Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՎԱՑՔԸ» ՉԹՈՂԵՑԻՆ ՓՌԵԼ

Օգոստոս 29,2008 00:00

ՀՀ նախագահի նստավայրի մոտ ոստիկանների ջանքերի արդյունքում չստացված «լուռ ակցիայի» մասնակիցները Բաղրամյան պողոտայից շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ պիտի կայանար նախօրոք հայտարարված ոչ զանգվածային «Լվացք» բողոքի ակցիան:

Ակցիայի նախաձեռնողները նոր էին պարաններ կապել պողոտայի մի փոքրիկ հատվածում, որտեղ կախելու էին ՀՀ եռագույն դրոշները, երբ հայտնվեցին երկու ոստիկաններ, որոնցից մեկը հատկապես ագրեսիվ էր: «Դուք իրավունք չունեք, մենք պտի իմանանք՝ ինչ եք անում, հավաքեք»,- կանանց վրա հոխորտում էին ոստիկանները: Ցուցարարների հարցին, թե իրենք ո՞ր օրենքը կամ հասարակական ո՞ր կարգն են խախտում եւ ո՞ւմ հանգիստն են խանգարում իրենց ակցիայով՝ որեւէ պատասխան չեղավ: Օգնություն կանչելուց այս երկու ոստիկանին միացան նաեւ ոստիկանության երկու փոխգնդապետերը՝ ՊՊԾ հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերի Օսիպյանը: Նրանք ժպիտը դեմքներին, բայցեւ բռնի ուժով պոկեցին «լվացքի» պարաններն ու հավաքեցին դրանց վրա կախված «եռագույնները»: Թե ինչու ՀՀ քաղաքացին չի կարող օգտվել կարծիք հայտնելու, բողոքի խաղաղ ակցիա անելու սահմանադրական իր իրավունքից` այս ոստիկանները չպարզաբանեցին: Չեղավ նաեւ պատասխան այն հարցին, թե ո՞րն է ոստիկանների գործողությունների տրամաբանությունը: Ակնհայտ է միայն մի բան. իշխանություններին ահավոր նյարդայնացնում է այլախոհության որեւէ՝ անգամ փոքրիկ դրսեւորում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել