Լրահոս
Օրվա լրահոսը

Դասագրքերը մնացել են Վրաստանում

Օգոստոս 29,2008 00:00

\"\"ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը հույս ունի, որ դրանք ժամանակին կհասնեն հասցեատերերին

Երեկ կրթության եւ գիտության նախարարությունում կայացավ փոխնախարար Բագրատ Եսայանի ասուլիսը, որը վերաբերում էր նոր ուսումնական տարվա մեկնարկին: Նրա փոխանցմամբ, սեպտեմբերի 1- ին հանրապետությունում կգործի 10 ավագ դպրոց, որից 3-ը՝ Երեւանում: Նոր կրթակարգի համաձայն, 12-ամյա կրթության անցման ամբողջական ներդրումն ապահովելու նպատակով 2007թ. մշակվել են օտար լեզուների, արվեստի, տեխնոլոգիայի, ֆիզիկական, նախնական զինվորական պատրաստության եւ անվտանգ կենսագործունեության, ուսումնական բնագավառների առարկաների չափորոշիչներն ու ծրագրերը, որոնց հիման վրա դպրոց կմտնի 65 անուն նոր դասագիրք՝ համապատասխան ուսուցչի ձեռնարկով: Փոխնախարարը նշեց, որ տարրական դպրոցի սովորողներին անվճար կբաշխվեն «Այբբենարան», «Մաթեմատիկա», «Մայրենի», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Ես եւ շրջակա աշխարհը» առարկաների դասագրքերն ու ուսուցչի ձեռնարկները: «Հայտնի դեպքերի պատճառով արտասահմանում տպագրված մոտ 10 անուն դասագրքերից կազմված բեռները մնացել են Վրաստանում: Երեկ կառավարությունում այս հարցը բարձրացվել է, եւ հույս ունենք, որ առաջնահերթ տեղափոխվող բեռների թվում կընդգրկվեն նաեւ դասագրքերը, եւ դպրոցները դրանք կստանան ժամանակին»,- ասաց բանախոսը: Բ. Եսայանը տեղեկացրեց, որ վերապատրաստվել են տարբեր առարկաների գծով շուրջ 15300 ուսուցիչ, դասվար, ուսումնական եւ դաստիարակության գծով փոխտնօրեն, իսկ համակարգչային գրագիտության ուղղությամբ՝ 7500 ուսուցիչ:

Փոխնախարարը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Գիտելիքների գնահատման հայեցակարգի» հիման վրա մշակվել եւ լրամշակվել է սովորողների ընթացիկ գնահատման մեթոդաբանության նախագիծը, որը շուրջ երկու տարի մի քանի դպրոցներում փորձարկվելուց հետո՝ ներկայացվել է հաստատման: Նա անդրադարձավ նաեւ աշակերտներին շատ հուզող՝ դպրոցների հնգօրյա կամ վեցօրյա լինելուն. «Մինչեւ երրորդ դասարան, այսինքն՝ 12-ամյա ուսուցմամբ դպրոց հաճախող երեխաների համար ուսուցումը կլինի հնգօրյա, իսկ մյուսների համար վեցօրյա, որովհետեւ ուսումնական պլանը դեռեւս նախկինն է, ծանրաբեռնվածությունն էլ՝ բավականին մեծ»: Փոխնախարարը հույս հայտնեց, որ ԱԺ-ն աշնանային նստաշրջանում վերջապես կանդրադառնա «Հանրակրթության մասին» օրենքին ու հաջորդ ուսումնական տարում կունենանք արդեն ընդունված օրենք. «Սա մի քանի ուղղություններով ենթադրելու է նաեւ նորմատիվ ակտերի ընդունում, մասնավորապես ամենահաճախ բարձրացվող՝ մանկավարժների ատեստավորման հարցը: Օրենքի ընդունումից հետո նախարարությունը կմտածի մանկավարժների ատեստավորման կարգի մասին: Արդեն ընդունված եւ գրանցման է ներկայացված տնօրենների ատեստավորման կարգը»:

Փոխնախարարը դպրոցներում իրականացվող դրամահավաքների մասին ասաց. «Դրամահավաք ասվածը մեր կյանք մուտք է գործել այն ժամանակ, երբ տնօրենները սկսեցին ուղղակի պարտավորության տակ դնել ծնողներին՝ ամեն ամիս մուծումներ կատարել, որոնք հայտնի չէ, թե ինչպես են ծախսվում: Բազմիցս ասել ենք՝ ցանկացած դպրոց իրավունք ունի ստեղծել ֆոնդ, եւ եթե դպրոցի տնօրենը նորմալ է աշխատում ու կազմում է հաջորդ տարվա իր գործունեության բյուջեն, խնդիրներ չեն առաջանում: Բյուջեի դեֆիցիտը լրացնելու ուղղությամբ տնօրենի անմիջական պարտականությունն է աշխատել բարեգործական կազմակերպությունների, միջազգային ֆոնդերի, ծնողական համայնքի հետ, որպեսզի թափանցիկ ձեւով որոշակի գումարներ մուծվեն դպրոցի հաշվեհամարին: Տնօրենը հետագայում պարտավոր է մանրամասն հաշվետվություն ներկայացնել դպրոցի խորհրդին, թե ինչ գումարներ են ներմուծվել, ում կողմից եւ ինչ ուղղություններով են ծախսվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել