Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Օգոստոս 28,2008 00:00

ՆՎԵՐ՝ ՄԵՆԱՄԱՐՏԻՑ ԱՌԱՋ

Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WIBF-ի եւ WBA-ի վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն, 20-ամյա Սյուզի Կենտիկյանը, որին ռինգում տվել են «Մարդասպան թագուհի» մականունը, օգոստոսի 29-ին իր չեմպիոնական գոտիներն է պաշտպանելու Իսրայելի ներկայացուցիչ Հագար Ֆիների հետ մենամարտում:

Սյուզին ծնվել է Երեւանում եւ հինգ տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա՝ 1996 թվականից բնակություն հաստատելով Համբուրգում: Նա հենց այստեղ էլ առաջին քայլերն է արել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Առայժմ Սյուզին անցկացրել է 21 մենամարտ եւ բոլորն էլ գրանցել իր օգտին, ընդ որում, 18-ը՝ նոկաուտով:

Օրերս Գերմանիայի լրատվամիջոցները տեղեկացրին, որ Սյուզի Կենտիկյանին այդ երկրի քաղաքացիություն է շնորհվել: Այդ առիթով նա ասել է. «Ես երջանիկ եմ Գերմանիայի քաղաքացիություն ստանալու եւ պաշտոնապես Համբուրգի բնակիչ համարվելու համար, ինչին երկար եմ սպասել: Ուրախ եմ, որ այդ օրը վերջապես եկավ»:

ՀՍԿԱՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏ

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի մարզական առօրյան 2008 թվականին նույնպես խիստ հագեցած է: Մասնավորապես, նա մոտ օրերս Բիլբաոյում (Իսպանիա) մասնակցելու է շախմատային «Մեծ սաղավարտի» միջազգային ներկայացուցչական մրցաշարին: «Grand Slam Tournament» անվանումը կրող այդ մրցաշարում հանդես են գալու աշխարհի եւս հինգ առաջատար գրոսմայստերներ՝ գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա) եւ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան):

ԿՊԱՀՊԱՆԵ՞Ն ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԹԱԳԸ

Շախմատի համաշխարհային հերթական օլիմպիադան այս տարի անցկացվելու է Դրեզդենում, որտեղ գործող չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը պետք է պաշտպանի կոչումը: Համաշխարհային օլիմպիադայի ինտերնետային կայքը հրապարակել է տղամարդկանց մրցաշարի 11 եւ կանանց մրցաշարի 8 հավաքականների կազմերը: Մեր հանրապետության շախմատային դրոշի պատիվը պաշտպանելու են.

Տղամարդիկ. Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արտաշես Մինասյան, Տիգրան Պետրոսյան:

Աղջիկներ. Լիլիթ Մկրտչյան, Նելլի Աղինյան, Սիրանուշ Անդրիասյան, Լիլիթ Գալոյան:

Էլինա Դանիելյանը վերջերս է ամուսնացել, եւ նրա բացակայությունը միանգամայն հարգելի է:

ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ

Նյու Յորքում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» այս մրցաշրջանի վերջին մրցաշարը՝ «US Open»-ը, որի մրցանակային ֆոնդը կազմում է $20 մլն 653 հազար:

Ավանդույթի համաձայն, ԱՄՆ-ի բաց առաջնությունում հանդես են գալիս աշխարհի ուժեղագույն պրոֆեսիոնալ թենիսիստները: Նրանց մեջ է նաեւ արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որը մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի հրապարակած վարկանիշային դասակարգման վերջին ցուցակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Նալբանդյանն առաջին շրջանում 6/1, 6/2, 6/4 հաշվով պարտության է մատնել բրազիլացի Մարկոշ Դանիելին: Երկրորդ փուլում Նալբանդյանի մրցակիցը ղազախստանցի Անդրեյ Գոլուբեւն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել