Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույսի ավանը» հուսախաբ է արել

Օգոստոս 29,2008 00:00

\"\"40 հազար դրամի համար՝ 6 հոգանոց ընտանիքին բարեգործությամբ հատկացրած բնակարանից վտարել են:

Մարատ Պետրոսյանն ու իր անչափահաս 5 երեխաները «տնավորվել» են քաղաքապետարանի դիմացի այգում: Նրանք արդեն 2-3 օր է՝ ուտում, քնում, ճաշ են եփում ու իրենց բնական կարիքներն են հոգում հենց այդ այգում: Մեր այցելության պահին ընտանիքը պատրաստվում էր նախաճաշել. 15-ամյա զույգ քույրիկներ Էլմիրան ու Էվելինան մի քանի ձու էին գնել ու իրենց փոքրիկ գազօջախի վրա ձվածեղ էին պատրաստում:

Մ. Պետրոսյանն ու նրա երեխաները, նախքան այգի տեղափոխվելը, որպես անապահով բնակվել են «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին պատկանող «Հույսի ավան» թաղամասի բնակարաններից մեկում: Բնակարանը հատկացնելիս ընտանիքի հայրը կարծել է, թե որքան ցանկանան եւ ինչպես ցանկանան՝ կվայելեն այն, քանի որ տան հավաստագրում նշված է, որ բնակարանը հանձնվում է անհատույց եւ անժամկետ տնօրինման: Սակայն 1 տարի հետո բարեգործական ընկերությունը Մ. Պետրոսյանին պայմանագիր է ներկայացնում, ըստ որի՝ բնակարանը տնօրինողը որոշակի պարտավորություններ պետք է ստանձնի, ասենք՝ բնակարանում եղած գույքն անվնաս օգտագործի, տունը վերանորոգի եւ այլն: Այդ պարտավորությունների մեջ մտել է նաեւ այն, որ տանտերը պետք է կադաստրի հետ պայմանագիր կնքեր եւ համապատասխան վճարումներ կատարեր:

«Կադաստրի հետ էդ պայմանագիրը կնքելու համար պետք է 40 հազար դրամ մուծեի, բայց ինձ որտեղի՞ց էդքան փող: Էրեխեքին հասնող նպաստով հազիվ էինք յոլա գնում, բայց էդ պահին նպաստը կտրել էին, պատճառաբանելով, թե իբր ես աշխատում եմ: Էդ 40 հազարը չտալու համար մեզ «Հույսի ավանից» հանեցին: Հիմա 5 անչափահաս էրեխեքիս հետ դրսերն եմ մնացել, գոնե մեզ մի տեղ ժամանակավոր տուն տան, որ էրեխեքը գիշերը դուրսը չմնան»,- մեզ հետ զրույցում պատմեց Մարատ Պետրոսյանը:

Մինչ ընտանիքի հայրը 40 հազար դրամի փնտրտուքների մեջ էր, «Դիակոնիայի» տնօրինությունը դիմել էր դատարան ու ընտանիքին «Հույսի ավանից» վտարել. «Քաղաքապետարանից ինձ օգնեցին, փողը ձեռքիս գնացի, որ բանակցեմ, որպեսզի մեզ չհանեն, բայց արդեն ուշ էր: Ինձ ասեցին, կարա՞ս՝ դատի ընթացքը կանգնեցրու: Մի որոշ ժամանակ հետո էլ ԴԱՀԿ-ն եկավ ու մեզ դուրս շպրտեց»:

Այս ընտանիքին պետության միակ օգնությունը եղել է այն, որ ընդամենը մեկ ամիս թույլ են տվել բնակվել Հաղթանակ գյուղի ծերանոցում, սակայն ժամկետը լրանալուց հետո անմիջապես դուրս են եկել ու հաստատվել այգում: Մ. Պետրոսյանը պատրաստվում է այստեղից այնտեղից՝ փայտ, շինանյութ հայթայթել ու գոնե մի փոքրիկ ծածկ կառուցել: Ուշագրավ է, որ քաղաքապետարանի քթի տակ 2-3 օր նստացույց անող այս ընտանիքը քաղաքապետ Երվանդ Զախարյանի կամ որեւէ չինովնիկի գութը չի շարժել: Նրանցից որեւէ մեկին չի հետաքրքրել, թե 5 անչափահաս երեխաներն ինչու են հայտնվել փողոցում: Ընդամենը 3 օրից սեպտեմբերի 1-ն է: Եթե Մ. Պետրոսյանի մյուս երեխաները գոնե սեպտեմբերի 1-ին դպրոց են գնացել տնից, ապա 6-ամյա Աննան պետք է առաջին դասարան հաճախի քաղաքապետարանի դիմացի այգուց: Թեպետ երեխան ոչ դպրոցական հագուստ ունի, ոչ պայուսակ, ոչ էլ գրենական պիտույքներ: Քույրերն ու եղբայրն էլ նույն վիճակում են: «Մեր դպրոցը Աջափնյակ համայնքում է, բայց թե ո՞նց ենք էստեղից դպրոց հասնելու՝ չգիտենք, ոչ հագնելու բան ունենք, ոչ էլ լվացվելու տեղ կա»,- մեզ հետ զրույցում ասացին Էվելինան ու Էլմիրան:

Այս առնչությամբ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վազգեն Համբարձումյանը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ ընտանիքին վտարել են պայմանագրային պարտավորությունը չկատարելու պատճառով, այսինքն՝ Մ. Պետրոսյանը նոտարական վավերացումը չի կատարել եւ կադաստրի հետ պայմանագիր չի կնքել: Մեր այն դիտարկմանը, որ գումար չեն ունեցել, այդ պատճառով էլ չեն կարողացել գործարք կատարել, պարոն Համբարձումյանն ասաց. «Բա ես ի՞նչ անեմ, ես հո «Ֆորդ» ընկերությո՞ւնը չեմ: Արդեն երկու տարի է՝ համբերում էինք: Նախ՝ 30 հազար էր, ոչ թե՝ 40: Չի կատարել վավերացումը, մենք էլ դիմել ենք դատարան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել