Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՒՆԵՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ

Օգոստոս 29,2008 00:00

Ասում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

– Փետրվարի 24-ին Դուք եւ 13 այլ գեներալներ ու գնդապետներ հայտարարեցիք, թե դադարեցնում եք ձեր անդամակցությունը ԵԿՄ-ին, քանի որ նախագահական ընտրություններից հետո կազմակերպության որոշ անդամներ «սկսել են զբաղվել Երկրապահին ոչ վայել գործունեությամբ»: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այժմ տարածված լուրերը, թե փորձելու եք դառնալ ԵԿՄ վարչության նախագահ:

– Նախ՝ համառոտ անդրադառնամ, թե ինչու հայտարարեցինք մեր անդամակցությունը դադարեցնելու մասին: Յուրաքանչյուր ընտրության կամ քաղաքական այլ իրադարձության ժամանակ ԵԿՄ-ում առաջանում են նման խժդժություններ: Եվ հավաքվում են (ընդ որում՝ առանց վարչության որեւէ որոշման) ու նեղ շրջանակով ընդունում որոշումներ եւ այլն: Նաեւ այս անգամ այդպես եղավ: Այդ ժամանակահատվածում ինքս երկու անգամ այցելել եմ ԵԿՄ վարչություն ու ասել, թե ի վերջո՝ ես էլ եմ ԵԿՄ անդամ (այն ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էի), ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է խնդիրը: Զրույցների ժամանակ տեսա, որ տրամադրվածությունն ըմբոստ է: Եվ ԵԿՄ վարչության նախագահին առաջարկեցի, որ եթե դժվար է ինչ-որ որոշում կայացնելը, ապա հրավիրենք վարչության նիստ եւ հայտնենք մեր դիրքորոշումը: Խոսակցությունը հստակ էր՝ որպես այս պետությունը կերտող կազմակերպություններից մեկը պետք է պետականամետ դիրքորոշում ունենանք պետության ամրապնդման առնչությամբ: Չեղավ նման նիստ:

– Դուք թերեւս ակնկալում էիք, թե ԵԿՄ վարչությունը պիտի հայտարարեր ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելո՞ւ մասին:

– Իսկ ինչո՞ւ ոչ. նա նրանց մարտական ընկերն է: Սակայն նաեւ ակնկալում էի, որ ԵԿՄ-ն պիտի հանդես գար այսպիսի հայտարարությամբ, թե չենք խառնվելու ներքաղաքական որեւէ գործընթացի: Բայց ի վերջո տեսանք, որ ԵԿՄ-ն միացավ ընդդիմությանը՝ ընթացքում համազգեստ հագան որոշ մարդիկ, զենքեր բաժանվեցին եւ այլն, որի իրավունքն իրենք չունեին:

Մեզ դուր չեկավ այս ամենը, եւ հայտարարեցինք, թե դադարեցնում ենք մեր անդամակցությունը: Նկատի ունեինք ժամանակավորապես դադարեցումը՝ մինչեւ կլուծվեին այդ խնդիրները: Ի դեպ, նշեմ, որ ԵԿՄ կանոնադրությամբ՝ ԵԿՄ վարչության անդամի ազատման բացառիկ իրավունքը համագումարինն է: Մեր հայտարարությունից հետո համագումար չի եղել: Չեն եղել նաեւ վարչության նիստեր: Եվ մեր հայտարարությունը մնացել է առկախ:

– Հիմա դե-յուրե ԵԿՄ անդա՞մ եք:

– Իհարկե՛: Եվ ինչո՞ւ միայն դե-յուրե: Մենք էությամբ՝ դե-ֆակտո էլ ենք երկրապահներ, ազատագրական պայքարի մասնակիցներ:

– Այնուամենայնիվ, նախագահական ընտրությունների ընթացքում ԵԿՄ ղեկավարները հանդես են եկել միայն նման հայտարարություններով, թե չեն պաշտպանելու ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ իշխանության թեկնածուին, քանի որ կազմակերպության շարքերում կան երկուսի կողմնակիցներն էլ, ու պաշտպանելու են միայն ժողովրդի ընտրությունը:

– Իրոք այդպես է՝ բոլոր կուսակցությունների կողմնակիցները կան ԵԿՄ-ում: Բայց վերջին փուլում մի թեկնածուի կողմնակից երկրապահների անօրինական գործողությունները ստիպեցին, որ մենք դադարեցնենք անդամակցությունը, քանի որ ԵԿՄ վարչության ղեկավարությունը ոչ մի միջոց չէր ձեռնարկում այդ իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ:

– Այժմ իրոք ծրագիր կա՞, որ աշնանը հրավիրվելու է արտահերթ համագումար, որի ընթացքում լուծվելու է ԵԿՄ-ում ղեկավարի փոփոխության խնդիրը:

– Նախ ասեմ, որ աշնանն արտահերթ համագումար չէ, որ հրավիրվելու է: Նախատեսված է ԵԿՄ հերթական համագումարը: Այն անցկացվում է ամեն տարի՝ հոկտեմբերին կամ նոյեմբերին:

Եվ ի՞նչ եք կարծում՝ պաշտպանության նախարարը, որն ինչպես բազմիցս հնչեցվել է՝ երկրում այն երկու պաշտոնյաներից մեկն է, որը մշտապես պետք է պատրաստ լինի պատերազմի, այս ամբողջ կառույցի ղեկավարման պատասխանատվության հետ մեկտեղ՝ կարո՞ղ է ձգտում ունենալ լինել ինչ-որ հասարակական կազմակերպության ղեկավար: Դա ինձ համար երբեւիցե ինքնանպատակ չէ: Այս բեռն էլ է ինձ համար չափազանց ծանր, ու ինչպես եւ իմ նախորդ պաշտոններում՝ ես ձգտելու եմ պատվով տանել այն: Այնպես որ՝ ես չունեմ հասարակական կազմակերպության ղեկավար լինելու նպատակ:

Բայց ինձ համար միշտ գործունեության նպատակ եւ ուղղություն է եղել ուշադիր լինելը մեր ազատամարտիկների եւ բոլոր այն հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնք ձեւավորվել են ազատագրական պայքարի ընթացքում: Նրանք պետք է գնահատված լինեն, քանի որ նրանց օրինակը մեր պետության եւ ժողովրդի համար բացառիկ արժեք է, եւ այդ օրինակներով պիտի զբաղվենք մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Նաեւ պետք է կարողանանք լուծել նրանց սոցիալական խնդիրները, որոնք մշտապես փորձում եմ ծրագրված լուծել: Ինձ համար նաեւ նպատակ է, որ այդ տղաները լինեն համախմբված, քանի որ վերջին ժամանակներս իմ ընդունելությունների, հանդիպումների ժամանակ դիմողների մեծամասնությունը ազատամարտիկներն են, երկրապահները: Ի վերջո, նրանք մեր զորահավաքային՝ մոբիլիզացիոն ռեսուրսի մի մասն են, եւ վաղը եթե անհրաժեշտություն լինի ասելու ի զեն՝ հանուն հայրենիքի, ՊՆ-ն պիտի կարողանա համալրել բանակը եւ լուծել երկրի պաշտպանության խնդիրները:

– Վերջին շրջանում բազմաթիվ լուրեր հրապարակվեցին, թե այդ հայտարարությունը Ձեզ հետ միասին ստորագրած անձինք հանդիպումներ են ունենում երկրապահների հետ ու խոստանում, թե կլուծվեն նրանց սոցիալական խնդիրները եւ այլն: Եվ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն օրերս հայտարարեց, թե իշխանություններն այժմ ամեն ինչ անում են ԵԿՄ-ի փոխարեն «վերահսկելի» եւ «ենթակա» հասարակական կազմակերպություն ունենալու նպատակով:

– Տարբեր թերթեր նույնպես հրապարակել են նման լուրեր, թե իբր երկրի նախագահն է սա կազմակերպել եւ այլն: Այդպիսի բան չկա՛:

Եղել են մի քանի հանդիպումներ: Ինձ են դիմել ԵԿՄ-ում տիրող իրավիճակով մտահոգ երկրապահներ: Ընդ որում, նաեւ տարբեր կազմակերպությունների ղեկավարներ են ինձ մոտ եկել, ասենք՝ Ազատամարտի վետերանների միությունից, «Ոգու փորձություն» կազմակերպությունից, Մահապարտների միությունից, ազատամարտիկ ապարանցիների միությունից եւ այլն:

Եվ երբ ասում եմ, թե իմ նպատակներից է, որ այդ տղաները լինեն համախմբված՝ նաեւ նկատի ունեմ, որ այդ բոլոր հասարակական կազմակերպությունները պետք է աշխատեն մի քիչ ավելի կազմակերպված ու կանոնակարգված: Հետեւողական ու ինչո՞ւ չէ՝ նաեւ որոշակի ծրագրված աշխատանքով նրանք կարող են ընդլայնել իրենց համագործակցությունը թե՛ պետական, թե՛ հասարակական կառույցների եւ տարբեր անհատների հետ: Ինչո՞ւ չէ՝ իրենց կազմակերպվածությամբ ու նաեւ բարեկիրթ ղեկավարմամբ ու գործունեությամբ նրանք կարող են ուժեղացնել իրենց ազդեցությունն ու հեղինակությունը: Եվ այդ կազմակերպություններում առկա իրավական հարցերով զբաղվող հանձնաժողովները կարող են առաջարկներ անել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, ասենք՝ պատերազմի մասնակցին որոշ արտոնություններ տրամադրելու առնչությամբ:

Նաեւ ի՞նչ եք կարծում՝ ազատագրական պայքարի հետեւանքով ստեղծված կազմակերպությունը չպիտի՞ համագործակցի պաշտպանության նախարարության հետ: Ամենալայն համագործակցության դաշտը պիտի լինի ՊՆ-ի հետ:

– Այդ հանդիպումների ժամանակ հնչե՞լ են նման մտահոգություններ, որ կալանավորված են բազմաթիվ ազատամարտիկներ, մինչդեռ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ինչպես հրապարակվել է մամուլում, «մատը մատին չի տալիս՝ տղաներին ազատելու համար»:

– Հանդիպումների ժամանակ տարբեր հարցեր են հնչել՝ գաղափարական, հայրենասիրական, սոցիալական: Ու մի քանի հոգու կողմից նաեւ այդ հարցն է հնչել: Պատասխանել ենք, որ դա իրավապահ մարմինների խնդիրն է, բայց հասարակական կազմակերպության կազմակերպված աշխատանքը հնարավորություն կտա համագործակցել իրավապահ մարմինների հետ ու տեղեկանալ՝ որքանո՞վ է նրանց պատիժը համապատասխանում մեղքի չափին:

Այդ հանդիպումների ժամանակ մարդիկ հարցնում են՝ ի՞նչ է լինելու մեր ճակատագիրը, ինչո՞ւ այսօր մեր կազմակերպությունը՝ ԵԿՄ-ն չի աշխատում, ինչո՞ւ է այն մատնված անտարբերության եւ անգործության, ինչո՞ւ կազմակերպության վերջին տարիների գործունեության ընթացքում վարչության կանոնակարգված նիստեր չեն գումարվում եւ այս տարի ոչ մի նիստ չի անցկացվել, ինչո՞ւ չկա կազմակերպության գործունեության ծրագիր:

Ինքս դեռեւս հունվարին ինձ մոտ եմ հրավիրել ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանին եւ նրան տվել Արցախի ազատամարտիկների միության աշխատանքային ծրագիրը, թե հանձնաժողովներն ինչ գործունեություն են իրականացնում՝ հաստատված ինչպիսի աշխատակարգով, նիստերի արձանագրություններով, հանձնարարականներով եւ այլն: Հիշում եմ՝ նույնիսկ մակագրել եմ պրն Կետիկյանին, թե սա կարելի է հիմք ընդունել, բայց սա դոգմա չէ՝ կարելի է զարգացնել ու մի գեղեցիկ ծրագիր ունենալ, որի համաձայն էլ աշխատել:

– Հնարավո՞ր է, որ կփորձեք համագումարում հասնել վարչության նախագահի փոփոխության, բայց Դուք չեք առաջադրվի այդ պաշտոնում:

– Իհարկե ո՛չ: Ես այդպիսի նպատակ չունեմ, եւ երբեւիցե իմ գործունեության ընթացքում որեւէ մեկի դեմ չեմ աշխատել. միշտ աշխատել եմ հանուն:

– Իսկ հնարավո՞ր է, թե մտադիր եք համախմբել Ձեր թվարկած բոլոր կազմակերպություններին եւ ստեղծել մի նոր միություն:

– Երբեւիցե նպատակ չեմ ունեցել ստեղծել մի նոր կազմակերպություն: Բայց ինչքան էլ քաղաքական առումով տարբեր տեսակետներ ունենան այդ կազմակերպություններն ու անհատները՝ նրանք պետք է միաբանված լինեն երկրի պաշտպանության, մեր հասարակությանը համախմբելու, նորմալ մթնոլորտ ստեղծելու հարցերի շուրջ:

Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031