Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում՝ պաշտպանի գրասենյակում

Օգոստոս 28,2008 00:00

Օգտվելով առիթից, որ ԼՂ-ում եմ, որոշեցի այցելել Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ ակնկալելով հարցազրույց ունենալ Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ, որը մինչ պաշտպան դառնալը եղել է ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Մինչ Մարդու իրավունքների պաշտպանը կորոշեր հանդիպել կամ չհանդիպել «Առավոտի» թղթակցին, գրասենյակում հանդիպեցի միջին տարիքի մի տղամարդու, եւ «անդրկուլիսային» խոսակցության ժամանակ խոսք գնաց նաեւ Հյուսիսային պողոտայի վերջին իրադարձությունների մասին: Հայաստանցի ներկայացած տղամարդը, պարզվեց, սեփականություն ուներ Հյուսիսային պողոտայում եւ գոհ էր մնացել իշխանությունների իրականացրած «օպերացիայից», քանի որ, ըստ նրա, վերականգնվել է սեփականատերերի իրավունքը, որն իբր խախտում են նստացույցի մասնակիցները: Երբ հակառակ կարծիք հայտնեցինք՝ ղարաբաղյան բարբառով խոսող «երեւանցին» միանգամից արձագանքեց. «Ուզածդ հի՞նչ ա, հիմա օզում ես քեզ լավ ծեծեմ, ստեղից վռնդե՞մ, հանկարծ չկասկածես՝ հաստատ անող եմ»: Ասացի, որ մազաչափ անգամ չեմ կասկածում, որ նման բան կանի, պատասխանեց. «Ըտենց էլ իմացի ու սուս կաց»: Այս խոսակցությունը տեւեց շարունակվեվ մոտ 15-20 րոպե, որին ոչ մի կերպ չարձագանքեց Մարդու իրավունքների պաշտպանը, որը հարեւան սենյակում հանգիստ նստած էր:

Չգիտես ինչու, պաշտպանի՝ ինձ հետ հանդիպելու «միջնորդությունն» իր վրա վերցրեց այդ անծանոթը: Քարտուղարուհու հետ մտավ պաշտպանի մոտ, ապա դուրս գալով՝ քարտուղարուհուն հորդորեց հայտնել Պաշտպանի միջնորդավորված խոսքը: Քարտուղարուհին շփոթված պատասխանեց, թե Մարդու իրավունքների պաշտպանը խիստ զբաղված է եւ նույնիսկ մեկ րոպե ազատ ժամանակ չունի «Առավոտին» հատկացնելու համար:

Եթե իրեն Մարդու իրավունքների պաշտպան համարող անձը ԶԼՄ ներկայացուցչի հետ է նման կերպ իրեն պահում, ապա կարող ենք ենթադրել, թե ինչպես կդրսեւորի հասարակ քաղաքացիների հետ: Եվ, ընդհանրապես, Ստեփանակերտում ոչ ոք չէր ճանաչում Յուրի Հայրապետյանին, անգամ չգիտեին էլ, որ Ղարաբաղում Մարդու իրավունքների պաշտպան կա: Վերջինիս գտել ենք միայն իր զբաղեցրած տարածքով, որը նախկինում շտաբի շենք է եղել եւ բոլորը գիտեին այդ շենքի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել