Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Օգոստոս 28,2008 00:00

\"\"«Այն մասին, որ Սիլվա Կապուտիկյան ը դպրոցն ավարտելուց հետո դիմել է կոնսերվատորիա եւ մերժվել՝ գիտեին շատ քչերը: Նա մանուկ հասակում երգել է եւ հատկապես տարված եղել հայկական ժողովրդական երգով: Այսինքն՝ ի սկզբանե կապված է եղել երաժշտությանը»,- ասաց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանը: Երեկ Ազգային գրադարանի «Վերնատուն» սրահը հյուրընկալել էր բանաստեղծուհու ընկերներին, կոլեգաներին, հարազատներին եւ նրա ստեղծագործությունները գնահատողներին: Ցերեկույթի ընթացքում բացվեց «Սիլվա Կապուտիկյանը երաժշտության մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ինչպես նշեց Ազգային գրադարանի նոտային երաժշտական գրականության բաժնի վարիչ Մարինա Սեմյոնովան. «Երկու տարի առաջ Սիլվա Կապուտիկյանը՝ հեռանալով կյանքից, թողել է մեծ ժառանգություն ոչ միայն հայ գրականությանը, այլեւ՝ երաժշտությանը: Զարմանալի չէր, որ բազմաթիվ տաղանդավոր կոմպոզիտորներ չեն կարողացել նրա բանաստեղծական տողերի կողքով անտարբեր անցնել»: Ցերեկույթի ընթացքում հնչեցին ելույթներ, բանաստեղծուհու խոսքերով գրված երաժշտություն, ցուցահանդեսն էլ «ներկայացավ» բանաստեղծուհու եւ կոմպոզիտորների համատեղ երաժշտական գործերով, լույս տեսած գրքույկներով:

«Ցուցահանդեսը բաժանել ենք մի քանի բաժինների, մի մասը նվիրել ենք Վլադիլեն Բալյանի եւ Խաչատուր Ավետիսյանի՝ Կապուտիկյանի խոսքերով ստեղծված գործերին, մյուսը՝ մանկական երգերին. Կապուտիկյանը մեծ տեղ է տվել նաեւ մանուկներին: Մի քանի ցուցափեղկում էլ կենտրոնացել ենք «Շիրակ» երգարանի լույսընծայումներին, որտեղ Ս. Կապուտիկյանի խոսքերով գրված երգերն առանձնահատուկ տեղ են գրավել, ինչպես նաեւ ցուցադրված են առանձին կոմպոզիտորների հետ ունեցած նրա համագործակցությունները»,- հավելեց տիկին Սեմյոնովան: Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանն ասաց. «Ես երջանիկ հնարավորություն եմ ունեցել շուրջ 40 տարի ստեղծագործական եւ ջերմ ընկերական հարաբերությունների մեջ լինել Սիլվայի հետ»: Ռ. Հաջյանն էլ ասաց. «Ես համոզված էի, որ օրերից մի օր նրա երաժշտական ստեղծագործությունները ցուցահանդեսի կերպով կամ այլ միջոցներով կհանձնվեր հայ հասարակության դատին: Ես դա հասկացա այն օրը, երբ լսեցի, թե ուշ երեկոյան իր տան պատշգամբում տիկին Սիլվան ինչպես էր քթի տակ ինչ-որ երգ շշնջում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել