարծես իրենց պարտավորված են զգում շրջապատի, համայնքի համար լավ գործ անելու հարցում։ Հայաստանում ամեն օր հանդիպում ենք այլանդակ երեւույթների, որոնց պատճառը մեկն է՝ մշակութային կյանքը չի դարձել հասարակության պահանջ։ Պիտի փորձենք ստեղծել, օրինակ, թատերական այնպիսի համակարգ, որտեղ շնորհալի երեւույթը (անհատ, թատերախումբ) հնարավորություն ունենա աճելու եւ զարգացնելու իր շնորհը։ Որո՞նք են դրա անհրաժեշտ քայլերը։ Նախ՝ գործող պետական թատրոններում գեղարվեստական ղեկավարներին բացատրել իրենց պաշտոնի բուն էությունը, նաեւ այն, թե ինչով է տարբերվում այն գլխավոր ռեժիսորի պաշտոնից։ Գեղարվեստական ղեկավար նշանակել մարդկանց, որոնք կարող են ներկայացնել թատրոնի գեղագիտական ծրագիր՝ առնվազն առաջիկա 3 տարիների համար եւ չունենալով նաեւ որպես գլխավոր ռեժիսոր ինքնահաստատվելու խնդիր, պարտավոր են զբաղվել թատրոնի գեղագիտությունը զարգացնելու, շնորհալի մարդկանց գործընթացի մեջ ներքաշելու եւ ընդհանուր թատրոնի գեղագիտական գիծը պահպանելու գործում։ Կարծում եմ, որ կարիք կա առժամանակ հետո հայտարարել գեղարվեստական ղեկավարների մրցույթ (նկատի ունի Օպերային եւ Մայր թատրոններում)։ Ուշ թե շուտ առանց գեղարվեստական ղեկավար աշխատող թատրոնները ունենալու են այդ պաշտոնները, իսկ մինչ այդ՝ մշակույթի նախարարությունը պետք է ստույգ կանոնակարգի գեղարվեստական ղեկավարի պարտականություններն ու լիազորությունները։ Իսկ թատրոններում գործող գեղխորհուրդների մասով նշեմ, որ դրանք պիտանի են ընդամենը որպես խորհրդակցական մարմին, բայց ոչ որոշումներ կայացնող…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել