Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Օգոստոս 29,2008 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստերում եւ դատավոր Ռուբեն Ափինյանի որոշմամբ երրորդ անգամ եւ եւս երկու ամսով երկարացրեց ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ վերջիններս մեղադրվում են ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ «պետական իշխանության յուրացում», եւ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ», հատկանիշներով: Հավելենք նաեւ, որ երկու պատգամավորներն էլ առողջական լուրջ՝ կյանքին սպառնացող պրոբլեմներ ունեն:

Երեկ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի կինը՝ Աննան, «Առավոտին» փոխանցեց, որ չորեքշաբթի օրն ինքը հանդիպել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող իր ամուսնուն եւ մտահոգված է նրա առողջությամբ. «Նրա առողջական վիճակը բավականին լուրջ է: Երեկ մեկուսարանում նրան բժիշկներ են այցելել: Պարզվել է, որ արդեն եղած պրոբլեմներին ավելացել է եւս մեկը: Նա մինչ այս էլ բողոքներ ուներ ծնկի մասում եղած ցավերից, իսկ երեկ բժիշկները եկել են եզրակացության, որ ծունկը պետք է վիրահատել, բայց դրա համար նախ պետք է ալերգիան բուժվի»: Տիկին Աննան մի ճշտում էլ արեց՝ արձագանքելով «Առավոտում» եղած մի հրապարակման, որտեղ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ասել էր, թե հանձնաժողովի միջնորդության արդյունքում էր, որ Մյասնիկ Մալխասյանը երեք օր բուժվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Տիկին Աննայի փոխանցմամբ, ժամանակավոր հանձնաժողովի այդ միջնորդությունը Գլխավոր դատախազությունը չի էլ քննարկել. «Մալխասյանին «Էրեբունի» են տեղափոխել մեկուսարանի ղեկավարության հանձնարարությամբ եւ քննչական խմբի համաձայնությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել