Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ Է

Օգոստոս 29,2008 00:00

\"\"Ընդդիմության ներկայացուցիչները ջանում են մերկացնել քրեակատարողական հիմնարկներում գոյություն ունեցող բացերը:

«Այսօր 76 ընկերներ գտնվում են կալանավայրերում, որը մեր իրականության ամոթալի փաստերից է: Վերջերս հանրության մեջ տարածվեց կալանավայրերին վերաբերող մի տեսաերիզ, ուր անարգվում էր մի կալանավորի պատիվն ու արժանապատվությունը, որին մենք չենք ճանաչում, նա քաղբանտարկյալ չէ: Բայց խնդիրը դա չէ: Այս երկրում քաղբանտարկյալների հանդեպ առանձնակի «ուշադրություն» կա իշխանությունների կողմից: Կարող ենք բերել բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են ոտնահարվել ՀՀ օրենքները կալանավայրերում: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի խցում հայտնվել էր մի մարդ, ով նախկինում 4 անգամ դատվել էր: Նույն քրեակատարողական հիմնարկների օրենքով ու կանոնակարգով խստագույնս արգելվում է առաջին անգամ կալանավորված ու դատապարտված մարդու հետ նույն խցում պահել արդեն դատված մարդկանց: Մեր խցում կար մեկը, ով 3 անգամ էր դատապարտված»,- երեկ ՀԺԿ գրասենյակում հրավիրված ասուլիսում հայտարարեց նախինում Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ աշխատած Գուրգեն Եղիազարյանը: «Առավոտի» հարցին, թե քաղբանտարկյալների հետ միեւնույն խցում այլ դատապարտվածների պահելն ի՞նչ նպատակ է հետապնդում, Գ. Եղիազարյանը պատասխանեց. «Մեկուսարաններում հայտնվում են անփորձ քաղաքական գործիչներ, իսկ մի քանի անգամ դատապարտվածներն արդեն տեղյակ են մեկուսարանի ողջ նիստ ու կացին: Իշխանությունները լավ գիտեն, որ բոլորի վրա մեղսագրված քրօրի 300 եւ 225 հոդվածները (պետական իշխանությունը յուրացնելը, զանգվածային անկարգություններին մասնակցելը) դատարաններում չեն հիմնավորվելու: Եթե նույնիսկ կատարեն հրահանգները, ինչպես 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչին դիմադրելը) պարագայում է, ապա հետո այդ ամենը պայթելու է: Մեկուսարաններում, օրենքը խախտելով, կարող են գնալ քայլերի, որպեսզի խցում մարդը չդիմանա՝ մեկին ապտակի կամ ուժեղ հարվածի, որի արդյունքում կհարուցվի քրեական նոր գործ»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, Կարապետ Ռուբինյանի, Գուրգեն Եղիազարյանի եւ այլոց ստորագրությամբ երեկ տարածվեց հայտարարություն, որտեղ նշվում է, որ «Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները: Շարունակական են դարձել քաղբանտարկյալների հանդեպ տարբեր սադրանքները: Կոչ ենք անում եւ պահանջում նախարար Գեւորգ Դանիելյանից՝ հետամուտ լինել այդ հիմնարկներում մարդու իրավունքների պահպանմանը: Ցանկացած սադրանք հետամուտ է լինելու մեր կողմից»: Ըստ Գ. Եղիազարյանի, քաղբանտարկյալների նկատմամբ ոտնձգության պատասխանատուն լինելու է անձամբ Գ. Դանիելյանը: «Եթե այս ամենը շարունակվի, ապա մենք այս փաստերով դիմելու ենք Եվրոդատարան»,- ընդգծեց Գ. Եղիազարյանը:

Բարձրաձայնելով իրենց մտահոգությունը առկա տեսաերիզի առնչությամբ՝ Գ. Եղիազարյանը հավելեց, որ քաղաքացուն ծեծ ու ջարդի, անարգանքի ենթարկած փաստի առթիվ իշխանությունները չեն արձագանքել եւ այս ամենի պատասխանատուն կրկին արդարադատության նախարարն է:

Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ Կ. Ռուբինյանը, որը եւս մեղադրվում է 300 եւ 225 հոդվածների հատկանիշներով եւ որի մատուցմամբ՝ այժմ քաղբանտարկյալները պատանդի կարգավիճակ ունեն, նշեց. «Տեսաերիզում արտացոլվածը տեղի է ունեցել անցած տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Մենք գիտենք, որ ողջ ղեկավարությունը տեղյակ է դեպքին, բայց որեւէ մեկը պատիժ չի կրել, եւ այդ վայրագություններ անողն այժմ ազատության մեջ է»: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը շրջանառվող տեսաերիզի գոյությունը հիմնավորեց այսկերպ. «Համոզված եմ, որ դա իշխանությունների ձեռքի գործն է, որպեսզի կալանավայրերում հայտնվողներն իմանան, թե ինչ կարող է այնտեղ պատահել իրենց հետ»:

Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեք «Մարտի 1»-ի գործն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի արդեն հրապարակվող նախնական եզրակացություններից, Գ. Եղիազարյանն արձագանքեց. «Այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի միակ նպատակն է՝ գրել քաղաքական զեկույց, որն ուղղակի տանդեմ կհանդիսանա դատախազության քննիչների համար՝ ամրագրելու մեր ընկերների դեմ հարուցված 316, 300 եւ 225 հոդվածները: Հակառակ դեպքում՝ այդ լսումներին կհրավիրեին մարդկանց, ովքեր «Մարտի 1»-ի հետ կապված շատ հետաքրքիր պատմություններ կպատմեին եւ շատ հարցեր կփակվեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել