Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐՔՄԱՆ ՀԵՐՔՈՒՄ

Օգոստոս 29,2008 00:00

\"\"Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն ավելի լավ է տիրապետում Սուրեն Սիրունյանի առողջական վիճակի մասին տեղեկատվությանը, քան ինքը՝ Սիրունյա՞նը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն արձագանքել է մեր օրաթերթի օգոստոսի 27-ի համարում «Բժշկական ձեւական հսկողություն» հրապարակմանը, որում փոխանցել էինք «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող Սուրեն Սիրունյանի հայտնած տեղեկությունները: Մամուլի քարտուղարը սա անվանել է «իրականությունը խեղաթյուրած հոդված» եւ առանձին-առանձին հերքել Սիրունյանի բոլոր ասածները: Այդ հերքման մասին զրուցեցինք կալանավորի կնոջ՝ Գայանե Ներսիսյանի հետ, որը վերստին հաստատեց ամուսնու ասածները:

Արսեն Բաբայանը հերքել էր Սուրեն Սիրունյանի պնդումը, թե իրեն վիրահատած բժշկին պարտադրել են, որ բուժումները տեւեն 14 օրից ոչ ավելի. «Քրեակատարողական վարչության հարցմանն ի պատասխան, «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնը հայտնել է, որ «պոչուկի էպիթելային ուղիների սուր բորբոքում» ախտորոշմամբ հիվանդները, որպես կանոն, ստացիոնար բուժում են ստանում մինչեւ 8 օր ժամկետով: Տվյալ դեպքում, 14 օր մնալը պայմանավորված է եղել ոչ թե բժշկի պարտադրանքով, ինչում որեւէ մեկը չէր կարող շահագրգռված լինել, այլ սոսկ Սիրունյանի բուժման առանձնահատկություններով»: Գայանե Ներսիսյանն այս կապակցությամբ ասաց, թե տեղյակ է, որ «նրանք անընդհատ զանգել են բժշկին ու ասել, թե դուրս գրի, դուրս գրի»:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղարն «ակնհայտ սուտ» է անվանել Սուրեն Սիրունյանի պնդումը, որ թեեւ իր վիրակապերը պիտի փոխեին օրը 3 անգամ՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում 6 օրվա ընթացքում ընդամենը 2 անգամ են փոխել՝ անհրաժեշտ նյութերի բացակայության պատճառով: Ըստ Արսեն Բաբայանի՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժինն «ապահովված է վիրակապություն անելու համար անհրաժեշտ դեղորայքով եւ բժշկական պարագաներով», ուղղակի «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնից Սիրունյանը դուրս է գրվել «վիրահատական վերքի բավարար վիճակով», իսկ օգոստոսի 27-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վիրաբուժական բաժանմունքի պետ Հովսեփ Հովսեփյանի եզրակացությամբ՝ «վերքի որեւէ բարդացում չի նկատվել»: Ըստ այդմ՝ «Վիրակապությունը կատարվում է ոչ թե Ս. Սիրունյանի ենթադրած հաճախականությամբ, այլ՝ ելնելով վերքի վիճակից, ըստ անհրաժեշտության, ինչը եւ սահմանված կարգով արվել է»:

Գայանե Ներսիսյանն այս առնչությամբ (ցավոք՝ շփոթելով վիրաբույժի անունը եւ Հովսեփ Հովսեփյանի փոխարեն ասելով Հովսեփ Դավթյան) երեկ մեզ հայտնել էր, թե նա հաստատել է, որ Սիրունյանի վերքի վրա պետք է ամեն օր դրվի վիրակապ: Երեկվա համարում հրապարակված այդ լուրի կապակցությամբ մի նոր հերքում ստացանք արդարադատության նախարարության ՔԿՎ պետի մամուլի քարտուղարից, որը պնդում է, թե «կրկին խեղաթյուրվել են փաստերը»: Եվ հայտնել է, թե Սիրունյանին օգոստոսի 27-ին հետազոտած Հովսեփ Հովսեփյանը «եզրակացրել է, որ բուժման եւ առողջացման ընթացքը գտնվում է գերազանց վիճակում: Ընդ որում, եզրակացությունն արձանագրվել է գրավոր: Բժիշկ Հ. Հովսեփյանը կատարել է դեղորայքի նշանակում եւ հիմնարկի բժշկական անձնակազմին հրահանգել է վիրակապերը փոխել ամեն օր, ինչը եւ կատարվել է»: Փաստորեն, վերջին մասով լուրը հաստատվել է:

Գայանե Ներսիսյանն ամուսնու անունից նորից պնդեց. «Հետվիրահատական շրջանում «Վարդաշեն» ՔԿՀ-ում բժիշկների կողմից մինչ այդ մեկ շաբաթվա մեջ 2 անգամ է վիրակապերը փոխվել: Եվ մեկ անգամ՝ հին, ժամկետանց դեղով են մաքրումներ արել»:

Սուրեն Սիրունյանն «Առավոտին» նաեւ հայտնել էր, թե իրեն չեն հետազոտում տեւական գլխացավերի՝ միգրենի կապակցությամբ, եւ անգամ դեղեր չի ստանում: Արսեն Բաբայանը սա դարձյալ որակելով «փաստերի խեղաթյուրման դրսեւորում»՝ գրել է, թե դեռ մայիսին էր Սիրունյանը դիմել «Վարդաշեն» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժին՝ գլխացավերի կապակցությամբ. «Ախտորոշվել էր «միգրեն», նշանակվել համապատասխան բուժում, որը եղել է արդյունավետ: Հուլիսի 25-ին Սիրունյանի առողջական վիճակի վատացման կապակցությամբ հրավիրվել է նյարդաբան Ն. Եղիազարյանը, որը ախտորոշել է «Հետտրավմատիկ էնցեֆալոպաթիա (տրավման 1994թ.՝ ավտովթար), արտահայտված հիպերտենզիոն սինդրոմով»: Նշանակված բուժումից Ս. Սիրունյանը գրավոր հրաժարվել է, որի պատճառով հուլիսի 31-ին նույն մասնագետի կրկնակի այցելության արդյունքում նրա օբյեկտիվ վիճակի մեջ փոփոխություն չի եղել: Խորհուրդ է տրվել ընդունել նշանակված բուժումը, եւ որեւէ գործիքային հետազոտության կարիք չի եղել»:

Այս առնչությամբ Գայանե Ներսիսյանը հաստատեց, որ մայիսին բուժումն իրոք արդյունավետ էր, եւ դադարել էին ամուսնու գլխացավերը: Սակայն հուլիսին կրկնվելուց հետո՝ «նրանք ասել են, թե նշանակվել է կոնսերվատիվ բուժում: Հայտարարում եմ, որ արված ախտորոշման կապակցությամբ ոչ մի հաբ, ոչ մի բուժում ամուսինս չի ստացել: Հուլիսի 31-ին կատարվել է նրա որովայնի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտություն եւ հայտնաբերվել նյարդի հյուսվածքի դիֆուզ փոփոխություն, ճարպային հեպատոզ: Այդ ախտորոշման կապակցությամբ նույնպես գրել են, թե Սիրունյանը ստանում է կոնսերվատիվ բուժում: Բայց էլի պնդում եմ, որ այդ հիվանդության կապակցությամբ էլ ամուսինս ոչ մի հաբ չի ստացել: Նույնիսկ չի էլ իմացել, որ իր մոտ նման բան է հայտնաբերվել: Եվ ամուսինս ոչ թե բուժումից է հրաժարվել, այլ առանց համապատասխան գործիքային հետազոտությունների ձեռնարկվելիք միջոցներից: Քանի որ առանց հստակ իմանալու, թե այս պահին իր հետ ինչ է կատարվում՝ նրան անընդհատ անալգին եւ չգիտես ինչ են սրսկում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել