Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայՌուսգազարդի» հերթական զոհը

Օգոստոս 28,2008 00:00

Ինչ է պահանջվում գազի հսկիչից

Հրատարակիչ, դասախոս Ալինա Մարգարյանը 2005թ. նոյեմբերի 1-ին թիվ 628 հրամանով ընդունվել էր աշխատանքի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երեւանի գազիֆիկացման եւ գազամատակարարման Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղում՝ որպես գազի առաքման, իրացման եւ չափագիտության տեղամասի հսկիչ: Ընտանիքի միակ աշխատողը այսօր զրկվել է աշխատանքից: Նրա խնամքի տակ են այս պահին գտնվում թոշակառու հայրը, եղբայրը, որը Արցախյան պատերազմի մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ եւ 2 անչափահաս երեխա:

Նախկին լրագրողը հսկիչ աշխատելու ժամանակ բարեխղճորեն է կատարել իր աշխատանքը, այցելել բնակարաններ, ստուգել հաշվիչի ցուցմունքը, ժամանակին կատարել վճարումները: «Երբեք «ՀայՌուսգազարդի» անունը չեմ արատավորել, ինչպես որոշ աշխատողներ: Իմ մոտեցումով եւ վերաբերմունքով վայելել եմ բաժանորդների սերն ու հարգանքը»,- ասում է այլեւս նախկին դարձած հսկիչը:

2007թ. դեկտեմբերի 12-ին 5034/2 հրամանով Ալինա Մարգարյանի պայմանագիրը «ՀայՌուսգազարդը» լուծարում է՝ վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը (աշխատանքից հեռացման մասին), եւ դա գրանցվել է Ա.Մարգարյանի աշխատանքային գրքույկում:

ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի այս տարվա ապրիլի 28-ի պաշտոնական Ե-273 գրությամբ հայտնվում է, որ Ալինա Մարգարյանի եւ ընկերության միջեւ 2006 թ. հոկտեմբերի 1-ին կնքված 5034 աշխատանքային պայմանագրի լուծումը կատարվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթների խախտմամբ: Տեսչությունը գտել էր, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով աշխատանքային պայմանագրի լուծման հիմք հանդիսացող վերջին մեկ տարվա ընթացքում կիրառված կարգապահական տույժերի սահմանված կարգը, աշխատողի իրավունքների եւ հնարավորությունների հավասարության սկզբունքը, աշխատանքային գրքույկում կատարած գրառումը կատարվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90-րդ հոդվածի պահանջների խախտմամբ: Այսինքն՝ աշխատանքային գրքույկում հեռացման մասին գրելը նույնն է, ինչ մեղադրական դավավճիռը՝ քաղաքացու անձնագրում: Տեսչությունը դրանով չբավարարվեց։ Նա դիմեց «ՀայՌուսգազարդին»՝ հանձնարարականով, որպեսզի ընկերությունը վերանայի Ա. Մարգարյանի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը, վիճարկվող հրամանն ու ժամկետ տվեց մինչեւ այս տարվա մայիսի 15-ը: Առայսօր ոչինչ չի ձեռնարկվել, եւ Աշխատանքի պետական տեսչությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ «ՀայՌուսգազարդի»:

Դատարան են ներկայացվել բազմաթիվ փաստաթղթեր: Օրինակ, հսկիչների կողմից բաժանորդների գումարների հանձնման մասին տեղեկանքը (լուսանկարում): Կան հսկիչներ, որոնց ցուցանիշը 48,1%, 38,5%, 40,6% է, բայց նրանք դեռ աշխատում են։ Աշխատանքից ազատման պահին գույքագրման հանձնաժողովը 27.11.2007 թ. հանձնման-ընդունման ակտով արձանագրել է. «Ա. Մարգարյանը հանձնում է Ն. Հասրաթյանին 409 հատ պայմանագիր: Գույքագրվել են 409 բաժանորդի կենցաղային հաշվիչների ցուցմունքները։ Ա. Մարգարյանը բնակիչների հետ պարտք ու պահանջ չունի»: Ուրիշ էլ ի՞նչ են պահանջում հսկիչից։ Գուցե պետք է հսկիչ, որ գումա՞ր է պտտեցնում…

Հաշվեհարդարի պատճառը եղել է այն, որ մասնաճյուղի պետը «վերեւներից» նկատողություն է ստացել: Նկատողությունը «տեղայնացրել» է աշխատողներից մի քանիսի վրա՝ նրանց հեռացնելով աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել