ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքով՝ ընդդիմությունն իր առաջիկա պահվածքով պետք է պատասխանի այս հարցին:
– Հերթական անգամ որոշ վերլուծաբաններ պնդում են, որ այս աշունն արդեն իսկապես լինելու է բավականին լարված եւ թեժ, Ձեր կարծիքով՝ քաղաքական կոալիցիայի ուժերը բավարար չափով գիտակցո՞ւմ են պահի լրջությունը:
– Երկրի նոր իշխանությունը՝ ի դեմս քառակողմ կոալիցիայի եւ նախագահի, երկրի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնելու հենց առաջին օրվանից ձեռնամուխ է եղել ներքին եւ արտաքին խնդիրների լուծմանը: Իրավիճակը դժվարանում եւ սրվում է տարածաշրջանային զարգացումների պատճառով, եւ այս իրավիճակում խիստ անհրաժեշտ է քաղաքական վերնախավի (նկատի ունեմ եւ ընդդիմության, եւ իշխանական վերնախավը) ներքին կոնսոլիդացիա՝ պետականության պահպանման խնդրի շուրջ: Որովհետեւ այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, կարող է ինչպես առավելություններ հաղորդել ԼՂՀ հարցի հետ կապված, այնպես էլ շատ լուրջ մարտահրավերների առաջ կանգնեցնել երկու հայկական պետությունները: Այդ մարտահրավերներին դիմակայելու միակ նախապայմանը պետության ներսում առանցքային համաձայնությունն է, յուրատեսակ «հրադադարը» քաղաքական սուր եւ ծայրահեղական պայքարում: Սա առիթ կլինի ընդդիմությանը՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, ցույց տալ իր իրական պատկերը, եւ եթե այս լարված իրավիճակում նրանք շարունակեն պետականության կազմաքանդման գործընթացը, ապա կապացուցեն, որ ընդամենը դրսի ուժերի գործիքն են՝ երկրում ապակայունացում մտցնելու եւ իրավիճակը սրելու նպատակով: Լ. Տեր-Պետրոսյանն ունի նման վերլուծական ինտելեկտուալ ունակություններ, որպեսզի հասկանա պահի լրջությունը, եւ եթե նա, այս ամենը հասկանալով, չգնա ներքաղաքական ցնցումների, ապա կապացուցի, որ իրականում հայրենասեր ընդդիմությունը հենց ինքն է:
– Մեր թերթին տված հարցազրույցում ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հետաքրքիր ակնարկ էր արել առաջին նախագահի անկանխատեսելիության մասին, ասելով, որ Լ. Տեր-Պետրոսյանը «շարունակելու է զարմացնել մեր հասարակությանն՝ իր գործունեությամբ»: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է սա նշանակում:
– Ընդդիմության շարքերում կան բազմաթիվ մարդիկ, որոնց հանդեպ անձնական խորը հարգանք ունեմ՝ որպես հայրենասեր եւ ազնիվ մարդկանց, Արարատ Զուրաբյանն այդ մարդկանցից մեկն է: Վստահ եմ, որ այդ ճամբարում եւս կարծիքները տարաբնույթ են, երբեմն՝ իրարամերժ, գիտեմ, որ կան մարդիկ, քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ իշխանության փոփոխության պայքարը չպետք է հանգեցնի պետականության ինստիտուտը հարցականի տակ դնելուն: Այն, ինչ անում էր Տեր-Պետրոսյանը ժամանակին, եւ այն, ինչ, ըստ որոշ աղբյուրների, փորձելու է անել աշնանը: Դրան գումարվում են որոշ անուղղակի ապացույցներ, օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայանում վերջին կադրային փոփոխությունները, ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնավարումը, որը հայտնի է որպես բավականին չոր եւ կոշտ անձնավորություն եւ նրա անվան հետ են կապվում Ղրղըզստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած որոշ իրադարձություններ: Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը նույնպես դառնա աշխարհաքաղաքական սուր պայքարի ճակատ: Այս պահի դրությամբ այդ ճակատի սահմանն անցնում է Վրաստանով, բայց վտանգ կա, որ վարակը փոխանցվի նաեւ Հայաստան:
– ՀՅԴ-ն դիմել էր՝ հանրահավաք անցկացնելու մասին, բայց մերժում էր ստացել, այնուամենայնիվ, վարչական դատարանում բողոքարկելով մերժումը, Դաշնակցությունը սեպտեմբերի 2-ին, ժամը 18-ին Մատենադարանի մոտ հանրահավաք կանցկացնի: Ձեր կարծիքով՝ այս հանրահավաքը չի՞ «խարխլում» կոալիցիայի հիմքերը:
– Կոալիցիայի անդամ լինելը չի նշանակում կորցնել սեփական դիմագիծը, եւ որեւէ մեկը չի պարտադրում կոալիցիայի անդամ 4 կուսակցություններին կորցնել ինքնուրույնությունը քաղաքական դաշտում եւ հանդես գալ միաձուլված՝ որպես մեկ մարմին, առանց սեփական «ես»-ի: Ես շատ նորմալ եմ գնահատում ՀՅԴ գործունեությունը, որը բխում է այդ կուսակցության ծրագրից եւ կանոնադրությունից, բնականաբար, իրենց մոտ էլ կարող է ծագել հարց՝ ինչո՞ւ չի կարելի անել չարտոնված հանրահավաք ՀՅԴ-ին, երբ դա մի քանի անգամ արեց ընդդիմությունը: Տեղին է նաեւ, եթե դաշնակցականները մտածում են՝ ինչո՞վ ենք մենք պակաս Լեւոն Տեր-Պետրոսյանից: Կարծում եմ, այս հոգեբանական բանաձեւը մեր գործընկերներին բարոյական իրավունք տալիս է անցկացնել այդ հանրահավաքը: Կարծում եմ, ՀՅԴ-ն՝ իր գաղափարական, արժեքային համակարգով հանդերձ, նաեւ քաղաքական պրագմատիկներից եւ իրատեսներից կազմված քաղաքական ուժ է, որի գերակա խնդիրը ՀՀ պետականության պահպանումն է: Գաղափարական տարաձայնություններով հանդերձ, կոալիցիայի անդամներին, եւ ոչ միայն նրանց, միավորում են ոչ միայն կոալիցիոն հուշագրում ամրագրված խնդիրները, այլեւ մեկ գերխնդիր՝ հայոց պետականության հետագա զարգացումը: