Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒԼԻ «ԱԽՐԱՆԱՆ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

Օգոստոս 29,2008 00:00

Թուրքիայի պետական պահպանության ծառայությունը պատրաստվում է երկրի նախագահի՝ Երեւան կատարելիք հնարավոր այցին: Ըստ «Նոյյան տապանի», այս մասին հաղորդում է թուրքական «Զաման» օրաթերթը, վկայակոչելով Անկարայի քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունները: Մեջբերելով Աբդուլլա Գյուլի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերի հետ կապված հետեւյալ հայտարարությունը՝ «մենք դեռեւս որոշում չենք կայացրել գնալ-չգնալու առնչությամբ, վերջին քննարկումներն են ընթանում», թերթը գրում է, թե Թուրքիայի նախագահի կողմից այդ հրավերի ընդունումը բարդանում է երեք հիմնահարցերով: Դրանք են՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող շահարկումները, Երեւանի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականության չճանաչումը եւ ղարաբաղյան հակամարտությունը: Թերթը, միեւնույն ժամանակ, նշում է, որ Գյուլի՝ Երեւան մեկնելու հավանականությունը զգալիորեն աճում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կովկասյան միություն ստեղծելու մասին վերջերս արած առաջարկությամբ:

Անկախ ամեն ինչից, ինչպես գրում է «Զամանը», Աբդուլլա Գյուլի թիկնազորը պատրաստվում է թուրք նախագահի` Հայաստան կատարելիք այցին: Այդ կապակցությամբ, նախքան Գյուլի ժամանումը, հավանաբար Երեւան կգա 15 հոգուց բաղկացած հակագրոհային մի խումբ՝ զինված MP-5 եւ M-16 տիպի ինքնաձիգներով: Վերջիններս հայկական անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ միասին նախապատրաստական աշխատանքներ կիրականացնեն` Երեւանում Աբդուլլա Գյուլի անվտանգությունը ապահովելու համար:

ԵՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը երեկ լրատվամիջոցներին է փոխանցել ԵՄ Խորհրդի նախագահության հայտարարությունը՝ ընդունված «ի պատասխան ռուսական իշխանությունների կողմից Աբխազիայի եւ Հարավօսեթիայի անկախության ճանաչման»: Դրանում, մասնավորապես, ասված է.

«ԵՄ Խորհրդի նախագահությունն ի գիտություն է ընդունել Աբխազիայի եւ Հարավօսեթիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ ռուսական իշխանությունների որոշումը։ Նախագահությունը վճռականորեն դատապարտում է այդ որոշումը։ Այն հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության մասին կոնֆերանսի եզրափակիչ ակտով եւ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերով ճանաչված Վրաստանի անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին։ Նախագահությունը հաստատակամորեն հիշեցնում է, որ պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո։ Նախագահությունը կոչ է անում վրաստանյան հակամարտությունները լուծել քաղաքական ճանապարհով եւ այս տեսանկյունից կքննարկի Ռուսաստանի հիշյալ որոշման հետեւանքները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել